Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Պապի հայտարարությունը «զառանցանք» է որակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է որպես զառանցանք և նախազգուշացրել Պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը:

Նա անդրադարձել է վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկո 1-ին պապի ունեցած ելույթին, որի ժամանակ Պապն ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»:
«Երբ քաղաքական գործիչները, կրոնավորները ստանձնում են պատմաբանների պարտականությունները, արդյունքը՝ զառանցանքն է, ոչ թե փաստերը: Այսպիսով, ես ուզում եմ կրկնել մեր կոչը՝ համատեղ պատմաբանների խումբ ստեղծելու մասին, և շեշտում եմ, որ մենք պատրաստ ենք բացելու մեր արխիվները: Ես ուզում եմ զգուշացնել Պապին այլևս չկրկնել այս սխալը և դատապարտում եմ նրան», – Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես հայտնում է են թուրքական իշխանական լրատվամիջոցներին («Sabah», «Yeni akit», «Anadolu»), նախագահական պալատում «Թուրքիայի արտահանողների խորհրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վերոնշյալի կապակցությամբ ասել է.

«Ես պետք է ասեմ, որ շատ վշտացած եմ պապի խոսքերից: Երբ նա Անկարա էր եկել, ես, ի դեմս նրա, բոլորովին այլ քաղաքական գործչի էի տեսնում: Տեսեք` չեմ ասում կրոնական գործիչ, ասում եմ` քաղաքական գործիչ: Ինչևէ, մենք թույլ չենք տա, որ պատմական իրադարձություններն աղավաղվեն և վերածվեն մեր դեմ ուղղված քարոզարշավի: Ճիշտ է, հայերի կրած նեղությունների մասին գիտենք և ցավում ենք: Բայց օսմանցիների զավակներն էլ են սպանվել, նահատակվել»:
Այնուհետև Էրդողանը կրկին հնչեցրել է արխիվները բացելու և հարցը պատմաբանների քննարկամնը թողնելու պաշտոնական Անկարայի կոչերը` շեշտելով. «Մենք բացում ենք մեր արխիվները: Հայաստանն էլ թող այդպես անի, բայց չի անում: Ես դատապարտում եմ Պապի այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ նախօրեին պապը Սուրբ Մարթա եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ բոլոր իր հետևորդներին կոչ էր արել միշտ ասել ճշմարտությունը և չվախենալ դրա համար:
«Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ», – ասել էր Հռոմի պապը:
Այս մասին գրում է Աթենքի «Հայաստան» թերթը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *