Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ.

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Օրինագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 64—րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաեւ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչեւ 2022 թվականը։
Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդներ) կիրառման ավելացումը կնպաստի նաեւ խցանումների նվազեցմանն ու երթեւեկության անվտանգության մեծացմանը։
Նշենք, սակայն, որ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է արտահայտվել նախագծին՝ հիմնավորելով, որ ինչ—որ ժամանակ անց այդ ավտոմեքենաների էլեկտրական մարտկոցները ուտիլիզացնելու խնդիր է առաջանալու, որի գնահատականները բացակայում են։ Ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ առաջնորդվում են ժամանակակից թրենդով, քան հստակ հաշվարկով։ Նա կոչ է արել հարկային արտոնություններին վերաբերվել խնամքով։
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարը կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը եւ զուգահեռ անցկացրել 10 տարի առաջ գործարկվող սմարթֆոնների եւ էլեկտրամոբիլների միջեւ՝ նմանեցնելով էլեկտրամոբիլը անիվների վրա աշխատող սմարթֆոնի հետ։
Այդուհանդերձ, օրենքն ընդունվել է, եւ այս տարվանից էլեկտրամոբիլ ներկրողները կազատվեն ԱԱՀ—ից մինչեւ նշված ժամանակահատվածը։
Մեկ—երկու տարի է, ինչ Հայաստանում ավտոարշավորդների, ներմուծողների եւ անհատ շահագործողների կողմից հնչում են դժգոհություններ առ այն, որ օրենսդրական բացերը խոչընդոտում են երկրում շահագործել էլեկտրոնային ավտոմոբիլներ։ Նրանք հաճախ էին մատնանշում Եվրոպայի, այդ թվում նաեւ հարեւան Վրաստանում էլեկտրամոբիլային երթեւեկության խրախուսումը եւ առաջարկում էին ՀՀ կառավարությանը՝ վերանայել էլեկտրամոբիլների ներմուծման, շահագործման եւ մաքսազերծման հետ կապված օրենսդրությունը եւ բարենպաստ պայմաններ ստեղծել դրանց շահագործման համար։
Նախորդ տարի համապատասխան մարմիններին հանձնարարվեց ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից եւ տուրքերից, ինչպես նաեւ գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ նախորդ տարիներին էլեկտրամոբիլները Հայաստանում չունեին այնքան մեծ պահանջարկ, որքան հիմա։ 2017—2018թթ. դրանց ներմուծման էական աճ է արձանագրվել, ինչը վկայում է, որ հայ վարորդների շրջանում էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար մեծանում է։ Ըստ կառավարության անդամների՝ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը հարկերից ազատելու որոշումը կարող է նպաստել դրանց ներկրման տեմպերի էական աճին։
2016թ. երրորդ երկրներից ՀՀ է ներմուծվել 5 էլեկտրական շարժիչով ավտոմեքենա, իսկ 2017—ի 9 ամիսներին՝ 28։ Այսինքն, 2016—ի համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը ավելի քան 5 անգամ ավելացել է։
Նշենք, որ եվրոպական շատ երկրներում, մասնավորապես Գերմանիայում, էլեկտրամոբիլների շահագործման մի շարք արտոնություններ կան։ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է մինչեւ 2020 թվականը երկրում 1 միլիոնի հասցնել էլեկտրամոբիլների թիվը։ Ներկայումս Գերմանիայում շահագործվում են 25500 էլեկտրամոբիլ եւ 130000 հիբրիդային շարժիչով մեքենաներ։ Գերմանական կենտրոնի փորձագետներն էլեկտրամեքենաների արտադրության կտրուկ աճ են ակնկալում հաջորդ տարի, քանի որ հենց 2020—ին են համաշխարհային արտադրողներից շատերը նախատեսում շուկա հանել իրենց նորագույն էլեկտրական մոդելները։
Մոտակա 10 տարվա ընթացքում Վրաստանի ավտոպարկի 90 տոկոսը կփոխարինվի էլեկտրամոբիլներով։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ Վրաստանը կլինի աշխարհում միակ պետությունը, որ նման կարճ ժամանակահատվածում կկարողանա իր ավտոպարկը փոխարինել էլեկտրամոբիլներով։ «Սա շատ ամբիցիոզ ծրագիր է»,–նշել է վարչապետը։ Կառավարությունը հստակ արտոնություններ է տրամադրել էլեկտրամոբիլներին։ Վրաստանի կառավարությունը նաեւ զարգացնելու է ենթակառուցվածքները էլեկտրամոբիլների համար, ինչպես նաեւ ֆիսկալ խթաններ է դնելու այդ մեքենաների ձեռքբերման շահավետությունը բարձրացնելու տեսանկյունից։
Անցյալ տարի աշխարհում վաճառվել է 2,1 մլն էլեկտրամեքենա, եւ այս տարի այդ ցուցանիշը կհատի 2,7 մլն—ի սահմանը։ Միջազգային մամուլի վկայակոչմամբ, այս հետազոտությունը պատկանում է Ավտոմոբիլային բիզնեսի կառավարման գերմանական կենտրոնին։
2018—ին էլեկտրամեքենաների մասնաբաժինը բոլոր վաճառված մեքենաների շարքում աճել է 2,4 տոկոսով։ Էլեկտրամեքենաների վաճառքի 60 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին։ Էլեկտրամեքենաների տարածման առաջատար երկրներից է Նորվեգիան, որտեղ 2018—ին 73000 օրինակ է վաճառվել։
Այժմ փորձենք հասկանալ, թե էլեկտրամոբիլները էկոլոգիական շահագործման տեսանկյուններից որքանով են շահավետ, եւ արդյոք առաջիկայում կստեղծվե՞ն ենթակառուցվածքներ դրանց շահագործման համար։ Նկատենք, որ դրանք լիցքավորվում են էլեկտրաէներգիայով, իսկ մարտկոցների լիցքավորման կայաններ դեռեւս չկան, եւ դրանց ներդրման հարցում գլխավոր խնդիրը լիցքակայանների բացակայությունն է։
Էներգետիկայի հայկական գործակալությունը ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ 2018թ. նոյեմբերի 15—ին մեկնարկել է PLUG.am ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի հիմնական նպատակն է զարգացնել էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները՝ խթանելով էլեկտրամոբիլների շուկայի զարգացումը Հայաստանում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել լիցքավորման կայանների ցանց՝ կազմված 2—րդ մակարդակի 7—22 կՎտ հզորությամբ 23 լիցքավորման կայաններից, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում։ Նախագիծը ողջունվել է ՀՀ պետական կառույցների կողմից։
Ինչպես տեղեկացանք ծրագրի պաշտոնական կայքից, նոյեմբերի 1—ին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվել էր օրենսդրական փոփոխության նախագիծ՝ միտված էլեկտրամոբիլների շուկայի ակտիվացումը խթանելուն։
Ըստ նախագծի՝ ՀՀ հարկային օրենսգրքի (ՀO—165) 64—րդ հոդվածում առաջարկվել է կատարել լրացում՝ ներառելով լիովին էլեկտրական էներգիայով աշխատող մեքենաների ներմուծումը ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում, եթե դրանք ներմուծման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չեն արտահանվում (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետություններ)։ Նշված մոտեցումը ուղղված է ԵԱՏՄ անդամ մյուս պետություններ արտահանումը կանխարգելելուն, առեւտրային արբիտրաժից խուսափելուն։ Նախատեսվում էր, որ նախագիծը կգործի մինչեւ 2022 թվականի հունվարի 1—ը։
Ներմուծման ԱԱՀ—ից ազատման նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է, օդի աղտոտվածության եւ աղմուկի նվազեցումը։
Պաշտոնական տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ—ում էլեկտրամոբիլների քանակը չի գերազանցում մի քանի տասնյակը։ Մինչդեռ վերոհիշյալ նախագծի շնորհիվ էլեկտրական մեքենաների ձեռքբերումը նոր թափ կստանա ԱԱՀ—ի բեռից ազատման դեպքում։
Ծրագրի հիմնական նպատակն է ներմուծել եւ տեղադրել նվազագույնը 23 լիցքավորման կայաններ էլեկտրական մեքենաների համար Երեւանում եւ մարզերում։ Այսպիսով, ծրագիրը կնպաստի շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների քանակի ավելացմանը, ինչը իր հերթին կհանգեցնի օդի աղտոտվածության կրճատմանը։ Էլեկտրամոբիլի առավելությունը նաեւ այն է, որ մարտկոցը ծառայում է երկար տարիներ։ Բնապահպանների գնահատմամբ, էլեկտրական շարժիչով ավտոմեքենան բացարձակապես որեւէ վնաս չի հասցնում բնությանը։ Սակայն նրանց գլխավոր առավելությունն այն է, որ չունեն թունավոր արտանետումներ։
Բացի այդ, աշխատում են անաղմուկ, եւ վարորդները վճարում են միայն լիցքավորման արդյունքում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց։
Էլեկտրամոբիլը կարելի է լիցքավորել տան պայմաններում, սովորական հոսանքագծով, որը տեւում է մոտ չորս ժամ։ Որից հետո ավտոմեքենան կարող է անարգել երթեւեկել մինչեւ 120 կմ։ Սակայն, ըստ ավտոարշավորդների, ունի նաեւ իր բացասական կողմերը, որոնցից մեկը ընթացքի արագության սահմանափակումն է, այսինքն՝ արագընթացի սիրահարները չեն կարողանա իրենց նախընտրած արագությամբ այն վարել։
Թեեւ շատ հայ վարորդներ հասկանում են խնդիրը եւ պատրաստ են անցնել էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործման, սակայն դրա համար համապատասխան պայմանները դեռ բավարար չեն. բացակայում են լիցքավորման ենթակառուցվածքները։
Թե որքանով էլեկտրական, էկոլոգիական եւ տնտեսապես շահավետ բոլորովին նոր տրանսպորտային միջոցը կներխուժի մեր կենցաղ եւ կփոխարինի վառելիքով շահագործվող մեքենաներին, վաղ է կանխատեսել, քանի դեռ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել։ Սակայն այն, որ դրա արդյունավետությունը եւ հեռանկարայնությունը բարձր են, անվիճելի է, ինչպես նաեւ փաստ է, որ շուկայում հետաքրքրությունը մեծ է նորագույն մեքենաների նկատմամբ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *