Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկեցին

«Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները մեկնարկեցին առավոտյան ժամը 10:00-ին`«Սանիթեք» ընկերության նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների շքերթով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Տոնի առիթով հատուկ զարդարված ջրցանների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել յուրատեսակ շքերթի, որով էլ, ըստ էության, մեկնարկել է «Իմ ջերմ ու բարի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2797» -ի տոնակատարության երկրորդ օրը։

«Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անց է կացվել 1968թ. հոկտեմբերին. նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ Հոբելյանական հանդիսությունները տևեցին մոտ մեկ շաբաթ։ Միջոցառումները շատ էին, բազմազան ու բովանդակալից. հրատարակվեցին Երևանի պատմությունը ներկայացնող նոր գրքեր, էկրան բարձրացան Երևանի առօրյան արտացոլող նոր ֆիլմեր, բացվեցին ցուցահանդեսներ, ստեղծվեցին Երևանի մասին նոր երգեր, թողարկվեցին բազմապիսի հոբելյանական հուշանվերներ, որոնք այժմ էլ հիշեցնում են այդ շքեղ տոնակատարության մասին։ Գեղեցիկ միջոցառումներ էին Ծաղկի տոնը, Երգի տոնը, որի ժամանակ 2750 հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երևան» օրհներգը։

Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երևանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց «Էրեբունի», բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության հրապարակում, նախագծվեց «Էրեբունի» գորգը, 2750 ծառ տնկվեց Արին-Բերդի ստորոտում և, վերջապես, հոբելյանական զանգվածային միջոցառումները եզրափակվեցին Հանրապետական մարզադաշտում` հանրահավաք-տոնահանդեսով։

Քաղաքի հրապարակներում, պողոտաներում, այգիներում, պուրակներում ու փողոցներում պատրաստված բեմահարթակների վրա մի քանի օր շարունակվում էին արվեստի խմբերի համերգները, երգի ու ցնծության հանդեսները։ Ավանդական դարձած այս տոնը տարեցտարի դարձավ ավելի բազմաբնույթ, ավելի ժողովրդական։ Տոնահանդեսի արդեն ավանդական դարձած միջոցառումների կողքին երևան եկան նորերը. Բարեկամության տոն, Նորապսակների տոն, Բնակարանամուտի տոն, Պոեզիայի տոն, Աշխատանքային փառքի տոն, Պատանի երևանցու տոն, դիմակահանդեսներ, ժողովրդական զբոսանքներ, ազգային խաղեր, մարզական մրցումներ, «Ոսկե աշուն» ամենամյա տոնահանդեսներ և այլն։ Երևանցիներից շատերը վկաներն են այդ անմոռանալի տոնական օրերի և հանդիսությունների։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *