main20170428_10

Թռիչք կլինի՞, թե՞ ոչ. Սպասենք «Եվրատեսիլին»

Արծվիկը գրական հայերեն խոսել է սովորում. բնակվում է Մոսկվայում, իսկ տանը Կապանի բարբառով են հաղորդակցվում։ Լեզվի ուղղությամբ աշխատանքները ոնց որ թե հաջող են ընթանում։ Հաջողությամբ են հաղթահարվում նաեւ «Եվրատեսիլի» նախապատրաստական փուլերը։
«Եվրատեսիլ—2017» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 9—ին, 11—ին եւ 13—ին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում։ Մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը եվրոպացի հանդիսատեսին կներկայանա «Fly with me» երգով։ Հայաստանյան մասնակիցը ելույթ կունենա մայիսի 9—ին՝ առաջին կիսաեզրափակչում՝ 16—րդ համարի ներքո։
Երգչուհին իր հաջողության մասին, սնահավատություն է, թե ոչ, ավելի վաղ է «տեղեկացվել»՝ երազ է տեսել։ Ասում է. «Բեմի վրա էի»։ Իսկ մի քանի օր հետո իմացել է «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նախագծի մասին, դիմել մասնակցության համար ու վաստակել այս տարի «Եվրատեսիլը» ներկայացնելու իրավունքը։ «Բայց մինչեւ հիմա չեմ հավատում, որ հաղթել եմ»,– երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ անկեղծացավ նա։
Հավատացնում է՝ մրցույթի ժամանակ հնարավոր ամեն ինչ անելու է լավ արդյունք արձանագրելու համար, քանզի մեծ պատասխանատվություն է զգում իր ուսերին։ Բացի այդ, այդ մասնակցությունն իր երազանքն է համարում։ Միայն թե դեռ չի կարող հասկանալ, թե որ երկրի ներկայացուցիչն է իր մրցակիցը։ Ոչ բոլորի կենդանի կատարումն է լսել։ Ասում է, որ դա պարզ կլինի արդեն Կիեւ գնալուց հետո, բայց նաեւ ավելացնում է, որ դրա համար չի գնում։ Ուզում է, որ մրցույթն իր համար տոն դառնա, ինքը հաճույք ստանա, հայերն էլ հպարտանան։
Իսկ թե ի վերջո Արծվիկը թռչելու՞ է՝ հստակ չի ասվում։ «Դեռ չգիտեմ, հնարավոր է, մտածում ենք։ Թռիչք կարող է լինել, կարող է՝ ոչ։ Ես ձեզ ոչինչ չեմ ասի»,–երգչուհին մտերմիկ տոնով պատասխանում ու ծիծաղում է։ Իսկ «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ավելացնում է. «Սպասեք թռիչքի, թե ինչպե՞ս կպատկերացնեք՝ թողնում ենք ձեր երեւակայությանը»։ Գաղտնիքներ, սովորության համաձայն, այս անգամ էլ չբացահայտեցին։ Միայն նշվեց, որ բեմադրության համար այս տարի եւս շվեդ ռեժիսորի հետ են համագործակցել։ Պատվիրակության ղեկավարը հավատացնում է՝ հուսալի ձեռքերում են. «Հնարավոր ամեն ինչ արվում է, որ լավ լինի։ Մայիսի 9—ին կտեսնեք»։
Հաջողություններին նպաստում են նաեւ հասարակության սերն ու վստահությունը երգչուհու նկատմամբ։ Գոհարը պատմում է, որ Արծվիկի հետ գնացել են նրա համար գիրք գնելու։ Առանց դիմահարդարման, առօրյա տեսքով են եղել ու կարծել են, թե վաճառողն իրենց չի ճանաչի։ «Այդ հույսով գրքի գնի համար որոշեցի սակարկել, վաճառողն էլ, թե՝ Գոհա՛ր ջան, դե որ Արծվիկին տանում եք «Եվրատեսիլ», ինչպե՞ս կարող եմ չընդառաջել»։ Հետո էլ կատակել է՝ «Դեպի Եվրատեսիլի» ժամանակ ընտանիքով այնքան հաղորդագրություններ են ուղարկել Արծվիկի օգտին, որ եթե չանցներ, գնալու էին բողոքելու։
«Fly with me» երգի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանին էլ ոգեշնչել է երգչուհու ձայնը. «Նրա ձայնի ելեւէջներն ինձ համար ոգեւորիչ սկզբնաղբյուր դարձան։ Ուզեցի, որ այդ հայկական ելեւէջներն այս ստեղծագործության մեջ անպայման երեւան»։
«Fly with me» երաժշտության համահեղինակն է Լեւոն Նավասարդյանը։ Իսկ խոսքերի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանն են։
Ի դեպ, ձայնային հայկական ելեւէջներով Արծվիկը լրագրողների համար ժողովրդական երգից մի հատված կատարեց։ Ազգայինի հանդեպ նա մեծ հետաքրքրություն է դրսեւորում դեռ մանկությունից։ Իսկ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսից ոգեւորված՝ հայտարարել էր եվրատեսիլյան նոր մարտահրավերների մեկնարկի մասին։ Առաջին մարտահրավերը Գերմանիայի պատվիրակ Լեւինան ստացավ։ Նա մեծ հաճույքով պատասխանեց կոմիտասյան ստեղծագործությամբ։ Նրանից հետո կիպրոսահայ արտիստ Հովիգը յուրովի կատարեց Ռոբերտ Ամիրխանյանի «Երկիր հայրենին»։ Արծվիկի հետ բազմազանություն տոնեց նաեւ վրացուհի Տաքոն՝ Կոմիտասի «Լորիկով»։ Բելառուսի ներկայացուցիչ NaviBand—ն էլ պատասխանեց «Մաշինեն եկավ» հայկական երգով։ Հաջորդը Բուլղարիան է։ Արծվիկն անհամբեր սպասում է այդ երկրի ներկայացուցչի տեսանյութին։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *