Թուրքիայից զբոսաշրջային խմբերի այցեր են նկատվում. բացառիկ ցուցադրություն

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում Թուրքիայից զբոսաշրջային խմբերի այց է նկատվում։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Եթե 2006—2009 թվականներին թուրք այցելու էր գալիս թանգարան, ապա դա մեծ իրադարձություն էր, մտածում էինք, թե ինչպե՞ս է համարձակվել գալ։ Հիմա պատկերն այլ է։ Նախկինում անհատ թուրքեր էին գալիս Հայոց ցեղասպանության թանգարան, հիմա նկատվում է, որ թուրքերից բաղկացած զբոսաշրջային խմբեր են այցելում թանգարան։ Դա կարեւոր հանգամանք է, ի վերջո, այն, ինչ մենք ներկայացնում ենք, միայն հայերի պատմությունը չէ, դա նաեւ Թուրքիայի պատմությունն է։ Եվ ազգությամբ թուրքերը մեզ մոտ ծանոթանում են իրենց պատմությանը»,—ասել է Հայկ Դեմոյանը։
Նրա խոսքով՝ թուրքերի այցելությանը նպաստում է թանգարանում կազմակերպված ընդգրկուն ցուցադրությունը, երբ բազմաթիվ ցուցանմուշներով մանրամասն նեկայացվում է այդ տարիների իրականությունը։

«Երկու շաբաթ առաջ թուրքերի մեծ խումբ եկավ թանգարան, կային ե՛ւ կանայք, ե՛ւ տղամարդիկ։ Շրջայցից հետո մոտեցել են տեղեկատվական սեղանին եւ խորին շնորհակալություն հայտնել։ Շատ տպավորված էին։ Ցուցանմուշներն այնպես մանրամասն են ներկայացված, որ այլեւս ժխտելու տեղ չկա։ Նախկինոմ կարող էին գալ ու ասել, թե ինչպե՞ս կարող եք ապացուցել այս նկարի իսկությունը։ Այժմ քանի որ ամեն ինչ խիստ գիտական հենքի վրա է ներկայացված, հրապարակված են փաստաթթղեր, հակադարձելու որեւէ տեղ չի մնում»,—ասել է Հայկ Դեմոյանը։
Այդուհանդերձ, թուրք զբոսաշրջիկների այցելության ժամանակ այլ արձագանքներ նույնպես լինում են։ Մասնավորապես, նրանցից մեկը գրառումների մատյանում ատելության շեշտադրմամբ գրառում է կատարել՝ ասելով, թե հայերի նկատմամբ եղածը քիչ է, ավելին պետք է արվեր։ Հայկ Դեմոյանը նշեց, որ այս մոտեցումը իրենց համար նույնպես հետաքրքիր է։ Նման պահվածքը խոսում է այն մասին, որ իրենց ժխտողականության անկարողությունն արտահայտվում է այս կերպ, որովհետեւ այլ բան չունեն ասելու։ Հայկ Դեմոյանն ընդգծել է, որ թանգարանը հուժկու գործիք է եւ դեռ իր անելիքն ունի թուրք հասարակության շրջանում։
Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում սեպտեմբերի 20—ին բացվելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցահանդես։
Ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18—20—րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին։ Կան բացառիկ նմուշներ, որոնք Մեծ եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշաններն են։

«Իսկապես բացառիկ է, այցելուները տեսնելու են պատկերագրության եզակի նմուշներ։ Ցուցանմուշների մեծ մասը բնօրինակներ են։ Ունենք ցուցանմուշներ աշխարհի տարբեր վայրերից՝ Լոս Անջելեսից, Բոստոնից, Վիեննայից, Դանիայից, ինչպես նաեւ հայաստանյան թանգարաններից ու տարբեր հաստատություններից։ Առաջին անգամ ենք տեսնելու եզակի դրոշակներ, պաստառներ, որոնց գոյության մասին շատերս պատկերացում չունեինք»,–ասել է Հ. Դեմոյանը։
Ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։ Հայկական զինանշանների ու դրոշների հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաեւ «Մայր Հայաստանի» կերպարով տարբեր հորինվածքներ։
«Մենք ուզում ենք ցույց տալ, թե Եղեռնից առաջ հայերի շրջանում ինչ ակնկալիք է եղել, մարդիկ պետականություն ունենալու ինչ սպասում են ունեցել։ Թե ինչպես են հայերը տարբեր կրիչների վրա արձանագրել հայկական դրոշակ՝ եռագույնի տարբեր երանգներով, հայկական զինանշան՝ տարբեր հորինվածքներով։ Սա հետաքրքիր մի պատկերագրություն է, որով մենք զգում ենք ժամանակի շունչը»,—ավելացրել է նա։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 1—ը։ Չի բացառվում, որ այն լինի շրջիկ։
Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ Հայաստանի անկախության 25—ամյակի առթիվ եւս մեկ ցուցադրություն է սպասվում։ Բացումը տեղի կունենա հոկտեմբերին։ Հայկ Դեմոյանը ներկայացնելու է իր հավաքածուն, որը ցույց է տալու հայի կերպարը 16—19—րդ դդ. եվրոպական փորագրանկարներում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *