Untitled-23

Ժնևում մինչ հոկտեմբերի 25-­ը կգործի Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի «Սեն Ժերվե» թատրոնում սեպտեմբերի 15­-ին բացվել է «Ֆրագմենտներ. Հայոց ցեղասպանության արտացոլումը շվեյցարական մամուլում» խորագրով ցուցահանդեսը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսում ներկայացված են 1895-­1923թթ․ շվեյցարական մամուլում Հայոց ցեղասպանությանն ու հայկական հարցի շուրջ զարգացումերին նվիրված երեք հազարից ավելի հրապարակումներից ընտրված և արխիվներից վերհանված խմբագրականներ, հրապարակախոսական հոդվածներ, քրոնիկներ, ռեպորտաժներ։ Ցուցահանդեսի բացման խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից, խոսուն խորագրերով շվեյցարական մամուլի այս տպագիր վավերագրերը՝ «Մի ողջ ժողովրդի բնաջնջում», «Հայաստանն առանց հայերի», «Մեծ տերությունների ոճիրը», հատկանշական են՝ թուրքական վայրագություններին իրենց ամենօրյա, մանրամասն, ճշգրիտ անդրադարձերով, վերլուծությունների խորությամբ և համակողմանիությամբ։

Ավելի քան հարյուրամյա այդ հրապարակումները լավագույնս են արտացոլում նաև, ի համերաշխություն հայ ժողովրդի, Շվեյցարիայում սկիզբ առած լայնածավալ շարժումը, որի դրսևորումներից էր նաև 1896թ. ներկայացված նշանավոր միջնորդագիրը (պետիցիան)՝ շվեյցարական ժողովրդավարության պատմության մեջ առայսօր անգերազանցելի ռեկորդ հանդիսացող հինգ հայուր հազար թվով ստորագրությամբ՝ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում։ ՀՀ դեսպանության ներկայացուցիչն ընդգծել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման, անպատժելիության և ժխտողականության դատապարտման, Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման կարևորությունը մարդկության դեմ հետագա ոճիրների կանխարգելման, ինչպես նաև ժողովուրդների հաշտեցման համար է: Նա նշել է, որ այդ նպատակին էր ուղղված Ժնևում մարտի 27­-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ­-ի Մարդու Իրավունքների խորհրդի կողմից միաձայն և 72 երկրի համահեղինակությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը։

Հասմիկ Տոլմաջյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 11­-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան` հիմնվելով Մարդու Իրավունքների խորհրդի բանաձևի դրույթների վրա, Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված և կոնսենսուսով ընդունված բանաձևով, դեկտեմբերի 9­-ը հռչակել է «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ ոճրի կանխարգելման միջազգային օր»։ Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվելու են մի շարք համաժողովներ, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ, այդ թվում` «Հայ մամուլը ցեղասպանությունից առաջ և դրանից հետո», «Հայերի վրեժը․ Թեհլերյանի դատավարությունը», «Շվեյցարական օգնությունը հայերին և հայանպաստ շարժումը», «Հայկական և թուրքական արդի մամուլը» թեմաներով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ.­ի հոկտեմբերի 25-­ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *