Ըստ սննդաբանի, պետք է ճիշտ սնվել, առողջ ապրել եւ վերաիմաստավորել կյանքը

Քանի որ արտակարգ դրությունը Հայաստանում շարունակվելու է մինչեւ ապրիլի 14-ը, ուստի երկարաժամկետ ընթացքով պայմանավորված, տանն ինքնամեկուսացումը կարող է իր մեջ նաեւ սթրեսային գործոն պարունակել: Այս օրերին սոցցանցերում հանրությունն ակտիվ քննարկում է իր կենսակերպը, փոխանակվում արդեն ընթերցված գրքերով, ֆիլմերով, խորհուրդ տալիս միմյանց՝ ինչպես հաղթահարել պարապուրդը՝ հնարավորինս փորձելով հետաքրքիր ու իմաստավոր դարձնել կյանքը՝ տանը մնալով: Ոմանք միմյանց հետ կիսվում են տանը մեկուսացված պայմաններում իրենց առօրյան մի փոքր ավելի վառ անցկացնելու փորձառությամբ, ոմանք կիսվում կերակուր պատրաստելու համեղ բաղադրատոմսերով եւ այլն: Սակայն այդ ամենով հանդերձ, դժգոհություններն էլ չեն պակասում, ոմանք գանգատվում ենք քաշի ավելորդ զանգվածի կուտակումից, ոմանք ավելորդ քնկոտությունից, ոմանք անհաղթահարելի սթրեսից:
Այս պարագայում սննդաբանները խորհուրդ են տալիս շեշտադրում անել ոչ միայն գիրացման գործոնի նվազեցման, այլ դիմադրողականության բարձրացման , սթրեսի հաղթահարման եւ առողջ ապրելակերպի պահպանման վրա: Ինչպե՞ս տան պայմաններում ճիշտ կազմակերպել առօրյան, ինչպես ճիշտ սնվել եւ հեշտությամբ հաղթահարել սթրեսը՝ միաժամանակ բարձր պահելով դիմադրողականությունը մեզ հետ զրույցում իր դիտարկումներով կիսվեց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: Ըստ նրա, կան հստակ հետազոտություններ, որոնք փաստում են, որ նմանատիպ ռեժիմներում տանը մնալու պայմաններում սթրեսը հանգեցնում է ավելորդ քաղցի առաջացման, մանավանդ երբ մարդը տանն է եւ մոտ լինելով սառնարանին, պահեստավորված սննդին կարող է անընդհատ պատեհ եւ անպատեհ սնվելու ցանկություն ունենալ: Դարձյալ նույն հետազոտություններից ելնելով սննդաբանը հավելում է՝ բնականաբար այդ ընթացքում ընդունած սնունդը սովորաբար օգտակար ներգործություն չի կարող թողնել օրգանիզմի վրա:
<<Շատ կարեւոր է այս օրերին ունենալ այնպիսի սննդակարգ, որն առաջին հերթին կնպաստի աղիքային միկրոբիոտայի վրա , որն ըստ ունեցած ապացույցների, օգնում է բարձրացնել դիմադրողականությունը: Մեծ քանակությանբ շաքարը կամ միատեսակ սնունդը բացասական ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Պետք է ընդունել լիարժեք հավասարակշռված սնունդ: Այս օրերին մենք պետք է երկու կարեւորագույն խնդիր լուծենք: Սննդակարգը պետք է բաղկացած լինի արագ յուրացվող ուտելիքներից, որոնք պարունակում են մեծ թվով վիտամիններ եւ հագեցած լինի ինչպես բուսական, այնպես էլ կենդանական մթերքներից: Ցանկալի է առօրյայում կիրառվող քաղցրավենքը եւ շաքար պարունակող այլ մթերքները փոխարինել պտուղ բանջարեղենով՝ գազարով, կաղամբով, լոլիկով, բրոկոլիով, կանաչեղենով, ցիտրուսային մրգերով՝ օրինակ , կիվին, թուրինջն ու նարինջը էապես նպաստում են դիմադրողականության բարձրացմանը>>,- ասաց Դավիթ Պիպոյանը՝ կենդանական ծագման մթերքներից հորդորելով ավելի շատ սննդակարգում կիրառել ձուկը:
Հաճախակի հնչող այն հարցի շուրջ, որքանո՞վ կարող է որպես հակասթրեսային միջոց ծառայել ալկոհոլը, Դավիթ Պիպոյանն իր դիտարկում ունի: Կատարված հետազոտությունները փաստում են, որ միակ ալկոհոլային խմիչքը, որն այս առումով օգտակար է, եւ հանդիսանում է նաեւ իմունային համակարգի խթանիչ՝ կարմիր գինին է չափավոր քանակությամբ, մինչեւ 120 գրամ: Որպես սթրեսի հաղթահարման մեկ այլ բաղադրիչ, սննդաբանը խորհուրդ է տալիս գինու հետ նաեւ մեկ կտոր շոկոլադ օգտագործել: Բացի այդ, բավական լավ ազդեցություն ունեն տաք հեղուկները, դրանցում ավելացնելով դարչին, կոճապղպեղ, կարկադե, կիտրոն, մեղր: Այն կարծրատիպը, թե հակավիրուսային լավագույն միջոց կարող է հանդես գալ ալկոհոլը, մասնավորապես օղին, սննդաբանը հակադրվեց՝ ավելի մեծ սպիրտի բաղադրություն պարունակող խմիչքը երկարաժամկետ օգտագործման դեպքում կարող է հանգեցնել դիմադրողականության անկման:
Բացի սննդակարգից պարապուրդում կարեւոր է նաեւ քնի ճիշտ ռեժիմի կազմակերպումը: Ըստ սննդաբանի քունը եւս սթրեսը շատ կարեւոր գործոններ են: Քունը սթրեսի եւ քաշի ավելացման գործում ունի կարեւոր դերակատարում: Մասնավորապես, քիչ քնի դեպքում կարող է առաջանալ նյութափոխանակության խանգարում եւ նպաստել քաշի ավելացմանը: Առավոտյան երկար քնելը, ըստ զրուցակցիս, կարելի է փոխարինել կեսօրին մեկժամյա քնով, ինչը օգտակար է եւ օրինաչափ: 8 ժամյա քունը չափահաս տարիքում գտնվող մարդու համար դրական ազդեցություն է թողնում: Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը նաեւ խորհուրդ տվեց մարմնամարզությամբ զբաղվել տան պայմաններում ՝ հետեւելով մասնագիտական առցանց ուղղորդող վարժություններից:
Որպեսզի մարդիկ կարողանան հեշտ անցում կատարել առողջ ապրելու սննդակարգին, Դավիթ Պիպոյանը դրանում նաեւ դրական միտում է տեսնում:<<2020 թ-ը փոփոխությունների տարի է լինելու>>, – ասում է նա՝ նշելով, արտակարգ դրությունից դուրս գալու եւ առկա սահմանափակումների վերացումից հետո մարդիկ այլ կյանքով են սկսելու ապրել, արժեվորել ամեն պահը, վերաիմաստավորել կյանքը՝ դրական էմոցիաներ փոխանցելով միմյանց:
Դավիթ Պիպոյանը նկատեց ՝ առկա իրավիճակը ստեղծում է հնարավորություն փոխվելու , կրթվելու, սովորելու, սեփական առողջության հանդեպ ինքնագիտակցությունը բարձրացնելու առումով: <<Նկատենք, այս օրերին ազգաբնակչությունը որքան հաճախ է լվացվում, հետեւում հիգիենայի պահպանմանը: Այսինքն իրավիճակը բերեց նաեւ մշակութային փոփոխության, սերմանեց յուրաքանչյուրի մեջ սոցիալական պատասխանատվության զգացում: Նույնը կարող է լինել նաեւ առողջ ապրելակերպի, ճիշտ ու հավասարակշռված սնվելու տեսանկյունից>>- նշեց Դ.Պիպոյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *