Զինված ուժերի շփման գծում լարվածության այս կտրուկ աճը դարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ

Այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը։ Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է 2014 թ. ընթացում արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած զարգացումներին։ Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թ. առաջին անգամ խորհրդարանական մակարդակով Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձև է ընդունվել Եվրոպական մայրցամաքում, մասնավորապես, Բասկերի Երկրի խորհրդարանի կողմից։

ԼՂՀ-ն անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարել է նաև Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի նախագահը: Աշնանը Նավարայի (Իսպանիայի ինքնավար մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափի, որը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ երկրի ապագայի համար: ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում նոր զարգացումներ են գրանցվել ԱՄՆ-ում։ Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից և Լուիզիանայից հետո ամերիկյան Կալիֆորնիա նահանգը դարձել է հինգերորդը, որն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձև։ Նախորդ տարի ընդլայնվել են Արցախի և օտարերկրյա տարբեր համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակները:

Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Ֆրանսիայի Վիեն, Բուրգ լե Վալանս, Բուկ Բել Էր և Արցախի Հադրութ, Շուշի և Ասկերան քաղաքների միջև: Քարվաճառի և Հադրութի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին նման հռչակագրեր են ընդունվել նաև ամերիկյան Պիկո Ռիվերա և Բըրբանք քաղաքների կողմից: Համագործակցության մասին Համաձայնագիր է ստորագրվել նաև Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև (Բասկերի Երկիր):

Դրական զարգացումներ են գրանցվել նաև խորհրդարանական դիվանագիտության ոլորտում։ Եվրախորհրդարանում մեկնարկել է Արցախի հետ Բարեկամության խումբ ձևավորելու գործընթացը։ Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2014 թ. ադրբեջանական իշխանությունների վարած ապակառուցողական քաղաքականության պատճառով չի հաջողվել այդ հարցում իրական առաջընթացի հասնել: Ավելին, Ադրբեջանը ընտրել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման ճանապարհը։

Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության այս կտրուկ աճը դարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների և սադրանքների գագաթնակետ։ Նման քայլերով Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ։ Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը իր ելույթում նաև կարևորել է տեղեկատվական ոլորտում իրականացվող աշխատանքները` նշելով, որ ԼՂՀ ԱԳՆ և ԼՂՀ մշտական ներկայացուցչությունները հետևողական գործունեություն են ծավալում Հանրապետության մասին օբյեկտիվ և հավաստի տեղեկություն տարածելու ուղղությամբ՝ այդ թվում մամուլի և սոցիալական ցանցերի միջոցով։

Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև 2015 թ. ԼՂՀ ԱԳՆ առաջնահերթություններին՝ նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը և ԼՂՀ միջազգային ճանաչումը մնալու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել է, որ 2015 թ. Արցախի համար լինելու է նոր ձեռքբերումների տարի։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *