Զարմանում եմ՝ ինչու՞ են հայերն ընդվզում ալյուրի հարստացման ծրագրի դեմ. պրոֆեսոր Թուտելյան

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում Հայաստան ժամանած ԳԱԱ արտասահմանյան անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Թուտելյանը օրեր առաջ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ։

Ուսանողներին ներկայացնելով օպտիմալ սնուցման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ առողջության պահպանման կարեւոր գործոնները, Վիկտոր Թուտելյանը հանդիպեց նաեւ լրագրողների հետ։ Վերջինս հանդիսանում է նաեւ ՌԴ սննդի ինստիտուտի տնօրենն ու երկրի գլխավոր դիետոլոգը, ով առողջ ապրելակերպի ուղղությամբ կատարելով իր դիտարկումները՝ ներկայացրեց իր բազմամյա կենսափորձն ու տեսակետները։

Առաջին հորդորը, որն ուղղեց հայ հասարակությանը, առողջ ապրելակերպին հետեւելն է, ճիշտ սննդակարգը։ Ամբողջ աշխարհն այսօր կանգնած է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման խնդրի առաջ, ուստի առողջ բնակչություն ունենալու միակ արդյունավետ նախադրյալը առողջ սնունդն է եւ ֆիզիկական ակտիվությունը։ Մարդկությանը սպառնացող հիմնական հիվանդություններից նա մատնանշեց շաքարային դիաբետը, օստեոպարոզը, որոնք հանգեցնում են վաղաժամ մահվան եւ կյանքի որակի նվազման։ Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ ճանապարհը, ըստ բանախոսի, առողջ ապրելակերպն է։

Սնունդը, պրոֆեսոր Թուտելյանի գնահատմամբ, այն միակ միջոցն է, որը մարդուն հաղորդում է էներգիա եւ ֆիզիկական ակտիվություն։ Սակայն սննդի ավելի կամ պակաս կիրառումն էլ հանգեցնում է թերսնման, քաղցի առաջացման, գիրացման, ճարպակալման եւ այլն։ Ցանկալի է նվազեցնել սննդակարգում աղի եւ շաքարավազի գործածումը, ճարպային սննդամթերքի կիրառումը եւ փոխարենը՝ հարստացնել սննդակարգը կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներով եւ վիտամիններով։ Որպեսզի մարդու կյանքի որակը էապես բարելավվի ու երկարի, նա հորդորում է առողջ ապրելակերպ որդեգրել վաղ հասակից, իսկ կանանց շրջանում՝ ֆոլաթթվի պակասը լրացնել մինչ երեխաներ լույս աշխարհ բերելը։

Հղիության ընթացքում ֆոլաթթվի պակասը կարող է հանգեցնել պտղի մահվան կամ նորածնային հաշմանդամության ու թերաճի։ «Բոլոր կանայք հղիության ժամանակ պետք է մտածեն իրենց ապագա երեխայի մասին»,-ասաց նա եւ նշեց, որ կինը պետք է զբաղվի իր երեխայի առողջությամբ՝ մինչ նրա ծնունդը, քանի որ դրա պատասխանատվությունը մոր վրա է։ «Այս ամենը տեղի է ունենում նրանց շրջանում ինֆորմացիայի պակասի հետեւանքով։ Մինչ հղիությունը նրանք օրգանիզմում պետք է լրացնեն ֆոլաթթվի պակասը եւ առողջ երեխաներ ունենան։ Մենք բոլորս սիրում ենք ապրել քաղաքակիրթ ու հարմարավետ, բնակարանում տաք ջուր ունենալ, ապահովված լինել լվացքի մեքենայով, հեռակառավարման վահանակ ունեցող հեռուստացույցներով։ Դրանց առկայությունը թեպետ բարելավում է մարդկանց կյանքը, ստեղծում՝ հարմարավետություն, սակայն միաժամանակ նվազեցնում է ֆիզիկական ակտիվությունը։ Նստակեցությունը եւ ոչ շարժունակ լինելը նպաստում են հիվանդությունների առաջացմանը։ Իսկ սպորտով, ցավոք, շատ քչերն են զբաղվում։

Ոչ ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության պակասը կյանքի որակի վատթարացման հիմնական նախադրյալներն են։ Սպորտի պետք է հաճախել ոչ թե շաբաթը մեկ-երկու անգամ, այլ ամեն օր»,-նշեց Վիկտոր Թուտելյանը։ Օրգանիզմին կարող է վնաս հասցնել նաեւ սպիտակ հացի կանոնավոր օգտագործումը, որը բարձր տեսակի ալյուրով է պատրաստվում, որից աղման ընթացքում հանվում են այն օգտակար բաղադրիչները, ինչպիսիք են երկաթը եւ Բ խմբին պատկանող վիտամինները։ Բարձր տեսակի ալյուրը պարունակում է միայն որոշակի քանակությամբ սպիտակուցներ ու ածխաջրեր։

21-րդ դարում, ըստ բանախոսի, աշխարհի բոլոր երկրների առջեւ դրված է մարտահրավեր՝ ձերբազատվել վնասակար կալորիականությամբ սննդամթերքից։ Այսինքն՝ վնասակար կալորիականությամբ սննդամթերքի օգտագործումը հանգեցնում է ճարպակալման եւ գիրացման, իսկ սննդակարգի սահմանափակումը՝ վիտամինների եւ միկրոսննդատարրերի բացակայության՝ առաջացնելով մի շարք խնդիրներ։ Ուստի անդրադառնալով ցորենի ալյուրի հարստացման ծրագրին՝ նա կարեւորեց այս նախաձեռնությունը՝ համարելով այն առողջության համար խիստ անհրաժեշտ։

«Ալյուրը արհեստական հավելումներով հարստացնելու գործոնը կիրառելի է ամբողջ աշխարհում։ Այն չի ավելացնի սննդակարգի կալորիականությունը, սակայն օրգանիզմին կփոխանցի դրական գործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը։ Ես միշտ հակված եմ եղել կարծելու, թե հայերը ամենակրթված եւ առողջության նկատմամբ հոգ տանող առաջադեմ ազգերից են, ուստի զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ ընդդիմանում ցորենի ալյուրի հարստացման ծրագրին»,-նշեց պրոֆեսոր Վիկտոր Թուտելյանը՝ հերքելով շրջանառվող այն լուրերը, թե ֆոլաթթվի առկայությունը կարող է քաղցկեղ առաջացնել։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *