ԿԱՐԵՎՈՐ
Search
Ruben-Jrbashyan

Երկրի ռազմավարական նշանակության քաղցրահամ ջրի պաշարների նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերվում

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արկադի Կարախանյանի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի բաժնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հետ:

Ռուբեն Ջրբաշյան– Ջրային պաշարների հարցն աշխարհում լրջագույն խնդիրներից առաջնայինն է, ավելի առաջնային, քան ցանկացած այլ բնական հարստության, իսկ քսանմեկերորդ դարում այն առավել խնդրահարույց դաձավ: Ջուրը լուրջ սոցիալական, ռազմավարական նշանակություն ունի, խմելու ջրի սակավությունը կարող է դառնալ ժողովուրդների զանգվածային տեղաշարժերի, ինչու չէ, նաև հնարավոր պատերազմների դրդապատճառներից մեկը: Աշխարհում կան ջրի հարցն ուսումնասիրող վերլուծական կենտրոններ, որոնք լրջորեն զբաղվում են ջրային պաշարների քանակի և մարդկության թվի փոխկապակցվածության, հարաբերությունների և հեռանկարների ուսումնասիրությամբ:

Օրինակ, ԱՄՆ նախագահին կից ստեղծված է հենց «Ջուր» կոչվող հատուկ հանձնախումբ, որն արդեն ներկայացրել է իր կանխատեսումները: Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում ևս կա նման հետազոտական կենտրոն: Շատ ցավալի պատկեր է ստացվում, ակնկալվում է, որ քսանմեկերորդ դարի կեսերին խմելու ջրի արժեքը կգերազանցի նավթինը ու գազինը: Էներգակիրների հանդեպ այսօրվա մոտեցումները կգործեն ջրի համար: Հասկանալի է, որ նրանք մեզնից ավելի շատ ինֆորմացիա հավաքելու հնարավորությունն ունեն, և ահա, կարծիքներ են արտահայտվել, որ չի բացառվում, որ Լիբիայում պատերազմն սկսվել էր ոչ թե միայն նավթի, այլ նաև ջրի պատճառով: Մեր երկրում ունենք ռազմավարական կարևորության քաղցրահամ ջրի պաշարներ, որոնց հանդեպ համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում: Մենք փորձում ենք ահազանգել, կառավարական շրջանակների ուշադրությունը հրավիրել թույլ տրվող սխալների վրա, որովհետև ջրային պաշարները երկրի ապագայի հարցն է: Ջուրը նույնպես օգտակար հանածո է, սակայն շատ յուրատիպ հանածո: Ի տարբերություն պղնձի, մոլիբդենի, ոսկու և ուրիշ պինդ օգտակար հանածոների կուտակումների, որոնք գտնվում և պահպանվում են առաջացման վայրում, ջուրն ունի տեղաշարժվելու հատկություն և նրա շարժման ընթացքը կանխատեսելն ու կառավարելը շատ դժվար է: Դա մեկ տարվա գործ չի, այն բավականին լուրջ խնդիր է և պահանջում է ժամանակ ու հետևողական հետազոտական աշխատանքների իրականացում:

Ակնհայտորեն` կառավարական մակարդակով ջրի հետ առնչվող հարցերի հանդեպ մոտեցումներն ուրիշ են. ինչքան ջուր եկավ, որքան ծախսվեց, որքան գումար ստացվեց, այսինքն` շատ ծախսել, շատ վաստակել: Դա կործանարար մոտեցում է: Քաղցրահամ ջուրը բացառիկ հարստություն է, ինչը, բարեբախտաբար, մենք ունենք: Նրա հանդեպ պահանջվում է առանձնահատուկ վերաբերմունք: Ջուրը պետք է պահպանել, ծախսել խիստ նորմավորված, խնայողաբար, ոչ թե ղեկավարվել հնարավորինս շատ ծախսելու ու շատ վաստակելու սկզբունքով: Չգիտեմ ինչ ծրագրեր են իրականացվում, ինչ գումարներ են ծախսվում, բայց վստահաբար գիտեմ և համոզված եմ` բոլոր դեպքերում ջրի խնայողաբար ծախսելը պետք է դառնա առաջնային սկզբունք:

Արկադի Կարախանյան – Ահա ամերիկյան հետազոտական կենտրոնի զեկույցը, որը ներկայացվել է երկու տարի առաջ` 2012 թվականին: Տեսեք, թե ինչ է ասվում. «Երաշտը, ջրի պակասը, ջրհեղեղը բերելու են զգալի գլոբալ ազդեցության, ջրային պատերազմների առաջին ալիքի` առաջին հերթին Մերձավոր Արևելքում»: Իսկ Սևանը Կովկասի ամենամեծ և խմելու քաղցրահամ ջրի ռազմավարական նշանակություն ունեցող միակ բնական շտեմարանն է: Այդ մասին գիտեն բոլորը, նաև` մեր թշնամիները, և չի բացառվում, որ մեր ունեցած ջրի պատճառով մեզ նաև պատերազմի վտանգ սպառնա: Սևանը մեծ առավելություն ունի, այն ամենաբարձր դիրքում է գտնվում, որի շնորհիվ հնարավոր է դառնում ջուրը արտահանել ինքնահոսով: Հենց այսօրվանից պետք է հեռանկարային կանխատեսումներ անել և համապատասխան նախագծեր պատրաստել: Սակայն այն, ինչ վերջին չորս-հինգ տարում արվեց մեր միակ, այս ռազմավարական նշանակություն ներկայացնող ջրային հարստության հետ, պարզապես տագնապալի անվստահություն է առաջացնում մեզանում ջրի հանդեպ առկա վերաբերմունքի լրջության մասին:

Մենք ունենք արտեզյան ջրեր: Բոլորիս հայտնի Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերը հանվում էին արտեզյան հորատանցքերի միջոցով, և այն բավարարում էր ոռոգման համար: Հենց արտեզյան ջրերն են Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության զարգացման երաշխիքը: Ինչ կատարվեց: Այդ ջրերի հաշվին մեկը մյուսի հետևից բացվեցին ձկնաբուծական տնտեսություններ, որոնց տերերը, առանց հեռուն տեսնելու, սկսեցին հորատել բազմաթիվ արտեզյան հորեր և անխնա ջուր հանել: Այդ ջուրը երկրորդ անգամ չի օգտագործվում, այն ուղիղ լցվում է Արաքս գետը, հասնում Ադրբեջան, այսինքն, ջուրը, որը ոսկու արժեք ունի, անվճար նվիրում ենք հարևաններին, անապատացման դատապարտելով մեր երկիրը կերակրող այդ բարեբեր դաշտավայրը: Այո, մենք կանգնած ենք դառը փաստի առաջ` այդ չհաշվարկված, նորաստեղծ և ոմանց համար իսկապես շահութաբեր բիզնեսի առկաությունը դատարկեց Արարատյան դաշտավայրի ընդերքի ջրային պաշարները: Դրանք յոթից տասներկու անգամ նվազեցին, և այժմ անապատացման եզրին է կանգնած դարերի ընթացքում մշակված և հայ հողագործի ջանքերով բարեբեր դարձրած Արարատյան դաշտավայրը: Ջուրը չի բավարարում ոռոգման համար, ավելին, հավասարակշռության խախտման արդյունքում Արարատ քաղաքում առաջանում են նստվածքներ և վտանգվում շինությունները: Սա ցույց է տալիս, թե ինչպես չի կարելի վարվել ջրային պաշարների հետ: Արտեզյան ջրերի անխնա օգտագործման այս դառն իրողությունը պիտի սթափեցնող լինի: Սևանը օգտակար հանածոի մեր ամենաարժեքավոր հանքավայրն է, ամենամեծ հարստությունը: Սևանից ջրթողման թույլտվություններն արդեն վտանգավոր են դառնում մեր գլխավոր օգտակար հանածոի ապագայի համար:

Ռուբեն Ջրբաշյան – Նույնը կարելի է ասել մակերևութային, գետային ջրերի վերաբերյալ: Հայաստանի տարածքում գետերը ջրառատ չեն: Սակայն արդեն երկար տասնամյակներ մեր իսկ մեղքով իրավիճակն այնպիսին է, որ այդ գետերի ջրերը մի կողմից ոռոգման պահանջներին բավարարող ծավալներով չեն պահուստավորվում և արտահոսում են հարևան երկրներ, մյուս կողմից` իրենց ընթացքի ողջ ճանապարհին աղտոտվում են և դառնում օգտագործման համար ոչ լրիվ պիտանի: Իսկ վերջին տարիներին նորահայտ ևս մի բիզնեսի անգրագետ, չհաշվարկված իրականացման հետևանքով կրկին կանգնել ենք ծանր խնդիրների առջև: Այս գործելաոճը կարծես թե իրականություն է դարձել մեզ համար` վնաս պատճառել թե մարդկանց, թե բնությանը, առանց մտածելու հետևանքների մասին: Խոսքը վերաբերում է էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող հէկերի կառուցմանը: Հէկերի կառուցումը աղետաբեր է դարձել, որովհետև խախտվում է ընդերքի ջրերի հոսքի դինամիկան: Հէկերը վերցնում են ջրաստեղծ աղբյուրների ջուրը, և դրանք ցամաքում են: Հասկանալի է, ստեղծվում են աշխատատեղեր, լուծվում են որոշակի սոցիալական խնդիրներ: Սակայն մի բան անելիս պետք է խելամիտ քայլել, անել ճիշտ հաշվարկներ, որպեսզի հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ չվնասել:

Միթե պարզ չի, որ երբ անտառը անխնա կտրում են, հողի էրոզիա է սկսվում, ջրաստեղծ աղբյուներն են ցամաքում: Միթե պարզ չի, որ երբ ջուրը շարժվում է խողովակների միջով, տարածքի բնականոն ջրային ռեժիմը խախտվում է, և զարգանում են անապատացման պրոցեսները: Գյուղեր կան, որ արդեն ջրազրկվել են, և բնակիչները ստիպված են ջուր բերել հինգ-վեց կմ հեռավորությունից: Ցանկացած գործ պետք է սկսել համալիր ուսումնասիրությունների արդյունքներն ստանալուց հետո: Ցավոք, մեզանում նման հարցերը չեն դրվում բազմակողմանի մասնագիտական քննարկման, որպեսզի ընտրվի գործի կազմակերպման ամենաարդյունավետ ուղին: Ոչ թե պետք է առաջնորդվել «հրամաններով» ձևով, այլ համալիր ուսումնասիրությունների արդյունքում ստացված եզրակացություններից բխող որոշումներով: Էլ չեմ ասում, որ գործելաոճ է դարձել չկարևորել գիտական հետազոտությունների անհրաժեշտությունը: Այն գումարները, որոնք հատկացվում են գիտությանն, անբավարար են առաջադրված հարցերին այսօրվա պահանջներին համահունչ լուրջ լուծումներ տալու համար:

Կարծում եմ, կառավարությունն իր կողմից հաստատված կարևորագույն ուղղությունների ցանկում պետք է ներառի նաև ջրային պաշարների նկատմամբ իրականացվող քաղաքականության հարցերը, համախմբի գիտական, տեխնոլոգիական ու տեխնիկական միտքը և ապահովի ստացված արդյունքների ներդրումը: Օգտվելով հանգամանքից, որ ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին /2014, ապրիլի 23/ ներկա էր գտնվում Հանրապետության Նախագահը, ես ելույթում կրկին բարձրաձայնեցի իմ մտահոգությունը և անհամաձայնությունը հանրապետությունում ջրի հանդեպ իրականացվող քաղաքանության, ինչպես նաև Սևանա լճի վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձա լճից ջրթողման ծավալներին, երբ արդեն իսկ հեռուստատեսությամբ և մամուլում բերվում են փաստեր բաց թողնվող ջրի զգալի կորուստների մասին: Հանրապետության Նախագահն ինձ անմիջապես հակադարձեց, թե ոչ մի կաթիլ ջուր չի կորչում: Պատասխանս այն էր, որ հավանաբար Նախագահին միշտ չէ, որ տրամադրվում է ճշգրիտ ինֆորմացիա և դրանով վտանգվում է Սևանա լճում դժվարությամբ կուտակվող ջրի ճակատագիրը:

Ջրի խնդիրը բոլոր ծառայությունների համար պետք է լինի առաջնահերթ: Ջուր չլինի` ժողովուրդը կհեռանա տարածաշրջանից: Մինչդեռ մենք ունենք Սևան, որը մեզ համար ռազմավարական կարևորության հարստություն է: Այս տարի Սևանից լրացուցիչ ծավալի ջուր բաց թողնելու հարցը պատճառաբանվում է երաշտով, ոռոգման համար ջրի անբավարարությամբ: Իրականում խնդիրը միայն երաշտը չի: Ոչ ոք չի ուզում քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ հասանք այն վիճակին, որ Արարատյան դաշտավայրը ջրազրկվում է: Այստեղ խնդիրներն այլ հարթության մեջ են: Երբ նախատեսվում էր Արարատյան դաշտավայրում զարգացնել ձկնաբուծությունը, պետք է ճիշտ հաշվարկվեին արտեզյան ջրային ավազանի պաշարներն ու ակնկալվող ծախսերը: Դա չարվեց, ինչը պարզապես աններելի է: Ոմանց համար ձկնաբուծությունը դարձավ արդյունավետ բիզնես, սակայն ջրի խնայողության և գյուղատնտեսության տեսանկյունից՝ խիստ վտանգավոր: Այդ ո՞ր օրվանից Հայաստանը պետք է հպարտանա, թե Ռուսաստանի պես ծովերով և օվկիանոսներով շրջապատված երկիր ձուկ է արտահանում և` ինչպիսի կորուստների գնով:

Արկադի Կարախանյան – Կան ծրագրեր, որոնք նախատեսում են Սևանում մեծ քանակությամբ ձուկ բազմացնել: Թվում է, թե վերջապես ճիշտ ուղի ենք ընտրել, արհեստական ավազանների փոխարեն ձկնարտադրությունը զարգացնում ենք Սևանում: Բայց այս անգամ էլ մեկ այլ խնդիր ենք մեզ համար ստեղծում: Բանն այն է, որ բազմացվող ձուկը սնվելու է արհեստական կերով, ինչը կենսաբանորեն ակտիվ կեր է: Այդ կերը նստելու է լճի հատակին, հետազոտություններ չեն իրականացվում թե ի՞նչ հետևանքների է բերելու նման կերի օգտագործումը, ի՞նչ ազդեցություն այն կունենա լճի ջրի որակի վրա: Բայց շտապում են, նոր ծրագիր են իրականացնում այնպիսի հարստության հետ, ինչպիսին Սևանն է, որը գերկարևոր նշանակություն ունի մեր երկրի այսօրվա և ապագայի համար: Նույն սխալն ենք կրկնում, առանց լուրջ գիտական հետազոտությունների արդյունքներ ունենալու` կիրառական խնդիր ենք լուծում:

Ռուբեն Ջրբաշյան – Սևանը ամենաբարձրադիր նիշում գտնվող տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի շտեմարանն է: Նրա հանդեպ պետք է իրականացվի լուրջ, համալիր, գիտականորեն հիմնավորված և ապագային միտված քաղաքականություն: Լիճը շրջափակված է լեռնաշղթաներով, որոնցից հոսող գետակները դեպի Սևան են բերում շրջակայքում շահագործվող օգտակար հանածոների /ոսկու, մագնեզիումի և այլն/ հանքավայրերի, գյուղատնտեսական նպատակներով օգտագոծվող պարարտանյութերի, ինչպես նաև կոյուղիների վնասակար թափոններ: Դրանք լիճը լցվելն արգելակման նպատակով, դեռ սովետական տարիներին սկսվել էին Սևանն օղակաձև շրջանցող խողովակաշարի կառուցման աշխատանքները: Ցավոք խողովակները բարբարոսաբար թալանվեցին, լիճը շարունակում է աղտոտվել և, ինչպես միշտ, ոչ ոք նման չարամիտ արարքի համար պատասխանատվություն չկրեց:

Արկադի Կարախանյան – Պետք է հասկանալ, որ այն, ինչ այս պահի դրությամբ ունենք, հավերժ չէ, մեկ օրում իրավիճակը կարող է փոխվել: Օրինակ, Սևանի փրկության համար կառուցված Արփա-Սևան թունելի մի հատված կա, որտեղ շատ ուժեղ արտահայտված լեռնային ճնշման պատճառով անընդհատ փլուզումներ են տեղի ունենում: Վերականգնման համար մեծ գումարներ են ծախսվում, նույնիսկ վտանգ կա, որ հանկարծ մի օր փլուզումն ընդհանրապես անհնարին լինի վերականգնել: Հիմա մենք առաջադրանք ենք ստացել վիճակն ուսումնասիրել երկրաբանական պայմանների տեսակետից և ներկայացնել առաջարկներ: Վիճակն այսպիսին է: Եվ այս ամենի կողքին` վստահ չենք, թե շրջանառվում են ջրթողման ճիշտ թվեր:

Կառավարությունը շատ ավելի մեղմացված թվեր է հրապարակում, բնապահպանները` մեկ այլ, արդյունքում` գիտնականները չունեն ճիշտ տվյալներ, որոնց վրա կարելի է հիմնվել: Պետք է վերջապես հասկանալ, որ Սևանը չի կարող դիտարկվել որպես հանրապետությունում երաշտի կամ ջրի պակասորդի խնդիրները լուծող միակ օղակը: Ժամանակին Ռանչպարում կառուցված էին պոմպակայաններ, որոնց միջոցով Արաքսից ոռոգման նպատակով ջուր էր մղվում դեպի բարձրադիր շրջաններ: Ճիշտ կլինի այս հարցերը համատեղ և լուրջ քննարկել գիտնականների, բնապահպանների, կառավարության հետ: Եվ սա դեռ բոլորը չէ: Սևանի համար կա ևս մեկ վտանգավոր նախագիծ` Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը իրոք շատ հարուստ է: Այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով, ինչը Եվրոպայում արգելված է: Թվում է, թե հանքավայրը շատ հեռու է Սևանից: Սակայն չի բացառվում, որ շահագործման ընթացքում առաջացած վնասակար տարրերը քամիների միջոցով կարող են հասնել Սպանդարյանի ջրամբար, որտեղից ուղիղ գծով տեղափոխվելու են Սևան: Այս անգամ հաջողվեց համատեղ ուժերով կասեցնել վտանգավոր նախագծի իրագործումը:

Խնդիրները լուրջ են և բազմաբնույթ, յուրաքանչյուրը պահանջում է առանձին մանրակրիտ և համակողմանի ուսումնասիրություն: Ժամանակն է փոխել վերաբերմունքը Սևանի հանդեպ, Սևանը գեղեցիկ է, այն ազգային մշակույթի անբաժան մասն է, տուրիզմի օբյեկտ: Մինչդեռ Սևանը տնտեսության համար ևս պակաս կարևոր գործոն չի հանդիսանում: Իսկ երբ Սևանը դիտարկվում է որպես տնտեսական գործոն, միայն մեկ լուրջ խնդրի առաջ ենք կանգնում`Սևանի համար ապագային միտված լուրջ ռազմավարական ծրագիր է անհրաժեշտ: Այսօր որոշ քանակի ձուկ աճեցնելով ասել, թե տնտեսություն ենք զարգացնում … Իրականում մեծ վտանգի ենք ենթարկում բնության կողմից մեզ պարգևած այդ անգնահատելի հարստությունը:

Ռուբեն Ջրբաշյան – Սևանա լիճը տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող ջրամբար է: Աշխարհն արագ է փոխվում, մենք նույնպես պետք է շատ արագ մտածենք, հեռատես լինենք, ավելին`դեռ երեկ պետք է սկսեինք նախապատրաստվել, արդեն անգամ ուշ է: Վերջին տարիներին Սևանի բարձրացումը վերագրվում է զուտ մարդկային գործոնին, կառավարության լավ աշխատանքին: Բայց, իրականում, պետք չէ բացառել բնական գործոնի ազդեցությունը: Բարեբախտաբար վերջին տարիներին տարածաշրջանի մի շարք լճերում գրանցվել է ջրի մակարդակի որոշակի բարձրացում և դժվար է ասել, թե այդ պրոցեսներում որ տոկոսն է կազմում մարդու մասնակցությունը Եվ վերջապես, Սևանի հետ կապված 2014թ.-ին Ազգային Ժողովում քննարկվող հարցը, բացի Սևանից արդեն հաստատված ջրթողումների ծավալներից, վերաբերվում էր նաև գալիք հինգ տարիների կտրվածքով յուրաքանչյուր տարի յոթանասուն միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրի քանակի ջրթողման թույլտվություն ստանալուն: Ինչո՞ւ հինգ տարով, եթե համոզված չենք, թե գալիք տարիներին իրավիճակն ինչպիսին կլինի և ինչ վիճակում կհայտնվի լճի ջրի մակարդակը: Չի կարելի անմտածված քայլերի գնալ: Տրամաբանական է թույլտվության որոշումն ընդունել առայժմ մեկ տարով, իսկ հաջորդ տարի, անհրաժեշտության դեպքում, կրկին քննարկել հարցը:

Արկադի Կարախանյան-Օրինակ բերեմ, թե ինչ կարող է կատարվել Սևանի հետ: Ահա, տեսեք, համակարգչի էկրանին է մեր հարևան Իրանի տարածքում գտնվող Ուրմիա լիճը, որը հարյուր քսանչորս կմ երկարություն ունի և մի քանի անգամ Սևանից մեծ է: Ուրմիա լճի ջուրն աղի է, սակայն ունեին ոռոգման խնդիրներ և որոշեցին աղազերծել և լճի ջուրն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով: 2000թ. նկար է, լիճը ներկայացված է իր ամբողջական տեսքով, բայց ահա տասնմեկ տարի հետո արված նկարում երևում է, թե ինչքան է պակասել ջրի մակերեսը, լիճը կարծես թե անհայտանում է: Տասը տարիների ջրթողման արդյունքում այս մեծ լիճը, տեսեք, թե որքան է փոքրացել: Ինչ տեղի կունենա, եթե այսպես շարունակվի… Բացի այդ, լճի շրջակայքում սկսվել են բոլորովին այլ պրոցեսներ, ամբողջ ափամերձ տարածքը աղապատված է, քամիները աղը տարածում են շուրջբոլորը` տասնապատիկ ավելի մեծ վնասներ պատճառելով շրջակա դաշտավայրերին: Այս օրինակը ցույց է տալիս, որ եթե անհեռատես գործելաոճը շարունակվի, նման մի տխուր պատմության առաջ էլ մենք կկանգնենք: Վանա լճի մի հատվածի տակ բավականին մեծ և ակտիվ հրաբուխ կա, աստված չտա` ժայթքի: Օրինակ, լճի մոտակայքում գտնվող Նեմրութ հրաբխի վերջին ժայթքումը գրանցվել է տասնչորսերորդ դարում: Բազմաթիվ օրինակներ կան, թե հաճախ մարդկային սխալ գործելաոճը ինչպիսի անդառնալի կորուստների է բերում: Հայտնի է նաև Արալյան լճի տխուր, անդառնալի ճակատագիրը, երբ լիճն արդեն ամբողջությամբ ցամաքել, անհետացել է:

Այնպես որ, Սևանա լիճը իր քաղցրահամ ջրի զգալի պաշարներով տարածաշրջանային մեծ կարևորություն է ներկայացնում: Եվ վերջապես, հանրապետության տարածքում հայտնի են տարբեր քիմիական կազմի և տարբեր աստիճանի հանքայնացված սառը և տաք ջրերի բազմաթիվ ելքեր: Նման տաք /մինչև 42 աստիճանի/ ջրի ելք հայտնի է, օրինակ, Սիսիանի շրջանի Ույծ գյուղում, որի ջուրն աննպատակ թափվում է մոտակա գետակը: Ջուրն այնքան բարձր հանքայնացված է, որ խողովակները խցանվում են, սակայն արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս դրանից խուսափել, և ջուրը կարող է օգտագործվել ջերմոցներ տաքացնելու նպատակներով: Մի խոսքով, բնության կողմից մեզ պարգևված ջրի նման թանկարժեք հարստություն ունենք և պետք է կրկին ու կրկին հիշեցնել` ջրի նկատմամբ պետական ռազմավարական ծրագիր է պետք, դա հրատապ անհրաժեշտություն է: Հապաղել չի կարելի, արդեն ուշացրել ենք:

Խմբագիր-Բոլոր այս գլոբալ խնդիրների համար մասնագիտական համապատասխան բազա ունե՞նք, որ կարող է վերլուծել և համապատասխան եզրակացություն տալ:

Ա.Կ.- Չենք կարող միանշանակ ասել, բազան սովետական տարիներին կար, հիմա ինչ է մնացել, ինչ ունենք` չգիտենք: Սովետական գիտությունը գործնական կյանքից հեռու էր, մեր ժամանակներում էլ ներդրումներ չեն արվել, գիտությունը չի զարգանում, այժմ ինչ ունենք, չգիտենք, դա նույնպես պիտի հետազոտել: Կարծում եմ, երբ ռազմավարական խնդիրներ դրվեն և երիտասարդությունը ներգրավվի դրանց լուծման հարցերում, պարզ կլինի, թե ինչ ունենք և ինչեր կարող ենք անել:

Ռ.Ջ.- Այժմ անհրաժեշտ է առանձնացնել ամենակարևոր խնդիրները, ձևակերպել առաջադրանքը և տեսնել, թե ով ինչ կարողություն և հնարավորություն ունի դրանք իրագործելու համար: Այսօր մեծ կարևորություն ունեն նոր տեխնոլոգիաները, իսկ նման կադրերի պատրաստմանը մեր երկրում լուրջ ուշադրություն է դարձվում:

Համոզված եմ, որ երիտասարդների նոր սերունդն ավելիին է ընդունակ: Կարծում եմ, անհրաժեշտ է երիտասարդներին ներգրավել այս հույժ կարևոր խնդիրների լուծման գործընթացներում: Որքան կարելի է սխալվել, ընդունել որոշումներ և մի քանի տարի անց վնասակար հետևանքները վերացնելու նպատակով կրկին ծախսել մտավոր և ֆինանսական ռեսուրսները:

Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *