ԿԱՐԵՎՈՐ
Search
10521666_803937506387450_9055436812746625956_n

Թուրքական հայց` ռուսական թանգարանի դեմ..

 Ապրիլին Սանկտ Պետերբուրգի Ազգագրության թանգարանում բացվեց «Հայ ավանդական մշակույթի աշխարհ» ցուցադրությունը (նկարում՝ ցուցանմուշ այդ ցուցադրությունից), որն ուշագրավ պատմություն ունի: Ներկայացնում ենք հատվածներ Հարութ Սասունյանի հոդվածից (The California Courier). «1916 թվականի ռազմական գործողությունների ժամանակ, երբ Արևմտյան Հայաստանը ժամանակավորապես ռազմակալվեց ռուսական զորքերի կողմից, Սանկտ Պետերբուրգի Ազգագրության թանգարանը թույլտվություն խնդրեց Նիկոլայ 2-րդ ցարից Վանի շրջան գիտական արշավախումբ ուղարկելու համար, որպեսզի հավաքեն հայ մշակույթի գործերը՝ փրկելով վերահաս կորստից: Ցարը անհապաղ տվեց իր համաձայնությունը՝ մակագրելով իր ձեռագրով.

«Հաստատել. Պետք է շտապել»: Ազգագրագետների մի փոքր խումբ՝ Ալեքսանդր Միլլերի գլխավորությամբ, 1916-ի հունիսի 10-ին, երկարատև ու վտանգավոր ճանապարհորդությունից հետո, հասավ վերջապես Վան: Երկու շաբաթվա ընթացքում նրանք տեղի բնակիչներից գնեցին ընդհանուր թվով 500-ից ավել առարկա՝ հիմնականում հայկական կիրառական արվեստի նմուշներ (այդ ամենը գնվել էր կամ Վան վերադարձած հայերից, կամ քրդերի կողմից թալանվածից): Արվեստի գործերի թվում էին հայկական ազգային տարազներ, ոսկերչական զարդեր, դաշույններ, գորգեր և այլն՝ Վանից և Վանի մոտ գտնվող արդեն հայաթափված քաղաքներից և գյուղերից: Իրենց արշավի ընթացքում գիտնականները նաև շատ լուսանկարներ էին արել՝ բնապատկերների, պատմական հուշարձանների, կառույցների և որոշ բնակիչների: Այս բոլոր նյութերը ռուսական զինվորականների պաշտպանության ներքո տեղափոխվեցին Սանկտ Պետերբուրգ:

Քրտնաջանորեն հավաքված այս մշակութային արժեքները, զարմանալիորեն, 100 տարի մնացել էին ռուսական թանգարանի նկուղում և երբեք չէին ցուցադրվել: Թվում է, թե բոլորը մոռացել էին դրանց գոյության մասին` մինչև երկու տարի առաջ, երբ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը իմացավ այս արվեստի գործերի մասին: Եւ ահա շնորհիվ Հայ ոսկերիչների հիմնադրամի և Ռուսաստանի ազգագրության թանգարանի համատեղ ջանքերի՝ այդ ցուցանմուշները վերջապես ցուցադրվեցին Սանկտ Պետերբուրգում: Հայ ոսկերիչների հիմնադրամը և ռուսական թանգարանը լույս ընծայեցին նաև «Արևմտյան Հայաստանի մշակութային գանձերը» խորագրով մի պատկերագիրք, որը ներկայացնում է 1916-ին Վանի շրջանից հավաքված արվեստի գործերը:

Եւ ահա, երբ հայտնի դարձավ, որ Ազգագրության ռուսական թանգարանում գտնվում են արվեստի արժեքավոր գործեր Վանի շրջանից, Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի հյուպատոսը անհապաղ կապվեց թանգարանի հետ՝ պնդելով, որ այդ իրերը Թուրքիայի Հանրապետության սեփականությունն են, և պահանջեց վերադարձնել դրանք: Թանգարանի տնօրինությունը իհարկե մերժեց թուրքական դիմումը, քանի որ 1916 թվականին այդ բոլոր առարկաները ռուսական արշավախմբի կողմից գնվել էին (այլ ոչ առգրավվել) Վանի բնակիչներից: Որքան էլ տարօրինակ է, թուրք դիվանագետները հանդգնում են պահանջել հայ արվեստի գործերը՝ դրանց տերերին սպանելուց, նրանց տներն այրելուց և ունեցվածքը թալանելուց հետո:

Մնում է միայն հուսալ, որ Թուրքիայի կառավարությունը անմիտ գտնվելով առաջ կգնա և հայց կներկայացնի ռուսական թանգարանի դեմ՝ փորձելով պահանջել այս ցուցանմուշները: Նման դատը հավելյալ կհրապարակայնացնի թուրքական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության, հայկական մշակութային օջախների թալանի և հայերի նախնիների հայրենիքը բռնազավթելու համար: Ընդհակառակը` 100 տարի անց (միջազգային) մեկ այլ հանձնախումբ պետք է ուղարկել թուրքական թանգարաններ և գրադարաններ՝ Ցեղասպանության ժամանակ թալանված հայ մշակույթի գործերը, ձեռագրերն ու այլ թանկարժեք իրերը հայտնաբերելու և վերականգնելու համար: Հայցեր պետք է ներկայացվեն թուրքական բոլոր կառույցների դեմ, որտեղ պահվում են նման հայկական արժեքներ: Նմանատիպի իրավական ջանքերը` Թուրքիայից ցեղասպանության վիթխարի վնասները փոխհատուցելու պահանջի ևս մեկ միջոց կհանդիսանան»:

Ռուբեն ՇՈՒԽՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *