Երուսաղեմում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Երեկ Երուսաղեմում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով: Հհամերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա էր նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Համերգից առաջ Իսրայելի Հանրային ռադիոյով ուղիղ հեռարձակվող իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն ասաց.

«Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Երուսաղեմում` մշտապես առանձնահատուկ զգացում ունենալով սուրբ քաղաքում գտնվելու կապակցությամբ: Այսօրվա խորհուրդն ունի իր առանձնահատկությունը: Այսօր Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է իր համերգը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, և ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր արել են հնարավորինը` այս նախաձեռնության հաջողության համար։ Քիչ ազգեր ունեն նույնքան ընդհանրություններ, որքան հայերը և հրեաները:

Մի քանի դար պետականության բացակայության և զրկանքներից հետո, անցնելով ցեղասպանության արհավիրքների միջով, սփռված ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ 20-րդ դարում վերականգնեցինք պետականությունը: Ես կցանկանայի կրկին մեջբերել Հայոց ցեղասպանության հրեա ականատեսներից մեկի խոսքերը. «Ես սարսուռով մտածում եմ` ով է լինելու հաջորդը: Երբ ես քայլում եմ Երուսաղեմ տանող օրհնված և սուրբ հողով, ես հարցնում եմ ինքս ինձ` արդյոք հիմա 1915 թվականն է, թե մենք գտնվում ենք Տիտոսի կամ Նաբուքոդոնոսորի ժամանակներում:Արդյոք ես, հրեա լինելով, մոռացել եմ, որ հրեա եմ: Նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ես իրավունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգության համար, և արդյոք Երեմիա մարգարեն արյան արցունքներ չի թափել նաև հայերի համար»: Շատերն են համարում, որ հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին աշխարհամարտի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցանքները ստանային միանշանակ միջազգային դատապարտում, և պատասխանատուները արժանի պատիժ կրեին:

1939 թվականի Ադոլֆ Հիտլերի խոսքերը` «Ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին», հստակ հիշեցում են, որ իրագործված ցեղասպանությունների անպատիժ մնալը և ժխտումը նրանց կրկնության համար պարարտ հող են ստեղծում: Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը ապագայում դրանց կրկնությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Հիշելու իրավունքը, հիշողության միջոցով անցյալի ողբերգությունները ճանաչելը կարևոր են նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այս առումով Հայաստանի և Իսրայելի ժողովուրդները քաջատեղյակ են և կիսում են անցյալում կրած միմյանց ցավը: Հոլոքոստի վերաբերյալ իրազեկվածության առումով հայերն առաջիններից մեկն են աշխարհում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն` Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ դպրոցական ծրագրերը Հոլոքոստի վերաբերյալ ուղղակի անդրադարձ են պարունակում: Նրանք, ովքեր այցելել են Յադ Վաշեմ, հավանաբար կարդացել են հայերի անունները, ովքեր հրեաների են փրկել Հոլոքոստի ընթացքում և ստացել են «Առաքինիների» վեհ տիտղոսը: Շոայի հիշատակի հիմնադրամի վերջին հարցումը ցույց տվեց, որ Իսրայելում հրեաների 88%-ը ընդունում է Հայոց ցեղասպանությունը:

Սիրելի՛ բարեկամներ,

Այսօր առավոտյան պատիվ ունեցա հանդիպելու Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Մեր քննարկման հիմնական թեմաներից էր հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ Այս առումով կցանկանայի շնորհակալություն հայտնել Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, ականավոր պրոֆեսորներ Իսրայել Չարնիին, Յաիր Աուրոնին և շատ այլ հրեա գիտնականների, որոնց աշխատանքները` նվիրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանություններին, բարձր են գնահատվում ողջ աշխարհում:

Մեր ժողովուրդների միջև կա ևս մի կարևոր ընդհանրություն. չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին` մենք վերածնվեցինք: Դժվար կլինի նրանց համար, ովքեր կփորձեն հաշվել տաղանդավոր արվեստագետներին, երաժիշտներին, գիտնականներին, հաջողակ գործարարներին, ովքեր էական ներդրում են ունեցել իրենց ոլորտների զարգացման մեջ 20-րդ և 21-րդ դարերում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առանցքային ուղերձներից մեկն, ըստ էության, վերածնունդն է: Այն փաստը, որ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբն իր համերգային ծրագրերի մեջ ներառում է 20-րդ և 21-րդ դարերի հայ և հրեա կոմպոզիտորների գործերը, այդ վերածննդի պարզ վկայությունն է»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *