Talish-village-karabakh-696x463

Թալիշը վերականգնվում, վերակառուցվում է եւ նոր ուժ առնում

Անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով, մարդկային անդառնալի կորուստների հետ մեկտեղ, տնտեսական զգալի վնասներ կրեց տնտեսությունը։ Հրետակոծություններից ավերվեցին բնակավայրեր, շարքից դուրս եկան ենթակառուցվածքները, կենսական նշանակության շինություններ եւ այլ օբյեկտներ։ Ռազմագործողություններից առավելապես տուժեցին թշնամու թիրախում հայտնված սահմանամերձ Թալիշն ու Մատաղիսը, Մարտակերտ քաղաքը։ Եթե արագ վերականգնվեցին Մարտակերտ եւ Մատաղիս բնակավայրերին հասցված վնասները, ապա Թալիշում, որ վերածվել է հսկա շինհարթակի, մեծ թափով շարունակվում են վերականգնողական աշխատանքները։
Հրադադարից հետո այստեղ իրար են հաջորդում երկրի ղեկավարների եւ գերատեսչությունների պատասխանատուների այցելությունները, որոնց ընթացքում քննարկվում, հստակեցվում են ծրագրերը, ուրվագծվում առաջնահերթությունները։ Թալիշ համայնքի լիազոր ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանի հավաստմամբ, իրավիճակին ծանոթանալու եւ նոր հանձնարարականներ տալու նպատակով բնակավայրում հատկապես հաճախ են լինում հանրապետության նախագահն ու վարչապետը, եւ հրավիրված խորհրդակցություններում ավելի է կարեւորվում սահմանամերձ բնակավայրի վերականգնման ու զարգացման ռազմավարական նշանակությունը։ Առաջին փուլում այստեղ վերակառուցվել, բարեկարգվել են գյուղ մտնող, ինչպես եւ գյուղամիջյան ճանապարհները, վերականգնվել խաթարված ջրագծերը։ Հիմնովին վերափոխվել են էլեկտրասնող գծերն ու հենասյուները, լուսավորվել փողոցները։ Բարեփոխումների իրագործմանը մասնավորապես նպաստել է էլեկտրական նոր ենթակայանի տեղադրումը։
Ներկայումս Թալիշում աշխատանքների գլխավոր ուղղությունն ավերված տների վերականգնումն ու նոր առանձնատների կառուցումն է, հասարակական օբյեկտների շինարարությունը։ Լեւոն Ապրեսյանի խոսքով՝ այդ գործընթացն այստեղ մեկնարկել է անցյալ տարվա նոյեմբերին, եւ, վերջին շրջանում, կապված եղանակների տաքացման հետ, շինարարության ծավալները գրեթե կրկնապատկվել են։ «Գյուղի գլխավոր հատակագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել նոր թաղամաս՝ հարմարավետ նորակառույց առանձնատներով, բարեկարգ ու լուսավոր փողոցներով, կենսական նշանակության շինություններով,–մանրամասնում է լիազոր ներկայացուցիչը։–Թալիշ մտնող առաջին այցելուի ուշադրությունն անմիջապես գրավում է շինարարների հորդաբուխ աշխատանքը։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ շահագործել ժամանակակից պահանջներին համահունչ համայնքապետարանը, որտեղ կտեղակայվեն մշակույթի տունն ու գրադարանը, բուժկետը եւ մանկապարտեզը։ Քանի որ հակառակորդի գնդակոծություններից ավերվել է հանդիսությունների տունը, հիմքից սկսած նորն է այսօր կառուցվում, որը ծավալի առումով զգալիորեն գերազանցելու է նախորդին։ Գյուղին նոր շունչ կհաղորդի նորակառույց առանձնատներով թաղամասը, որտեղ յուրաքանչյուր աշխատանք իրականացվում է քաղաքաշինության նորմերի նոր պահանջներին համահունչ»։
Հատկանշական է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, մարդիկ կունենան ապաստարաններ։ Ասել է թե՝ կառուցվող բոլոր առանձնատները, որպես առաջնահերթություն, կապահովվեն 20 քառ. մետր ընդհանուր տարածք զբաղեցնող ամրակուռ նկուղներով։ «Բնակիչները, համոզված լինելով, որ արտակարգ իրավիճակներում իրենց ընտանիքները պաշտպանված են, ու վտանգված չէ նրանց կյանքը, ավելի հույսով ու հավատով կկապվեն հարազատ ծննդավայրին, կձգտեն ետ բերել կորցրածը եւ շենացնել օջախները»,–կարծում է Լեւոն Ապրեսյանը՝ հավելելով, որ մի քանի ընտանիքներ վաղուց են վերադարձել գյուղ ու զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, մյուսներն անհամբեր սպասում են նորակառույց առանձնատներ տեղափոխվելուն։
Թալիշ համայնքի լիազոր ներկայացուցիչը համոզված է, որ ոչ ոք հուսախաբ չի լինելու եւ հարազատ բնօրրանում իրեն զգալու է տեր ու տիրական։ Մեկ տարվա մեջ այնքան շատ բան է փոխվել գյուղում։ Պետությունը շահագրգռված է արագ ավարտին հասցնել առանձնատների կառուցումը։ «Ալաշան բնակավայրից մարդկանց տեղափոխումն իրականացվելու է փուլերով եւ 120—140 ընտանիք բնակարաններով կապահովվի,–ասում է նա։–Ու մինչեւ իրենց մշտական բույնը կունենան, մարդիկ խմբերով գալիս են գյուղ՝ մշակում այգիներն ու հողամասերը, էտում խաղողի վազերն ու ծառերը, նոր տունկ կատարում։ Ոմանք արդեն հասցրել են կարտոֆիլ ու վաղահաս մշակաբույսեր ցանել։ Դաշտերում եւս հողագործներն ու մեխանիզատորները զբաղված են գարնան աշխատանքներով»։ Մեքենատրակտորային կայանի տնօրեն Խոսրով Օհանյանը հավաստիացնում է, որ ականազերծված տարածքներում հերկը ժամանակին կկատարվի։ Նախատեսված է եգիպտացորեն, հնդկացորեն եւ այլ մշակաբույսեր ցանել։ «Թալիշի հողերը բերրի են, ու միշտ էլ առատ բերք է աճեցվում։ Այս տարի եւս բացառություն չի լինի, եւ գյուղացին կստանա իր տքնանքի արդյունքը,–համոզված է Խ. Օհանյանը։–Միայն թե խաղաղություն լինի»։
Թալիշում հայտնի Խալափյանների գերդաստանը տարիներ շարունակ աչքի է ընկել հողագործությամբ եւ անասնապահությամբ՝ դեռ խորհրդային շրջանում։ Այսօր այդ առաքելությունն արժանապատվորեն շարունակում է օջախի որդին՝ Սերյոժա Խալափյանը, ով արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է։ Կամավորականների հետ նա դարձյալ առաջնագծում էր ապրիլյան պատերազմի օրերին, դիրքապահ զինվորների հետ սահմաններն էր հսկում։ Հետո, երբ համայնքում վերականգնողական աշխատանքներ են ծավալվել, վերադարձել եւ իր մասնակցությունն է ունեցել։ Ազատ պահերին էլ սիրած այգում է, տնամերձ հողամասում, նոր տնկիներ, սերմեր է պահ տալիս հողին, սպասում, որ Ալաշանում սովորող երեխաները պարապմունքներն ավարտելուց հետո գան եւ ամառային արձակուրդը գյուղում անցկացնեն, վայելեն այգու բարիքները։
«Հավատացած եմ, որ ամռանը շատերն են ընտանիքներով վերադառնալու։ Մեծ ու փոքրով բոլորն էլ կարոտել են գյուղին, իրենց օջախներին։ Ու եթե տեսնեն, թե շինարարական ինչպիսի մեծ աշխատանքներ են այստեղ ընթանում, եւ Թալիշը ժամ առ ժամ ոնց է վերափոխվում, դառնում անճանաչելի, կգան ու այլեւս հետ չեն դառնա,–ասում է Սերյոժան։–Դե, բնության, հողի ձգողական անբացատրելի ուժի մասին վիճարկել հնարավոր չէ։ Այս դրախտավայրից հեռանալ կլինի՞»։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *