Թուրք լրագրող. «Եթե անգամ հայերը ներեն, աստված չի ներելու»

«Ապրիլի 2-ը պաշտոնական պատմության մեջ ամրագրված է որպես Վանի ազատագրման տարեթիվ: Այնինչ, իրեն մարդ համարողի խղճի տեսակետից այն կարդացվում է որպես հայերի նկատմամբ բռնությունների, կոտորածների, գաղթի տարեթիվ»,- Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ գրում է թուրքական «Radikal» պարբերականի թղթակից Ռըդվան Շահինը կայքի բլոգում:

«Եթե նույնիսկ հայերը ներեն, աստված չի ներելու» վերնագրով իր հոդվածում, հեղինակն անդրադառնում է Թուրքիայում «Վանի ազատագրման 97 ամյակը» տոնելու նախաձեռնությանը:

«Սրանից 97 տարի առաջ հենց այն տարիներն էին, երբ 7 հայ սպանողին դրախտ էին խոստանում: 1918թ. Վանի հայերն աքսորվեցին, իսկ մնացածներին շարքով գազանաբար գնդակահարեցին՝ քննարկելով, թե մի գնդակով միանգամից մի քանի հոգու կարելի է սպանել: Նրանց անհավանական կտտանքների ենթարկեցին»:

Ռըդվան Շահինը մեջբերում է տողեր թուրքական մի բանաստեղծությունից, որտեղ ասվում է. «Վանեցի եմ, անվանի եմ, սուրս արյունոտ է»:

«Վանեցի եմ, շատ հայերի եմ սպանել, սուրս արյունոտ է, այդ պատճառով էլ անվանի եմ»,- մեկնաբանում է հեղինակը:
«Radikal»-ի սյունակագիրն անդրադառնում է նաև Թուրքիայում Վանի մասին հնարված առասպելներին, որոնց նպատակը Վանի հայկական ծագման փաստի մոռացումն ու նոր պատմության ստեղծումն է: Այդ առասպելներից մեկն էլ Վանի Աղթամար կղզու անվան ծագման մասին է: Ըստ թուրքական վարկածի՝ կղզին անվանակոչվել է վրաց Թամար թագուհու պատվին, իսկ այնտեղ գտնվող եկեղեցին նրա պատվին է կառուցվել:

«Հայերից մնացած հետքերը վերացնելու, ձուլումն ավելի խորացնելու նպատակով պատմություններ են հորինվել: Մենք էլ խաբվել ենք այդ պատմություններին, տարիներ շարունակ տարածել դրանք», – գրում է Շահինը:

Չբացառելով Թուրքիայի կողմից ամեն առիթով մեջբերվող այն պաշտոնական վարկածը, թե հայերը դավաճանել էին ու միավորվել թշնամու հետ, այդ պատճառով էլ տեղահանվել են` լրագրողը այն համոզմունքն է հայտնում, որ նման դեպքում պետությունը պետք է պատժեր կոնկրետ դավաճաններին, ոչ թե սրի մատներ անմեղ երեխաներին, կանանց, ծերերին:

Հոդվածագիրն իր խոսքն ավարտում է հետևյալ տողերով. «Այսօր մեր պարտքն է ուսումնասիրել իրականությունը, ականջ դնելով մեր խղճի ձայնին՝ բարձրաձայնել ճշմարտությունը, փաստերը: Ներեցեք մեզ… Մեր պապերը չկարողացան պաշտպանել ձեր պապերին: Ներողություն ենք խնդրում»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *