ԿԱՐԵՎՈՐ
Search
Թուրքական-լրատվամիջոցներ

Թուրքական լրատվամիջոցների արձագանքը հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին

Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ցյուրիխյան արձանագությունները Հայաստանի Ազգային ժողովից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշումն իր արձագանքն է գտել է թուրքական լրատվությունում: Արձանագրությունների հետկանչի լուրը հրապարակվել է թուրքական շուրջ 3 տասնյակ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում` միմյանցից գրեթե նույնությամբ արտատպելու գործելաոճով: Panorama.am-ը ներկայացրել է այդ  ազդեցիկ լրատվամիջոցների արձագանքը:

Իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներ` «Անադոլու» լրատվական գործակալություն

«Սարգսյանը Թուրքիայի արձանագրությունները հետ կանչեց» Ներկայացվում է ՀՀ նախագահի նշած պատճառաբանությունը, թե ինչու են արձանագրությունները հետ կանչվում: Վկայակոչելով Սերժ Սարգսյանին` ընդգծվում է արձանագրությունների կնքումից ի վեր տևած 6 տարվա սպասողականությունը, դրանք վավերացնելու համար Հայաստանի ցուցաբերած հետևողականությունը և դրան հակառակ թուրքական իշխանությունների կամքի բացակությունը, արձանագրությունների բովանդակության խեղաթյուրումը և նախապայմանների լեզվով խոսելը:

Չներկայացնելով ՀՀ ազգային ժողովի նախագահին ուղղված ՀՀ նախագահի նամակի ողջ բովանդակությունը` «Անադոլու»-ն հիշեցնում է արձանագրությունների անցյալը, թե ինչպես Թուրքիան դրանք ուղարկեց մեջլիս, թե ինչպես Հայաստանի իշխանությունները նախ դրանք հանձնեցին Սահմանադրական դատարանի դատին, ապա նաև 2010-ի ապրիլի 22-ին ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախելու մասին:

«Աքշամ» օրաթերթ

«Հայաստանի կողմից պրովոկացիոն քայլ» Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում հայտնելով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին, ընդգծել էր, որ արձանագրությունների ստորագրումից ի վեր Հայաստանը դրանք կյանքի կոչելու հարցում ցուցաբերել է վճռական մոտեցում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը մեղադրել է թուրք գործիչներին, քաղաքական կամք չդրսևորելու, արձանագրությունների խոսքն ու էությունը խեղաթյուրելու և անընդհատ նոր նախապայմաններ են առաջ քաշելու մեջ: Ընդ որում վերջին միտքը գլխագրված է առանձին ենթավերնագրով, այն է. «Սարգսյանը նորից մեղադրեց Թուրքիային»:

CNNTurk լրատվական ծառայություն

«Սարգսյան. Թուրք իշխանավորների կամքի բացակայությունը աղավաղում է արձանագրությունների ոգին» Առաջին հայացքից ծավալուն թվացող անդրադարձի ճնշող հատվածը վերաբերում է արձանագրությունների նախապատմությանը և անցած ճանապարհին: Մասնավորապես հիշատակություն կա շվեյցարական միջնորդության, երկու երկրների խորհրդարաններ ուղարկվելու, ապա ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախելու մասին:

«Միլլիյեթ» օրաթերթ

«Հայաստանը կարգավորման արձանագրությունները հետ կանչեց» Այս հրապարակման համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո անցել է 6 տարի, որի ընթացքում Հայաստանը պահպանել է իր հետևողական դիրքորոշում: Սակայն թուրքական կառավարությունը շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների ոգուն: «Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում, որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- նախագահի խոսքերը մեջբերում է թուրքական կայքը:

Hurriyet օրաթերթ

«Թուրքիայի պատասխանը Հայաստանին. սխալ և անհաջող քայլ» Հրապարակված լուրի մեջ նշվում է, որ արձանագրությունները հետ կանչելու մասին իր նամակում Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային արձանագրությունների ոգուն հակառակ գործելու և անվերջ նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Աղբյուրի հաղորդմամբ` այդ կապակցությամբ «Hurriyet»-ի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների առաջին արձագանքը եղել է հետևյալը` «Սխալ և անհաջող քայլ է»: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները նաև նշել են. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում սպասում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այս որոշումը Հայաստանի պաշտոնական շրջանակների սեփական ներքին գնահատականն է: Սակայն մենք այն ճիշտ չենք գտնում: Սա անկեղծությունից հեռու մոտեցում է»:

Ընդդիմադիր լրատվամիջոցներ

Taraf օրաթերթ

«Հայաստանի` Թուրքիային ուղղված քննադատական որոշումը» Նշվում է, որ ՀՀ նախագահը Թուրքիայի կառավարությանը հասցեագրել է բավականին խիստ արտահայտություններ: Այնուհետև ամբողջությամբ մեջբերվում է ՀՀ նախագահի նամակը: Այդ առումով «Taraf»-ը մնում է առայժմ միակ թուրքական լրատվամիջոցը: Նամակի մեջբերումից հետո ներկայացվում է արձանագրությունները չվավերացվելու և Սերժ Սարգսյանի կողմից առկախվելու պատմությունը:

«T24.com.tr» լրատվական կայք

«Սարգսյանը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչեց խորհրդարանից» Տեղեկացնելով, որ ՀՀ նախագահը հայտարարել է արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին` լրատվական կայքն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ արձանագրությունների ստորագրումից արդեն վեց տարի է անցել, այս ընթացքում Հայաստանը հետևողական մոտեցում է ցուցաբերել գործընթացին, մինչդեռ Թուրքիան գործել է` հակառակ արձանագրությունների տառին և ոգուն` մշտապես նախապայմաններ առաջ քաշելով: Այնուհետև կայքն անդրադարձել է երկու երկրների միջև վերոհիշյալ արձանագրություններով նախատեսված համագործակցությանը և Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններին:

Այս առումով լրատվամիջոցը մասնավորապես հիշեցնում է, որ արձանագրություններով ենթադրվում էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, երկու երկրների արտգործնախարարների ղեկավարությամբ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, այդ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոններ ստեղծելու համար հանձնախմբի հիմնումը, հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոնների հաստատումը նախարարների կողմից, հանձնաժողովի առաջին նիստերի կազմակերպումը: «Սակայն,,- շարունակում է լրատվամիջոցը,- Թուրքիան ավելի ուշ առաջ քաշեց ՀՀ-ի կողմից Ցեղասպանության թեման պաշտոնական օրակարգից հանելու և ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու պահանջը` որպես արձանագրությունների հետագա զարգացման նախապայման:

Ավելի ուշ` 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հայտարարեց արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին: Արդյունքում բավական երկար ժամանակ արձանագրությունները սառեցված վիճակում էին»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *