Թալիշը վերաբնակեցվելու է. Նաեւ քայլեր կկատարվեն Արցախի հզորացման ուղղությամբ

«Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ու հասարակությունների կարծիքը արցախյան խնդրի լուծման բանալիների շուրջ նույնն է. Արցախը պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով ու չի կարող որեւէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում,– Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

–Սա ե՛ւ զինվորի, ե՛ւ նախագահի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքն է։ Սակայն այնտեղ ապրիլյան պատերազմից հետո որոշակի բարեկարգման աշխատանքներ եւ շտկումներ իրականացնելու կարիք կա»։ Նրա խոսքով՝ առաջինը զինվորական խնդիրներն են։

ԱԺ փոխնախագահը նոր է վերադարձել Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցից. նա եղել է առաջնագծում եւ կարող է վստահեցնել, որ այսօր մեր առաջնագիծն ապահովված է տեխնիկական, ռազմատեխնիկական ողջ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են առաջնագծում խաղաղություն ապահովելու համար։ «Մեր զինվորների մարտական պատրաստվածությունը եւ մարտական ոգին շատ բարձր մակարդակի վրա են։ Նույնը կարող եմ ասել հարգարժան սպաների մասին»,—նշել է ԱԺ փոխնախագահը։ Նա հավելել է, որ Արցախի իշխանությունների եւ ընդհանրապես հայության համար կարեւոր խնդիր է Թալիշ գյուղի վերաբնակեցումը։

«Մենք այս հարցը քննարկել ենք թալիշցիների, նախագահ Բակո Սահակյանի, հարգարժան Վիտալի Բալասանյանի հետ։ Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել եւ եկել ենք եզրակացության, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել Թալիշի վերականգնման եւ վերաբնակեցման ուղղությամբ։ Մենք պետք է ֆոնդ բացենք, որպեսզի Թալիշի դպրոցն ու մանկապարտեզը կարճ ժամանակում վերականգնենք ու լուրջ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր թալիշցի քույրերն ու եղբայրները վերադառնան իրենց հայրենի գյուղ։ Հակառակ դեպքում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի սահմանամերձ շրջանները Ադրբեջանի կրակի տակ են։ Եթե մտածենք, որ թեկուզ տեսականորեն կարող են կրակել, մենք մեր տարածքի 1/3—ը կարող ենք չբնակեցնել։ Նման բան չի կարող լինել։

Մեր առաջնային նպատակն անվտանգության ապահովումն է, որպեսզի մեր քույրերն ու եղբայրները վերադառնան եւ ապրեն իրենց հայրենի գյուղում»,–ասել է Շարմազանովը։ ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինի պատերազմի, եթե ցանկանում է ապրել անկախ ու անվտանգ հայրենիքում, սակայն դա չի նշանակում, թե վաղը պատերազմ է լինելու։ Նրա խոսքով, Ադրբեջանը փորձում է դիվերսիոն գործողությունների, տարբեր ավանտյուրաների եղանակով այնպես անել, որ Ղարաբաղի, Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությունն աստիճանաբար պակասի։ «Նրանց նպատակը չի իրականանալու, մենք ավելի ենք շատանալու։ Ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ տպավորություն է, որ Երեւանում մարդիկ մի տեսակ հանգիստ են։

Բայց այն դրական աժիոտաժը, որը եղավ ապրիլին, մեզ դրա երկրորդ ալիքն է պետք, որպեսզի Հայաստանը, Արցախը, սփյուռքը միավորվեն։ Սա արցախյան հարց չի, սա հայության հարց է։ Հայկական հարցի մի դրսեւորում էլ արցախյան խնդիրն է։ Որովհետեւ Ադրբեջանի նպատակն է հնարավորինս թույլ չտալ, որպեսզի արցախահայությունը հնարավորություն չունենա իրացնելու իր ինքնորոշման իրավունքը։ Չի լինելու դա։ Արցախահայությունն այնտեղ ապրել է, ապրում է ու պետք է ապրի։ Մենք էլ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր հայի հայացք այսօր պետք է ուղղված լինի Արցախին։

Պետք չէ, որ անպայման կրակ լինի, նոր ընդդիմությունն ու իշխանությունը միավորվեն։ Մենք պետք է միավորվենք եւ գործուն քայլեր կատարենք։ Մեր քույրերն ու եղբայրները պետք է գիտակցեն, որ միայն պատերազմի ժամանակ չէ, որ մենք կարող ենք համախմբվել։ Պետք չէ հանգստանալ, պետք է ամեն օր ու ամեն վայրկյան քայլեր կատարել Արցախի ու Հայաստանի հզորացման համար»,–եզրափակել է ԱԺ փոխնախագահը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *