Երազանքի հետևից դեպի մանկություն

Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից: Եվ որքան գունեղ ու սիրուն է այդ մանկությունը, նույնքան գունեղ ու սիրուն ենք ձգտում դարձնել մեր կյանքն ու աշխարհը: Իսկ մանկության գույների համար պատասխանատու են մեծերը:
Հենց այդպիսի պատասխանատվության զգացումով էլ Աննա Արուտչյանը,գնալով իր մանկության երազանքի հետևից, տարիներ առաջհիմնեց «Ստարլեթ» մանկական ուսումնական կենտրոնը: Հարազատները թերևս չէին էլ պատկերացնում, որ մանկության տարիներին «դպրոց-դպրոց» խաղացող և տնօրենի դերը նախընտրող փոքրիկ աղջիկը մի օր ունենալու է իր սեփական կրթօջախը՝ չերկնչելով խոչընդոտներից և տարիների հետ ավելի մեծ թևեր տալով մանկության երազանքին:
Հիմնադրման առաջին տարիներին պատահել է՝ հուսահատվել է: Անգամ որոշել է ամեն ինչ թողնել և ընդունել այլ աշխատանքի բավական շահեկան առաջարկը: Սակայն փոքրիկների սիրով ու սպասումով լի հայացքները արագ հետ են մղել նման մտքերը: Անգամ ընտանիքը, երեխաների հոգսը, սկզբնական շրջանում նաև ամուսնու դժգոհությունը, թե՝ աշխատանքը գերադասում է ընտանիքից, երազանքի փեշը բաց թողնելու պատճառ չդարձան: Շրջապատը շատ արագհամակերպվեց Աննայի ընտրության հետ:
«Հետո ամուսինս հասկացավ, որ այս աշխատանքն ինձ համար կարևոր է օդ ու ջրի պես:Ինքս էլ ավելի հմտացա և կարողացա օրս այնպես կազմակերպել, որ ոչ մեկը չտուժի»,- պատմում էԱննա Արուտչյանը:
«Ստարլեթի» սան են եղել նաև Աննայի՝ այսօր արդեն պատանեկան տարիքի որդիները: «Բայց դա նրանց որևէ արտոնություն չի տվել: Ավելին, երբեմն բողոքել են, թե մյուսներին իրենցից շատ եմ սիրում: Պարզապես իմ երեխաների հանդեպ մի փոքր ավելի խիստ եմ եղել: Դա իմ սկզբունքն է, և կարծում եմ՝ աշխատանքում այլ կերպ չի կարելի»:
Հեշտ չէ աշխատել 3-6 տարեկան երեխաների հետ: Նրանց տարիքին համապատասխան ծրագրեր մշակելուց զատ երբեմն պետք է կարողանաս նրանց նման մտածել, որպեսզի հասկանաս՝ ինչ են ուզում նրանք, ինչով են հետաքրքրվում, ինչպես կազմակերպել պարապմունքները, որ ոչ միայն չձանձրանան, այլև ուսանելի և օգտակար լինի այն ժամանակը, որ «Ստարլեթում» են անցկացնում: Փոքրիկ էքսկուրսիաներ, այցելություններ գրադարաններ, ցուցահանդեսներ ու թատրոններ… Եվ էլի բազում գաղտնիքներ, որոնց շնորհիվ այս ուսունական կենտրոն հաճախած երեխաները հետագայում ընդմիշտ կապված են մնում «Ստարլեթի» հետ, հետո էլ սիրով վերադառնում կարոտն առնելու:
«Հաճախ է պատահում, որ նոր ընդունված բալիկները լաց լինելով են մտնում Կենտրոն,- պատմում է տիկին Աննան,- սակայն ավելի շատերը լաց են լինումպարապմունքների ավարտից հետո՝ չուզենալով հեռանալ:Երբեմն էլ ծնողները սպառնում են երեխաներին. «Եթե քեզ խելոք չպահես, այլևս «Ստարլեթ» չես գնա»: Իսկ դա ամենավատ պատիժը կարող է լինել նրանց համար: Այս 2-3 տարվա ընթացքում այստեղ ապրած հույզերը, կարծում եմ, մեր շրջանավարտները երկար են հիշում, հաճախ էլ ասում են՝ որ մեծանան,ինձ նման տնօրեն են դառնալու: Դա իմ աշխատանքի լավագույն գնահատականն եմ համարում և ամենաառատ վարձատրությունը»:
Դպրոց ճանապարհելուց հետո էլ Աննա Արուտչյանը պահպանում է կապը իր սաների հետ, հետևում նրանց հաջողություններին, ուրախանում դրանցով: Եվ մի հետաքրքիր միտք ունի. մեկտեղ հավաքել «Ստարլեթի» շնորհալի սաներին, որոնք հետագայում տարբեր մրցույթների են մասնակցել և մրցանակների արժանացել, և մի գեղեցիկ շոու-ծրագիր ներկայացնել: Վստահ է՝ հանդիսատեսի պակաս չեն ունենա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *