28-4-2-2

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Հուլիսի 17-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկնարկեց «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով կոնֆերանսը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը բացելով կոնֆերանսը, իրազեկեց ներկաներին, որ համաբանակային կոնֆերանսը, որին մասնակցում են պաշտպանության համակարգի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, միտված է զինվորական ծառայության անվտանգության ապահովման խնդիրներին. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ զինված ուժերում տեղի ունեցող դեպքերի ստվար մասը զինվորական ծառայության անվտանգության ապահովման նկատմամբ ցուցաբերած անտարբերության, մարտական հենակետերում անվտանգ պայմանների սահմանած կարգը չպահպանելու, ինչպես նաև զինծառայողների ուսուցման և դաստիարակության, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի և կանոնադրային փոխհարաբերությունների ձևավորման գործում որոշ հրամանների դեռևս ոչ արդյունավետ աշխատանքի հետևանք է»:

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը իր ասածը հաստատեց բազմաթիվ օրինակներով։ Վերլուծելով պատահարների պատճառահետևանքային կապերը, նա ասաց. «Զորամասերի և ստորաբաժանումների որոշ հրամանատարներ, լինելով մեթոդապես թույլ պատրաստված, ենթակա անձնակազմին դեռևս լիարժեք չեն ուսուցանում մարտական խնդիրների կատարման ժամանակ անվտանգության կանոնները, բավարարվում են միայն հերթափոխից առաջ ձևական բնույթ կրող պարապմունքներով»: ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը հույս հայտնեց, որ կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցողները խնդիրների մասին բարձրաձայնելուց զատ, կմատնանշեն նաև թերությունների վերացման ուղիները, որպեսզի հնարավոր լինի ՀՀ զինված ուժերում ստեղծել զինծառայության անվտանգ պայմաններ, զինծառայողներին զերծ պահել վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունից, բացառել ոչ մարտական կորուստները և նվազագույնի հասցնել մարտական կորուստները: Ծավալուն զեկույցով կոնֆերանսը շարունակեց ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը:

Նա ներկայացրեց զինվորական ծառայության անվտանագության ապահովման` ՀՀ զինված ուժերի պահանջները: Գնդապետ Կարապետյանը անդրադարձավ զորքերի ամենօրյա գործունեության ընթացքում զինվորական ծառայության անվտանգության ուղղություններին. 1. Մարտական հերթապահության, ներքին և պահակային ծառայության, մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում, սպառազինությունը և ռազմական տեխնիկան շահագործելիս, առօրյա գործունեության ժամանակ շինարարական-վերանորոգման և տնտեսական աշխատանքներ կատարելիս անվթարայնության և վնասվածքային անվտանգության ապահովում: 2. Զինծառայողների միջև կանոնադրային փոխհարաբերությունների խախտումների և ինքնախեղումների կանխարգելում: 3. Զինվորական ծառայության բժշկական անվտանգության ապահովում: 4. Հակահրդեհային պաշտպանության և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպում:

Գնդապետը խոսեց զինվորական ծառայության անվտանգության հայեցակարգի մասին, ըստ որի` զինվորական ծառայության անվտանգության համար ՀՀ ԶՈՒ զարգացման ներկայիս փուլում, որպես սպառնալիքներ և խոչընդոտներ դիտարկվում են որոշ զորակոչային տարիքի քաղաքացիական անձանց առողջական վիճակի վատթարացումը, փողոցային բարքերի, հանցավոր տարրերի ներթափանցումը զորքեր, զորակոչային տարիքի քաղաքացիների կրթական և ֆիզպատրաստության ցածր մակարդակը, անվտանգության կանոնների թերիմացությունը, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության ոչ պատշաճ կազմակերպումը և այլն: Նշելով, որ ՀՀ զինված ուժերում զինծառայության անվտանգության համար պատասխանատու են ոչ միայն ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչությունը, այլև մի շարք այլ ստորաբաժանումներ, գնդապետը առաջարկեց առկա խնդիրների լուծման իր մեթոդներն ու ձևերը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ աշխատանքը պետք է լինի համակարգված, ընդգրկի բոլոր ոլորտները և չկրի ձևական-ցուցադրական բնույթ: Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը խոսեց հասարակական վերահսկողության իրականացման արդյունավետության և բանակում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Գեղամ Հարությունյանն առավել մանրամասն անդրադարձավ զորակոչին` իր գոհունակությունը հայտնելով ծառայության վայրը վիճակահանությամբ ընտրելու պրակտիկայի վերաբերյալ, ինչը մեծացնում է վստահությունը բանակի հանդեպ:

Գեղամ Հարությունյանի կարծիքով` «առողջ զորակոչ» արտահայտությունը պետք է փոխարինել «արդար զորակոչ» արտահայտությամբ, որովհետև բանակը կարող է համալրվել նաև առողջական խնդիրներ ունեցող զինվորներով` օրենքի շրջանակում, և դժգոհությունների ամենամեծ ալիքը կապված է արդարության սկզբունքի ոտնահարման հետ: Ուստի զորակոչի ընթացքում պետք է շեշտադրել օբյեկտիվությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, զինակոչիկների զինվորական ժամկետային ծառայության պիտանելիության ճիշտ փորձաքննությունը: Կոնֆերանսի մասնակիցներից մեկի հարցին, թե երբ պետք է բարձրացվի սպայի վարկն ու հեղինակությունը հասարակության շրջանում, հասարակական խորհրդի ղեկավարը պատասխանեց. «Սպան ինքը պետք է բարձրացնի իր հեղինակությունը, մեկ ուրիշը դա իր փոխարեն անել չի կարող: Եթե չկա իրավական հիմք, քարոզչական աշխատանքը մեծ արդյունք չի ունենա, ուստի սպայի հեղինակությունը հենց իր ձեռքերում է»:

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի ելույթը ասես նախորդ ելույթի շարունակությունն էր, բայց սեփական դիտարկումների համատեքստում: Տիկին Մարգարիտայի կարծիքով` մենք սպայի նկատմամբ պիտի ավելի սրտացավ ու հոգատար լինենք: Մենք պիտի լուծենք նրա սոցիալական խնդիրները և միայն հետո իրավունք կունենանք նրանից պահանջելու գերազանց ծառայություն ու անմնացորդ նվիրում. «Ես մայր եմ և սպային նայում եմ մոր աչքերով: Ո՞ր կինը կհամաձայնի ամուսնանալ մեկի հետ, որը ամսվա 15 օրը բացակայելու է տնից, լինելու է դիրքերում: Ո՞ր կինը կհամաձայնի ապրել կենցաղային հարմարություններից զուրկ տանը, առանց որևէ հետաքրքրության, իրար հաջորդող նույնանման օրեր գլորելով: Առաջնագծում ծառայող սպան ինչպե՞ս ամուսնանա, ինչպե՞ս զավակ ունենա: Սպայի հերոսական ծառայությունը գովաբանող բոլոր խոսքերը անիմաստ ու անարդյունք են, եթե մենք նյութապես չենք գնահատում այդ աշխատանքը»:

Մարգարիտա Խաչատրյանը անդրադարձավ նաև ծառայության վայրը վիճակահանությամբ որոշելու պրակտիկային և ասաց, որ կուզենար ավելի մեծ թվով պաշտոնյաների զավակների տեսնել առաջնագծում իր այցելությունների ժամանակ: «Մենք կարող ենք հիմա գեղեցիկ ճառեր ասել, գովել ինքներս մեզ ու գնալ տուն, դա մեզ ոչինչ չի տա, իսկ եթե քաջություն ունենանք ճշմարտության աչքերին նայելու, բարձրաձայնելու խնդիրների մասին և դրանք վերացնելու ուղիներ մատնանշել, օգուտ կտանք և՛ բանակին, և՛ զինվորներին, և՛ հասարակությանը»: Համակարգող խորհրդի նախագահը խոսեց նաև միջանձնային հարաբերությունների մասին և հանդուրժողականության ու գթասրտության կոչ արեց առաջին հերթին սպաներին` մերժելով զինվորի հանդեպ բռնության, նրա անձը նվաստացնելու յուրաքանչյուր երևույթ: Մարգարիտա Խաչատրյանի դիտարկմամբ` պետք է արմատապես վերացնել առողջական սահմանափակումները անտեսելու և այդ առումով` օրենքը խախտելու դեպքերը:

Կոնֆերանսին մասնակցող մյուս հասարակական կազմակերպությունը` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան», ներկայացնում էր ասոցիացիայի խորհրդի անդամ, փոխգնդապետ Գոռ Վարդանյանը: Նա խոսեց զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովման մասին, նշելով, որ այն ենթադրում է զինծառայողների կյանքի և կենցաղային պայմանների սանիտարահամաճարակային վերահսկողություն, բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացում, զինծառայողների հիվանդացության և տրավմատիզմի պարբերական վերլուծության, դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում և այլն: Փոխգնդապետի կարծիքով` զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովման փաստաթղթերում բացակայում են այնպիսի կարևորագույն բաղադրիչներ, ինչպիսիք են` բուժծառայության սպայական անձնակազմի զինծառայության անվտանգության բժշկական ապահովման, մասնագիտական պատրաստության, նյութատեխնիկական ապահովման, բոլոր աստիճանի հրամանատարների և բուժծառայության համապատասխան օղակների համակարգված և ինտեգրված աշխատանքի սկզբունքները: Ասոցիացիայի ներկայացուցիչը հանդես եկավ մի շարք առաջարկություններով, որոնք թույլ կտան բարձրացնելու զինծառայության անվտանգության բժշկական ապահովման արդյունավետությունը, ինչպիսիք են. «բուժծառայության անձնակազմի նախապատրաստումը` զինծառայության անվտանգության ուսումնական ծրագրերում ընդգրկելով համապատասխան թեմաներ և պարբերաբար ստուգելով դրանց յուրացման մակարդակը:

Հատուկ ուշադրությունը զինծառայողների բաշխմանը` ըստ առողջական խմբերի, և դինամիկ հսկողությունը խմբերում ընդգրկված անձնակազմի ուսումնամարտական, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և սահմանափակումների գործնական կիրառմանը, մարտական պատրաստության պարապմունքների ուսումնական տեղերի, ֆիզհրապարակների, ավտոկայանատեղիների, արհեստանոցների սանիտարական վիճակի և անվտանգության կանոնների պահպանման մշտադիտարկումը, վերը նշված օբյեկտներում բժշկական պարագաների առկայության ստուգումը, պարբերաբար թարմացումը, դրանցից օգտվելու կանոնների ուսուցումը և այլն»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հ. Գալստյանը զինծառայության անվտանգության բժշկական ապահովման համատեքստում շեշտադրեց զորամասային օղակում հիվանդությունների կանխարգելման ուղիները, առանձնացնելով դրանցից չորսը. «զինծառայողների կյանքի և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ մշտական սանիտարահամաճարակաբանական հսկողության կազմակերպումը, բուժկանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը, զորակոչիկների, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունվող անձանց պարտադիր ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպումը, զինծառայողների հիվանդության և վնասվածքների վիճակագրության պարբերական վերլուծությունը, վնասակար պայմանների բացահայտումը և դրանց խելամիտ սահմանափակումը»:

Բուժկանխարգելիչ միջոցառումների մեջ փոխգնդապետը կարևորեց ժամկետային զինծառայողների կանխարգելիչ բժշկական զննությունները, սպայական, ենթասպայական և պայմանագրային կազմի դիսպանսերիզացիան, հիվանդ զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերումը ամբուլատոր և ստացիոնար բուժման կազմակերպումը, վերականգնողական բուժման և հատուկ պայմաններում ծառայող անձնակազմի հանգստի ու առողջարանային բուժման կազմակերպումը: Բուժվարչության պետի տեղակալը մանրամասն անդրադարձավ մարտական պատրաստության ընթացքում և կենցաղում անձնակազմի ամենօրյա բժշկական հսկողությանը և զորակոչային, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով ծառայության ընդունվող անձանց պարտադիր ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպմանը, անելով մի շարք առաջարկություններ, որոնք, իր կարծիքով, կնպաստեն զինծառայության անվտանգության բժշկական ապահովումը նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելուն:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանի ելույթը վերաբերում էր կուրսանտների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ու զինծառայության անվտանգությանն ուղղված ռիսկերի նվազեցմանը զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուսուցման միջոցով: Գեներալը սահմանեց զինվորական ծառայության անվտանգության դեմ ուղղված ռիսկերը, որոնք կարող են դառնալ անձնակազմի կյանքին ու առողջությանը սպառնացող գործոններ, վնասել-շարքից դուրս բերել նյութական միջոցները, պատճառել ֆինանսական կորուստներ, պատճառ դառնալ տեղեկությունների արտահոսքի, դրա հանցավոր օգտագործման կամ տեղեկությունների ոչնչացման և այլն: Ամփոփելով իր խոսքը, ռազմական ինստիտուտի պետը զինվորական ծառայության անվտանգության ապահովման ուսուցումը համարեց զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանն ու զինծառայության անվտանգությանն ուղղված ռիսկերի նվազեցման կարևորագույն պայմաններից մեկը և կարևորեց դրա արդյունավետությունը` հատկապես ապագա սպայական կադրերի պատրաստման դարբնոց ռազմական ինստիտուտում:

Կոնֆերանսին մասնակցում էր նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչը: Նրա զեկույցը` «Կարգապահական վաշտերում օրվա խտացված կարգացուցակի կիրառականությունը, մարտական պատրաստության կազմակերպումը» վերտառությամբ, վերաբերում էր կարգապահական վաշտերում իրականացվող աշխատանքներին, որոնք խնդիր ունեն բարձրացնելու զինծառայողների մարտական պատրաստության մակարդակը և նրանց տոգորելու բարոյակամային հատկանիշներով: Մանրամասն ներկայացնելով կարգապահական վաշտերում օրվա խտացված կարգացուցակը և մեկնաբանելով բոլոր բաղադրիչների արդյունավետությունն ու նպատակը` բանախոսը կարևորեց անձի պատիվն ու արժանապատվությունը, անհատականությունն ու խառնվածքի յուրահատկությունները հարգելով` վարքի բացասական դրսևորումները գիտակցաբար մերժելու հոգեվիճակին հասցնելու պրակտիկան: «Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ հետագայում զինծառայողը չի կրկնի նույն խախտումները»: Զինծառայության անվտանգ պայմանների ապահովման գործում մեծ նշանակություն ունի զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովը:

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության բաժնի պետ, գնդապետ Վ. Նշանյանի ելույթը զորամիավորումներում և առանձին զորամասերում զինվորական ծառայության անվտանգության մշտական հանձնաժողովների դերի ու գործունեության մասին էր: Գնդապետն իր զեկույցում տեղեկացրեց, որ հանձնաժողովների գործուն մասնակցությամբ կազմակերպվել են զինծառայության անվտանգությանը միտված մի շարք միջոցառումներ: Վ. Նշանյանը խոսեց նաև առկա թերությունների մասին, փաստելով, որ որոշ զորամասերում աշխատանքները ունեն ձևական բնույթ և չեն ծառայում նպատակին: Գնդապետը խոսքն ավարտեց` ներկայացնելով առկա թերությունները վերացնելու մի շարք առաջարկություններ: Կոնֆերանսին մասնակցում էր նաև ՊԲ ներկայացուցիչը: Գնդապետ Կ. Իշխանյանը ներկայացրեց զինվորական ծառայության անվտանգության ապահովման հանձնաժողովի դերը զինվորական ծառայության անվտանգության ռիսկերի նվազման գործում:

Վերլուծելով պաշտպանական բանակում տեղի ունեցած դեպքերն ու պատահարները, գնդապետը խոսեց դեռևս առկա բացթողումների մասին, որոնք վերաբերում են որոշ զորամասերում միջանձնային հարաբերությունների անկատարությանը, դիրքերի ավագների ոչ պատշաճ պատրաստվածությանը, ենթակաների հանդեպ անհոգատար վերաբերմունքին, ներողամտության ու հանդուրժողականության պակասին, անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների ձևական բնույթին և այլն: Գնդապետը պատմեց նաև զինծառայության անվտանգության բնագավառում կատարված աշխատանքների ու արդյունքների մասին, նշելով, որ այն զորամասերում, որտեղ ամուր հիմքերի վրա են զինվորական ծառայության անվտանգության հանձնաժողովի աշխատանքները, նվազել են մարմնական վնասվածքները և դժբախտ պատահարները:

Կոնֆերանսում ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ներկայացուցիչ, գնդապետ Ա. Ստեփանյանը խոսեց զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում վթարների առաջացման պատճառների, պատահարների և դրանց կանխարգելման միջոցառումների մասին` ներկայացնելով շատ համապարփակ առաջարկությունների փաթեթ: «Մենք սիրո քարոզիչներ ենք, սեր ենք քարոզում Աստծու, հայրենիքի, մերձավորի հանդեպ` լիահույս, որ կվերանա անհանդուրժողականությունը իր բոլոր դրսևորումներով»,- ռազմական ինստիտուտի հոգևոր սպասավոր Հայկ սրկ. Թադևոսյանի խոսքը միջանձնային փոխհարաբերությունների կատարելագործման, բարյացակամության և փոխզիջման մթնոլորտ սերմանելու մասին էր: «Սիրով և հոգատարությամբ լցված հրամանատարի հետևից գնացող զորքը հաղթանակող է»: Հոգևորականի համոզմամբ` երկրի երկու ամենակայացած կառույցների` եկեղեցու և բանակի սերտ համագործակցությունն է ապահովելու հայ մարդու հոգևոր և ֆիզիկական անվտանգությունը: Զորամասի հրամանատար, գնդապետ Ասատրյանի ելույթում` «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման ռիսկերի նվազեցման գործում զորամասի հրամանատարի աշխատանքի ալգորիթմը» վերտառությամբ, կար ուշագրավ մի շեշտադրում. Պարոն Ասատրյանը մեկ առ մեկ նշեց զորամասի հրամանատարի պարտականությունները զինծառայության անվտանգությունն ապահովելու գործում և ներկայացրեց իր փորձը: Հրամանատարի կարծիքով` աշխատանքների խելամիտ ու արդյունավետ կազմակերպումը և մշտական վերահսկողությունը հնարավորություն կտան խուսափելու շատ ու շատ դժբախտ դեպքերից ու պատահարներից, մարդկային և նյութական կորուստներից, հոգեբանական անցանկալի վիճակներից:

Զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության բաժնի պետ, գնդապետ Մխիթարյանը ներկայացրեց պահակային ծառայության անվտանգության ռիսկերի նվազեցման ուղիները, այն առանձնահատկությունները, որոնք պետք է նկատի ունենալ պահակախմբերի անձնակազմը նշանակելիս (բարոյական, հոգեբանական, զգացմունքակամային, ֆիզիկական, սոցիալական), խոսեց պահակախմբերի նախապատրաստման ժամանակ և պահակախմբերում ծառայություն իրականացնելու ընթացքում գործունեության առաջնահերթությունների մասին: -Կոնֆերանսը կծառայի իր նպատակին միայն այն դեպքում, եթե հենց հաջորդ օրվանից գործողության մեջ դրվեն բոլոր հիմնավորված և նորարարական առաջարկությունները և բոլորս լծվենք թերությունների վերացման գործին,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և ԶԾԱԱ վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Աղբյուրը՝ http://www.hayzinvor.am/32906.html

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *