Ի՞նչ իրավիճակ է սահմանում

Հուլիսի 21-22-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հարավ-արևմտյան սահմանագոտու զորամասեր: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Նախարարը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագոտու պահպանությունն իրականացնող զորամասերում, ստուգել է սպառազինության և զինտեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը։ Նախարարը ծանոթացել է նաև զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել է ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորումների հրամանատարներ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ու գնդապետ Տիգրան Փարվանյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Սեյրան Օհանյանը եղել է նաև մարտական հենակետերում, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման և կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածներում տիրող օպերատիվ իրավիճակին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Աշխատանքային այցի շրջանակում բանակային զորամիավորումների ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *