Ընդվզում, որը սակայն ֆեմինիստական շարժման կոչ չէ . Տիեզերական կամքով` կանայք ուժեղանում են, տղամարդիկ` թուլանում

Աստղագուշակագիտության համաձայն` 2000 թվականից սկսած, մեկ դար շարունակ, մայրիշխանություն է: Տիեզերական կամքով` կանայք ուժեղանում են, տղամարդիկ` թուլանում: Ճիշտն ասած, եթե դա տիեզերական կամքի արտահայտություն է, կարծես թե չպետք է այլևս տառապել տղամարդկանց իշխանության հետընթացի բազում օրինակներից, այլ բնականորեն օգտվել բնության տված ուժից: Ուրեմն` տղամարդիկ հոգնել են դրսի կյանքից, կանայք էլ հոգնել են տղամարդկանցից դժգոհ լինելուց, տնային ամենօրյա կրկնվող անպարունակ ու ձանձրալի նույնաբանություններից:

Հիմա ի՞նչ անենք, գուցե դուք մտնեք տուն, իսկ կանայք էլ դուրս գան, ձեր չլուծած կամ բարդացրած խնդիրների լուծմա՞մբ զբաղվեն: Ի դեպ, եթե մի քիչ ավելի ես խորանում խնդրի մեջ, տղամարդկանց տուն ուղարկելու բազմաթիվ այլ պատճառներ ևս գտնում ես: Զարմանալ կարելի է հայ կանանց համբերության վրա, որ մինչ այսօր լուռ ու անմռունչ դիմանում են զրկանքներին, անտարբերությանը, անտերությանը:

Այն կանայք, ովքեր աշխարհի բոլոր տղամարդկանցից հայ տղամարդուն են գերադասում ու ամբողջ կյանքով ու էությամբ նրան նվիրվում, նրան ուժեղացնում, նրա համար զավակներ ծնում ու մեծացնում, հավասար կամ ավելի` աշխատում, տուն ու օջախ ամուր պահում` այսօր դեմ են դուրս գալիս նրանց ստեղծած բարքերին, պետականաշինության ձևերին, երկրի ու ժողովրդի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին, իրենց ծնած զավակներին օտար երկրներին բաժին հանողներին: Սա ֆեմինիստական շարժման կոչ չէ: Պարզապես, համբերությունն էլ չափ ու սահման ունի: Իսկ համբերության բաժակը մոտ է լցվելուն, որովհետև ոչ կանայք, ոչ երեխաները, ոչ էլ հենց իրենց, տղամարդկանց զգալի տոկոսը լավ չեն զգում իրենց: Պետական մտածողության համարժեք գաղափարներ չունեն լուծելու, և ինչպես ավանդաբար սովոր են եղել գոյատևման պայքարի, այնպես էլ շարունակում են օրվա հացի կռիվ տալով օր մթնեցնել:

Ասում են հարևան երկրներից եկող բիզնեսմեններն ու հյուրերը մեր մայրաքաղաքում վայելում են ժամանակակից ժամանց-վայելքի բարձրակարգ վայրերը: Եվ, իբր թե, դրանք ևս կարող են տարածաշջանում առաջատար ու եկամտաբեր ճյուղ լինել երկրի համար: Բայց մեզ համար անսովոր այդ հաստատությունները իրենց մեջ կլանում են բարոյականության ավանդական բոլոր չափանիշերը. այնտեղ աշխատում են երիտասարդ տղաներ և աղջիկներ, փողի վաստակի կռիվներում նրանք խաղատան, գիշերային ստրիպտիզ ակումբների, բազմաթիվ հյուրանոցների սպասարկող անձնակազմի մեջ են:

Չգիտեմ, թե ինչ են տեսնում ու ինչ գնով են վաստակում նրանք ապրուստի միջոցը, բայց ոչ ոք այլևս վստահ չէ, որ հայ տղամարդը հայ կնոջ թիկունքին կանգնած նրա պահապանն ու բարոյական ավանդույթների սատարն է: Իսկ հանրածանոթ երգիչն էլ գիշերային սեղանների թագուհու մասին է երգում, ուրիշների հետ նրա կիսած գիշերների թվում իր բաժինը ևս երազում: Սա է խնդիրների խնդիրը: Ի՞նչ է կատարվում գիշերային Երևանում, ի՞նչ փողեր են ցփնվում, որտե՞ղ, ինչի՞ վրա:

Քանի դեռ սովորական, շարքային հայ մարդը հոգնածությունից ու անհուսությունից մի քանի ժամով քնի մեջ հանգստանալու է հեռանում, մի խումբ հարստացածներ օյին-զոյիններ են անում այդ գիշերային ակումբներում, հոթել-մոթելներում, խաղատներում, հայտնի-անհայտ կասկածելի հաստատություններում: Ճոխությունից ամաչող սեղանների շուրջ իբր թե երկրաշինական հարցեր են քննարկում, իրար` կենացներ, բացականերին` բամբասանքներ կպցնում: Սա՞ էր մեր ուզածը: Կանանց ուզածը հաստատ դա չէր: Որ իր երեխային կերակրելու համար Թուրքիա՞ հասնի: Որ կրթության ու աշխատանքի հարց լուծելու համար Ամերիկա՞ գնա արտագաղթած հայերի տանը տուն մաքրող ու դայակ աշխատի, Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը ստորացնի:

Որ խոպան գնացած ամուսինների կարո՞տը տարիներով քաշի, ծերանա, թոշնի, իր ամուսնուն խոպանի տիրուհու՞ն հանձնի: Ոչ, պարոնայք, սա չէ մեր ուզածը: Դուք հարստացել եք, ձեր ճաշակին ու քիմքին վայել քեֆ եք քաշում, բայց մեր երեխաների ու ամուսինների, ու հատկապես մեզ համար նման կյանքը հաստատ երանելի չէ:

Իրավունք ունե՞նք ընդվզելու և բռունցքը սեղանին խփող ուժեղ տղամարդու սպասումից հոգնած` ասելու. Էլ բավական է, մենք այսպիսի կյանքի համաձայն չենք:

Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ 

«Էկոնոմիկա» ամսագրի գլխավոր խմբագիր

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *