Թուրքիան Գերմանիայից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից

Թուրքիան նոր պայման է առաջադրել Գերմանիային՝ Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվության դիմաց: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան Գերմանիայի կառավարությունից պահանջել է հայտարարել, որ Բունդեսթագի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևը որևէ իրավական ուժ չունի:

Գերմանական «Der Spiegel» թերթի համաձայն՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է.«Մենք կարող ենք հանդուրժել Դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը, սակայն Գերմանիայի կառավարությունն էլ պետք է հայտարարի, որ ցեղասպանության մասին բանաձևը չի հանգեցնի իրավական պատժամիջոցների»,- տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ակտիվ ջանքեր են գործադրում՝ երկու երկրների միջև սուր անհամաձայնությունների առիթ հանդիսացող Ինջիրլիքի կոնֆլիտը հանգուցալուծելու համար: Վերջին շրջանում Գերմանիայի ԱԳՆ երկու փոխնախարարները մեկը մյուսի ետևից այցելել են Թուրքիա, իսկ սեպտեմբերին նախատեսվում է նաև Շտայնմայերի այցը Անկարա: Թուրքական կողմը հույս ունի, որ այդ այցի շրջանակներում գերմանացի նախարարը Ցեղասպանության բանաձևի վերաբերյալ Թուրքիայի համար այնքան սպասված մեկնաբանություններ կանի:

Մյուս շաբաթ Չինաստանում կայանալիք «G-20» գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Անգելա Մերկելի անմիջական հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Իսկ օրերս Թուրքիա այցելած Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոկը տեղեկացրել է, որ գերմանացի զինվորականներին այցելելու թույլտվության հաստատման դեպքում Մերկելը ևս կարող է այցելել Թուրքիա:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև՝ խոստովանելով նաև Ցեղասպանության իրագործման մեջ Գերմանիայի մեղքի բաժինն ու հանցակցությունը: Դրանից հետո Թուրքիան արգելել էր Գերմանիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այցելելու Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված գերմանական ռազմական ուժերին: Գերմանական կողմը, այնուամենայնիվ, համառորեն շարունակում է պահանջել այցի թույլտվություն տրամադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Գերմանիան իր ռազմական ուժերը կտեղափոխի Հորդանան կամ Կիպրոսի հունական մաս:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *