ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ՄԵԾԱՑԵԼ ԷՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ

Պոլսահայ համայնքի բողոքներն ու ստորագրահավաքներն անտեսելով, մայիսի 6-ի առավոտյան, թուրքական իշխանությունները քանդել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող ճամբար-մանկատունը, որտեղ տասնամյակներ բազմաթիվ հայ որբերի թվում աշխատել և ապրել են 2007-ին Ստամբուլում սպանված «Ակօս» հայկական թերթի հիմնադիր Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը:

Քանդումը կիսատ է մնացել քաղաքացիների այդ թվում` ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական թեկնածուներ՝ Կարո Բալյանի, Սեզին Ուչարի և Ալի Չելիքի միջամտությամբ: Հայկական «Ակօս» թերթի հաղորդմամբ մայիսի 6-ի առավոտյան «Արմեն ճամբար»-ի («Kamp Armen») տարածք են մտել շինարարական մեքենաները և սկսել են քանդել շինությունը` չնայած վերջին օրերին ճամբարի քանդման դեմ համացանցում սկսված ստորագրահավաքին: Ճամբարը հայ համայնքին պատկանող և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է:

1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո, երբ Արևմտյան Հայաստանում այլևս որևէ հայկական դպրոց չէր մնացել, ավելի քան 1500 հայ որբեր էին ապրում այս ճամբարում ու հայերեն սովորում: Արմեն ճամբարի քանդումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունների առաջին դեմքերը արհամարհական հակազդեցություն են ունենում և «առ ոչինչ» են համարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 12-ին, Պապ Ֆրանչիսկոս 1-ինի վատիկանյան հայտնի պատարագի ժամանակ Հայոց ցեղասպանության դատապարտումը, Գերմանիայի նախագահի դատապարտումը, ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից Հայոց ցեղասպանության կապակցությամբ Թուրքիային ուղղված զգաստության հրավերի կոչը, ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունումն ու դատապարտումը ու նաև Թուրքիային հղված այն կոչը, որով Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է համարվում հետևողական հաշտեցման համար և այս շարքում կատարված այլ հայտարարությունները:

Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Թուրքիայի հայության դեմ ի գործ դրվող հետևողական ճնշումները և թուրքական իշխանությունների դրսևորած համառ ու ոչ կառուցողական կեցվածքը, որ ավելի գռեհիկ դրսևորում ստացավ Դարդանելյան տոնակատարությունները մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխելու գռգրիչ քայլից հետո, որն անհարգում էր ոչ միայն հայության 1.5 միլիոն զոհերի հիշատակը և վիրավորում ցեղասպանության վերապրողներին, այլև համայն քաղաքակիրթ մարդկության:

Կոչ ենք ուղղում համայն աշխարհի և առաջին հերթին Թուրքիայի առաջադեմ հանրային կարծիքին, որ դատապարտելով Թուրքիայի իշխանավորների դրսևորած ծայրահեղական և անպատասխանատու կեցվածքները, համերաշխություն հայտարարեն իր սեփական երկրում ցեղասպանության ենթարկված հայության, նույն ժամանակ դատապարտելով նաև հայ համայնքի և այլ ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ կիրառվող հալածանքները և խտրականությունները: ԵՀՀ-ը համոզված է, որ գռգրություններ հարուցող և տարածաշրջանը դեպի անկայունություն և տագնապ առաջնորդող Թուրքիայի վարիչների որդեգրած անհանդուրժողական ներկա քաղաքականությունը, առաջին հերթին այդ երկիրը կանգնեցնլու է անկայունությունների և խռովությունների առջև, ու բարձրացնելու է ազգային ատելության և լարվածության նոր ալիք:

Չմոռանանք, որ Թուրքիան մարդկային իրավունքների ամենօրյա խախտման, խոսքի ազատության բռնաբարման և աշխարհի ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է: Եվրոպայի Հայերի Համագումարը իր երախտագիտական խոսքն է ուղղում վերոնշյալ և մինչ այժմ տարբեր երկրների և միջազգային ատյաններին, ինչպես նաև Թուրքիայի առաջադեմ տարրերին՝ լրագրողներին, գրողներին ու մտանորականներին, որ իրենց առողջ կեցվածքով և բազմաթիվ սպառնալիքների առջև կանգնելով հանդերձ, հանդես են գալիս հայ ժողովրդի և նրա արդար իրավունքների հանդեպ համերաշխության կեցվածքով:

Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ՝ Կարո Հակոբյան Շվեդիա,

Ուփսալա 7 մայիս 2015թ.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *