ԵՏՄ երկրների շուկաներում Արցախը կգրավի իր փոքր, բայց ուրույն տեղը

Քաշաթաղի շրջանն ունի ռազմավարական կարևոր նշանակությունը, այն հայկական երկու պետությունները մինյանց կապող կամուրջ է: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հաճախ է տարբեր առիթներով շեշտում այն միտքը, թե առանց Քաշաթաղի հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղի անկախ պետության գոյատևումը: Քաշաթաղի զարգացումը համահայկական կարեւորության ռազմավարական խնդիր է: Հետևաբար, այս շրջանը առավել քան պետք է գտնվի պետությանի ուշադրության կենտրոնում:

Քաշաթաղի ու քաշաթաղցու մասին է մեր զրույցը շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ ԱՐՏՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ

Մեր ժողովրդն ունի իր հողն ամուր պահելու, շենացնելու հստակ գիտակցում, բայց սա միայն բավարար չէ, որովհետև գյուղը շեն պահելու համար պետական աջակցություն է հակավոր: ԼՂՀ իշխանության կողմից ի՞նչ է արվում մեր հայրենիքի այս կարևոր հատվածը ամրացնելու համար:

-Ես չեմ սիրում երկրի ղեկավարության հասցեին գեղեցիկ խոսքեր ասել, կարող է ճիշտ չընկալվել, բայց եթե տարեկան մի քանի անգամ Հանրապետության նախագահն շրջան է այցելում, իսկ ամեն ամիս էլ վարչապետն է լինում համայնքներում, հանդիպում, զրուցում գյուղացիների, համայնքի ղեկավարնրի հետ, սա փաստում է այն մասին, որ շրջանը գտնվում է պետական ուշադրության ներքո: Հայտնի է՝ Քաշաթաղը՝ Արցախը Հայաստանին կապող օղակ է, այն 200-ամյա սրբապղծումից ազատագրված մեր հողն է ու մենք պարտավոր ենք անել հնարավորը մեր հողը շենացնելու համար: Այդ հողի ամեն մի թիզը ներծծված է մեր հերոսների արյամբ ու մենք իրավունք չունենք արյունով հետ բերածը անմշակ թողնելու:

-Հողն ամուր պահողը այնտեղ ապրող բնակիչն է. այսօր որքա՞ն է կազմում շրջանի բնակչության թիվը:

– Բնակչության թվաքանակը տարեցտարի աճում է, այն այսօր 11 000-ից ավելի է: Վերջին 4 տարիներիընփթացքում 400-ով ավելացել է մեր դպրոցահասակ աշակերտների թիվը: Միայն 2012-ին 50 ընտանիքներ վերաբնակեցվեցին շրջանում:

-Հայ մարդը որքան էլ հայրենասիրական մղումներով դրդված ցանկություն ունենա ապրելու Քաշաթաղում, սակայն սրան զուգահեռ նա պետք է ապահովված լինի անհրաժեշտ կենցաղային պայմաններով, իսկ դա նշանակումն է՝ բնակարանային նորմալ պայմաններ, հիվանադանոցների, հարմարավետ դպրոցների առկայություն:

-Իհարկե, այդ ամենը շատ կարևոր են: Շրջանում, իրոք, կա բնակարանային խնդիր, ներկայումս չունենք ազատ բնակարաններ, որպեսզի կարողանանք վերաբնակեցման ցանկություն ունեցողներին ընդունել: Իսկ ցանկացողները քիչ չեն: Բացի այդ, նախկինում վերբնակեցված քաղաքացիները ևս իրենց բնակարաններն ընդլայնելու խնդիր ունեն: 2009-ին Հանրապետության կառավարությունը որոշեց հետևյալ կերպ լուծել բնակարանաշինության հարցը. բնակչին տալ անվճար շինանյութ, որպեսզի վերջինս սեփական ուժերով վերանորոգի իր բնակարանը: Այս ծրագրի ծավալները տերեց-տարի մեծանում են ու այն, իրոք, տալիս է իր արդյունքը: Ինչ վերաբերում է դպրոցաշինությանը, ապա շրջանի 53 դպրոցներից ոչ բոլորն են, որ ունեն լավ պայմաններ: Բայց մեզ ոգևորում է այն, որ կա գործընթաց՝ վերանորոգվում են եղած դպրոցները, նաև կառուցվում նորերը:

-Պետական միջոցներո՞վ:

-Ե՜վ պետական, և՜ բարեգործների ջանքերով: Աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ մեր պետությունն անկարող է բոլոր հոգսերն իր ուսերին կրել: Դրա համար յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք մեր լուման ներդնել Արցախի շրջանների վերաբնակեցման, վերակառուցման գործում: Իսկ մասնավորաբար, Քաշաթաղի շրջանի լիարժեք վերաբնակեցման, զարգացման համար մենք պետք է համախմբենք մեր ներուժը: Աշխարհասփյուռ հայությունը պետք է ջանք չխնայի, ազգովի պիտի մեր մասնակցությունն ունենանք այս գործում, այնպես, ինչպես ոտքի ելանք հանուն Արցախի ազատագրման, նույնկերպ և պետք է ոտքի ելնենք հանուն Արցախի զարգացման: Ու ինձ ուրախացնում է, որ մեր կողքին կանգնած են սփյուռքի մեր հայրենակիցները: Մասնավորաբար, ամերիկահայ Նելլի և Ստեփան Ղազարյան ամուսիները կազմակեպեցին դրամահավաք ու ամբողջ հասույթն ուղղեցին շրջանի Լեռնահովիտ գյուղի դպրոցի կառուցմանը: Դեռ չի ավարտվել Կումայրիի դպրոցի կառուցումը, իսկ օրեր առաջ նշվեց Արտաշավի դպրոցի նորամուտը: Վստահ եմ, եթե նման տեմպերով առաջ գնանք, ապա ևս մի քանի տարի ու մեր աշակերտները, մանկավարժները կսովորեն, կաշխատեն դպրոցական բարեկեցիկ պայմաններում:

Քաշաթաղը գյուղատնտեսական շրջան է, հարավային մասում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, հյուսիսայինում՝ անասնապահությամբ: Ու չնայած շրջանն ունի անասնաբուծության, մեղվաբուծության զարգացման հսկայական ներուժ, սակայն կա դժգոհություն, թե այն չի խթանվում պետության կողմից, չկա անհրաժեշտ աջակցությունը: Տեղի՞ն են նման քննադատությունները:

-Ոչ, քանի որ աշխատանքն ակնհայտ է: Իսկ թե ինչ է արվել, ներկայացնեմ ոչ թե պերաճախոս բառերով, այլ՝ թվերով. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է ավելի քան 2 անգամ, իսկ 3 անգամ մանր եղջերավորներինը, 2,5 անգամ խոզերի գլխաքանակը: Սա նշանակում է, որ իրականացվող քաղաքականությունը արդյունք է տալիս: Սրան նպաստում է նաև անասնապահության ոլորտի վարկավորումը, տրվում են մինչև 1,5 մլն դրամ, 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր: Իրականում այդ վարկերիր տոկոսադրույքը 18-20 տոկոս է, բայց պետությունը սուբսիդավորում է այդ տարբերությունը: Սա գյուղացու համար ձեռնտու տարբերակ է: Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում իր ակտիվ գործունեությունն է իրականացնում լիբանանյան Artsakh Roots Investment՝ «ԱՐԻ» ընկերությունը, որն էլ տրամադրում է վարկային միջոցներ:

Ինչ վերաբերում է մեղվաբուծությանը, իրոք, այն Արցախում, և հատկապես, Քաշաթաղի շրջանում շատ զարգացած է, կան լավագույն պայմաններ բարձրորակ, էկոլոգիապես ամենամաքուր մեղրը ստանալու համար: Մեր այսօրվա խնդիրն է մեղվաբույծներին արտոնյալ վարկեր տրամադրելով մեծացնել մեղրի արտադրության ծավալները: Դրան էր նվիրված վերջերս նախագահ Բակո Սահակյանի մոտ անցկացված քննարկումը:

Հայաստանի ԵՏՄ անդամակցմամբ մեր առաջ բացվում է հսկայական շուկա և Արցախի էկոլոգիապես մաքուր սնունդը չի կարող չունենալ իր պահանջարկը այդ շուկայում: Հետևաբար, հարկավոր է ճիշտ աշխատել ու արդյունավետորեն օգտվել ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանի միջոցով դուրս գալ ԵՏՄ շուկա ու գրավել թեկուզ փոքր, բայց ուրույն տեղը:

Արցախն իր զարգացման ուղղությունը հռչակել է գյուղատնտեսությունը: Այս քաղաքականության հիմնական նպատակն է գյուղմթերքների արտադրանքի ծավալների մեծացումը, ինչը կատարվում է և՞ իհաշիվ ինտեսիվ գյուղատնտեսության անցման, և՞ մշակվող տարածքների ընդլայնման: Ինչ վերաբերում է նոր տնտեսական իրողությանը՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցմանը, ապա այն ոչ միայն հետաքրքրել, այլև ոգևորել է արցախցի գործարարներին, ֆերմերներին, քանի որ Արցախը, իրոք, կարող է տարբեր գյուղմթերքներով ներկայանալ այդ հսկայական շուկա:

-Արցախի բրենդը ո՞րն է:

-Թերևս՝ թթի օղին:

-Միայն թթի օղին քիչ չէ՞, ուրիշ ի՞նչ բնամթերքով կարող է Արցախը զարմացնել ռուսին, բելոռուսին ու ղազախին:

-Մեր միրգ-բանջարեղենի յուրահատուկ համ ու հոտով, ինչը մեզ տալիս է մեր երկրի արևն ու ջուրը: Արցախի նուռը, ծիրանը, դեղձը, ընկույզը, սնդրիկը, բոխին, ուրիշ տեղ չես կարող նման համ ու հոտով բարիքներ գտնել: Եվ վերջապես, Արցախը կարող է ներկայանալ իր տարբեր պահածոներով, մուրաբաներով, որոնք արդեն իսկ հայտնի են աշխարհի որոշ շուկաներում, այդ թվում և ռուսական: Ի դեպ, տեղեկացնեմ, որ այսօր Արցախում աճեցվում է մի բացառիկ բույս, այն կոչվում է մեղվախոտ: Սա ինսուլինի բնական փոխարինողն է համարվում: Այնպես, որ և՜ զարմացնելու, և՜ այդ մեծ շուկայում մեր տեղը գրավելու մեծ հնարավորություն ունենք:

Մինչ դրսի-ներսի քաղաքական շրջանակները, լրատվամիջոցները շարունակում են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցման ֆոնին տաք պահել ԼՂՀ սահմանին մաքսակետ լինել-չլինելու հարցը, ինչպե՞ս է այս քաղաքական շահարկումներին վերաբերվում արցախցին:

-Արցախցին ժպտում է ու շարունակում զբաղվել իր երկիրը ամրացնող ստեղծագործ աշխատանքով: Բացառում եմ Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետ հայտնվելը, Արցախի արտադրանքը ինչպես այսօր, նաև վաղը ու մշտապես դեպի աշխարհի շուկաներ դուրս կգա մայր հայրենիքի՝ Հայաստանի միջոցով և ոչ ոք մեզ այդ հարցում խանգարել չի կարող: Արցախցին լավ գիտի, որ աշխարհն այսօր առաջնորդվում է եռակի, քառակի չափանիշներով, բայց դրանք նրան չեն վախեցնում, որովհետև արցախցին հավատում է, որ իշխանությունները՝ թե՜ Հայաստանում, թե՜ Արցախում երբեք չեն կարող անել այնպիսի քայլեր, որոնք անգամ փոքր-ինչ կրող են վնասել մեր երկրի անկախությունը: Ու թող բոլորը իմանան՝ արցախցին է իր հողի տերը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

armarlur.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *