Երեւանը պատրաստվում է հոբելյանական Ամանորին

Դեկտեմբերի առաջին իսկ օրերից մայրաքաղաքում սկսվեցին քաղաքին տոնական տեսք հաղորդելու աշխատանքները։ Առաջինը սկսեցին տնտեսավարող կազմակերպությունները։ Տարվա ավանդական դարձած գլխավոր տոնը յուրաքանչյուրի համար կարեւոր է։ Ամեն մեկը ցանկանում եւ ձգտում է պատշաճորեն դիմավորել եկող տարին՝ ներքին ձայնով համոզված, որ ինչպես դիմավորեցիր տարեմուտը, այնպես էլ կլինի ամբողջ տարին։ Իհարկե, դա ոչ մեկի կամքով սահմանված չէ, պարզապես, շատ կարեւորելով այս տոնը, ցանկանում ենք նրա հետ ինչ—որ սպասելիքներ կապել, հաջողության ճանապարհներ տեսնել։ Թող այդպես լինի, ի՞նչ վատ բան է երազելը, ինչ—որ երեւույթի հետ հույսեր կապելը։ Օրինակ, եկողը աքլորի տարին է, ինչո՞ւ չհուսանք, որ այդ հպարտ ու արթուն թռչունն իր հետ բերելու է ազգային արժանապատվության գիտակցումի աճ, զգոնություն մեր ժողովրդին իր առջեւ կանգնած մարտահրավերներին դիմակայելու գործում, զիլ ու հնչեղ ձայնով ավետելու է մեզ շատ ցանկալի խաղաղության լուրը…
Թեեւ դեռ բավականաչափ ժամանակ կա մինչեւ այն օրը, երբ պաշտոնապես կվառվեն մայրաքաղաքի Ամանորի ձեւավորումների լույսերը, արդեն նկատելի է գործընթացի աշխուժացում։ Առեւտրի օբյեկտներում ձեւավորվել են, ձեւավորվում են սրահները, տոնածառեր են տեղադրվում։ Ձեւավորվում են նաեւ արտաքնապես։ Հաճախ կարելի է հանդիպել ամբողջությամբ լույսերի մեջ կորած օբյեկտների։ Զուգահեռաբար զարդարվում են քաղաքի փողոցները, այգիները։ Հավաքման վերջնական փուլում է երկրի գլխավոր՝ Հանրապետության հրապարակում տեղադրվող մեծ տոնածառը։ Փողոցներում տեղադրվում են կախովի լուսային ձեւավորումները, ծառերի բները զարդարվում են դիոդային լուսադրասանգներով։ Շատրվաններին փոխարինելու են գալիս դրանց տեղում տեղադրվող լուսադիոդային ձեւավորումները, որոնք ջրաշիթեր են հիշեցնում։ Առավել հետաքրքիր տեսք է ստացել Հյուսիսային պողոտան։ Այստեղ տեղադրվել են գեղարվեստական ձեւավորմամբ տասնյակ փոքրիկ կրպակներ, որոնցում երեւանցիներն ու նրա հյուրերն այսօրվանից կարող են ձեռք բերել տարատեսակ նվերներ, ինչպես նաեւ օգտվել դրանց առաջարկած սննդի ծառայությունից։ Ասել է թե՝ ձեւավորվել է յուրօրինակ տոնավաճառ, որին առավել բնորոշ հատկանիշը կրպակների ինքնատիպ եւ հաճելի ձեւավորումն է, որը հիշեցնում է հեքիաթների բազմագույն աշխարհը։ Տարածքում տեղադրվել են նաեւ մի քանի բիոզուգարաններ։
Այս պողոտայում լույսի պակաս չկա, իսկ Ամանորի օրերին այն ավելի շատ կլինի։ Դրան մաս են կազմելու նաեւ ստորգետնյա առեւտրի կենտրոնի մուտքերի կամարաձեւ ծածկերի լուսային ձեւավորումները։ Այսպիսի տոնավաճառ կազմակերպված էր նաեւ անցյալ Ամանորին։
Նկատելի է, որ շատանում է փողոցների լուսավորությունը։ Փոխվում են լուսատուները, նորերով փոխարինվում շարքից ելածները։ Հնարավոր չէ չնկատել նաեւ քաղաքի դիմագիծը ներկայացնող շենքերի ճակատների արտաքին լուսավորման բարելավումը։ Իհարկե, դեռ վաղ է վերջնական գնահատական տալ Երեւանի Ամանորի զարդարանքին, քանի որ այն շարունակվելու է մինչեւ ամսի 20—ը ներառյալ, սակայն այսօր էլ կարելի է որոշակի պատկերացում ունենալ այն արդյունքի մասին, որը տեսնելու ենք օրեր անց։ Անկախ Հայաստանի հոբելյանական 25—րդ Ամանորը խոստանում է Երեւանի փողոցներում շատ տոնական լինել։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *