«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ ԿՈՐՑՐԵԼ Է ՄԻ ՉՔՆԱՂ ԵՐԿԻՐ, ԴՐԱԽՏԱՎԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ…». ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթում:

– Պարո՛ն Շահնազարյան, մեր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում լինելը, կարծում եմ, յուրաքանչյուր հայի երազանքն է եղել տասնամյակներ շարունակ: Այսօր արդեն դա անհնարին չէ: Երկու տարի առաջ Ձեզ էլ նման հնարավորություն ընձեռվեց: Ի՞նչ խոհերով ու մտորումներով վերադարձաք ուղևորությունից:

– Մինչ այդ բազմաթիվ ֆիլմեր էի դիտել Արևմտյան Հայաստանի մասին, որ տեղ ամեն ինչ կար` եկեղեցի, խաչքար, քաղաքներ… Սակայն ուղևորությունից հետո բոլոր այդ ֆիլմերն աչքիս անկատար երևացին, որովհետև այնպիսի տպավորություն էր, թե դրանց հեղինակները չեն նկատել մեր պապերի երկրի, մեր հայրենիքի աներևակայելի բնությունը, համենայն դեպս` չեն նկարահանել: Ո՞վ է մեզ ցույց տվել Բասենի սարերը, Դերսիմի անտառները, ձորերը, Կաղզվանի կարմիր բլուրները… Արևմտյան Հայաստանում ես տեսա բոլորովին այլ հայրենիք: Հիմա կարող եմ վստահաբար ասել, որ մենք գրեթե չենք ճանաչում մեր հայրենիքը: Խոսքը միայն Արևմտյան Հայաստանի մասին չէ, այլ նաև` այսօրվա Հայաստանի Հանրապետության: Չենք ճանաչում, քանի որ սովորաբար նայում և տեսնում ենք ընդամենը այն, ինչ կա ճանապարհի աջ ու ձախ կողմերում, իսկ ճանապարհից մենք չենք սիրում շեղվել: Մինչ դեռ երկրի հարստության 99 տոկոսը ճանապարհներից հեռու է, խորքերում, սարերի հետևում… Խոսքը բնության մասին է:

Իսկ այն ապրումներն ու զգացողությունները, որ ունեցա, բնորոշ են յուրաքանչյուր հայի: Ի՞նչ կարող է զգալ մարդը, որ կորցրել է մի չքնաղ երկիր, դրախտավայր հայրենիք, որտեղ կարող էր արքայավայել ապրել: Իսկ երբ ժողովրդին զրկում են այդպիսի հայրենիքից, նրա հետ ամեն ինչ կարող է պատահել:

Հայրենազրկությունը մեր ժողովրդին պատուհասած ամենամեծ ողբերգության` ցեղասպանության հետևանքն է, որի թողած ցավը անգամ մեկ դար անց չի մեղմացել: Ի՞նչ եք կարծում, մեր ժողովուրդը ե՞րբ և ինչպե՞ս կարող է ուշքի գալ այդ հարվածից:

– Հարյուր տարի առաջ պատահել է մի բան, որից, կարծում եմ, մեր ժողովուրդը երբևէ ուշքի չի գա, որովհետև դա պատահել է մեզնից յուրաքանչյուրի հետ: Ես նույնիսկ չեմ կարծում, որ մենք ցեղասպանության մասին գրականություն ունենք: Այդ մասին մեր ունեցած ողջ գրականությունը պարտված գրականություն է, որը չի արտացոլում իրականությունը: Հրանտ Մաթևոսյանն ասում էր, որ դա այնպիսի մի սարսափելի բան է, որը երբեք գրականություն չի դառնա: Այնուամենայնիվ, այս հար ցին ամեն մեկն ինքը պիտի պատասխանի: Իմ պատասխանը վրեժն է:

– Պարո՛ն Շահնազարյան, Դուք դասախոսություններով հանդես եք եկել եվրոպական մի քանի երկրում և Միացյալ Նահանգներում: Ո՞րն էր այդ այցելությունների նպատակը:

– 2012 թվականի հունիսին հրավեր էի ստացել Գերմանիայից: Եղա այն քաղաքներում, որտեղ Բախը երգեհոն է նվագել: Այդ նույն գործիքներով Բախ և Կոմիտաս նվագեցի և դասախոսություններ կարդացի: Նոյեմբերին դասախոսություններ կարդալու հրավեր ստացա նաև Ամերիկայից: Լոս Անջելեսի հայկական համայնքը երկու մեծ համերգ էր կազմակերպել «Լարք» երգչախմբի մասնակցությամբ: Երգչախմբի ղեկավարը և համերգի կազմակերպիչը խմբավար, երաժշտագետ Վաչե Պարսումյանն էր: Նրանք կատարեցին խազավոր շարականների իմ վերծանությունները: Նշեմ, որ երգչախմբի կազմում ոչ միայն հայեր են ընդգրկված, այլև ամերիկացիներ: Ինձ համար հաճելի անակնկալ էր, որ ունկն դիրներս ծանոթ էին խազերին նվիրված իմ աշխատություններին և իմ գործերին առհասարակ:

«Լարք» երաժշտանոցում հինգ դասախոսություն կարդացի խազերի, Կոմիտասի, ժողովրդական երաժշտության, ինչ պես նաև նախաքրիստոնեական շրջանի հայ մշակույթի մասին:

Ի դեպ, շուտով «Նարեկացի» արվեստի միությո նը կթողարկի իմ պատրաստած գրքույկը խազերի վերծանության վերաբերյալ (անգլերեն և հայերեն) և լազերային սկավառակ, որտեղ հնչում են խազերի վերծանությունները (ձայնագրությունները կատարվել են Սաղմոսավանքում Երևանի կամերային երգչախմբի կատարմամբ, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ):

Նույն ամսին Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի` Հրաչյա Աղաջանյանի հրավերով եղա նաև Անդերսենի հայրենիքում` Դանիայում, ապա` Նորվեգիայում, դարձյալ դասախոսություններ կարդացի: Դա սախոսություններն ու համերգները հիմնականում վերաբերում էին հայկական ավանդական երաժշտությանը: Պատմել եմ պատմական Հայաստանի բնաշխարհի և հայ երգի մասին: Մեր բնությունն ու երաժշտությունն անբաժան են, և անհնար է հասկանալ մեկը առանց մյուսը ճանաչելու: Օրինակ` «Ակնա օրորը» այնպիսի մի երգ է, որի նմանը այլ ժողովուրդներ չունեն: Այն միայն մերն է, և որպեսզի օտարը հասկանա, պետք է ներկայացնես նաև Ակնի հրաշք բնաշխարհը` ձորերով, չքնաղ բուրաստաններով, բիբլիական Եփրատով… Մեր հայրենակիցներն էլ պետք է իմանան, թե ինչ երկիր են կորցրել… Ես տեսա, թե ինչ ապրումներ են ունենում հայերը` լսելով իրենց երգը և այդ պատմությունները: Հասկանում էին, որ իրենցից ոչ մեկն իր կամքով չէ օտար երկրում, որ կցանկանային իրենց հայրենիքում ապրել: Իսկ այդ հեռու հայրենիքից մնացել են միայն նրա երգերը: Ահա թե ինչու այդ երգերից յուրաքանչյուրը մի ամբողջ հայրենիք է, մի ողջ երկիր: Դրանք դահլիճում հնչող երգեր չեն, դրանք հոգու խորքերում պահված երգեր են: Հայը չի կարող այդ երգերի հանդիսատեսը լինել, նա պետք է այդ երգերի կրողը լինի: Եթե չի էլ երգում, այդ երգերը պետք է նրա ներսում, նրա հոգում լինեն, որովհետև եթե դու հան դիսատեսես, ուրեմն դրանք այլևս քոնը չեն, ինչպես քոնը չեն ճարտարապետական այն հուշարձանները, ուր դու զբոսաշրջիկի հոգեբանությամբ ես այցելում: Իսկ հաճախ մենք հենց զբոսաշրջիկ ենք դառնում մեր երգի, մեր հուշարձանների համար, զբոսաշրաջիկ` մեր իսկ երկրում:

Անկեղծ ասած՝ իմ հիմնական նպատակն էր հայ համայնքին հաղորդել հայրենիքի շունչը, էությունը, որպեսզի պահեն իրենց սրտում և իրենց զավակներին փոխանցեն, որպեսզի որտեղ էլ լինեն, ինչքան էլ տարվեն ժամանակակից աշխարհի հովերով, երբեք իրենց ներսում չկորցնեն իրենց հայրենիքը, որովհետև դա ժառանգություն է: Դա իրավական հարց է, այնպես, ինչ պես մեկին տուն են ժառանգում` նրա ցանկությունը չհարցնելով: Դաժառանգություն է` անկախ նրանից` ուզում են, թե ոչ: Ես զարմանքով նկատեցի, որ չկար մի հայ, ում հոգու խորքում պահված չլիներ հայրենիքի երազը և հայրենի մշակույթը: Ուղղակի պետք է արթնացնել… Իսկ դրա համար պետք է կռիվ տալ:

– Կարծում եմ` սխալված չենք լինի, եթե Ձեր գործունեությունը համարենք պայքար հանուն ազգային երգի, ազգային արժեքների, որոնք նույնիսկ մեր հայրենիքում են վտանգված:

– Մեր ողբերգությունն այն է, որ մեր համերգային դահլիճները և մի հսկա մարզադաշտ «լցնում» է մի երգիչ, ում թուրքը մեղադրում է իր ազգային երգը գողանալու և թարգմանաբար որպես հայկական ներկայացնելու համար: Սակայն թուրքերն ի վերջո հասկացել են, որ այդ երգիչը լավագույնս գովազդում է իրենց երգն ու «հոգին»: Նման երգիչների և նրանց համար ճանապարհ հարթողների պատճառով մենք ոչ միայն ազգային արժեքներ, այլև հայրենիք կորցնելու վտանգի առջև ենք կանգ նած: Բայց չպետք է հանձնվել, որովհետև եթե դու քո հայրենիքի հոգևոր սահմանները հանձնեցիր, ֆիզիկական հայրենիքդ հաստատ կհանձնես: Իսկ մենք երկու հայրենիք ունենք` հոգևոր-մշակութային և ֆիզիկական: Այսօր մեր հոգևոր հայրենիքին պատերազմ է հայտարարված, և մենք պետք է ընդունենք այն և հաղթենք ամեն գնով:

– Ինչպե՞ս է պատրաստվում ընդունել «հայտարարված պատերազմը» կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

– Ես պատերազմն ընդունում եմ նաև Կոմիտասին նվիրված կայք ստեղծելով: Դա կազմավորելու է Կոմիտասի համայնք ու զորք: Ավելին, այդ պատերազմի դեմն առնելու համար հայտարարում եմ «Կոմիտասյան զորակոչ», որովհետև թշնամին արդեն ներխուժել է մեր ոգու տարածք: Ասածիս վկայությունը հեռուստատեսությամբ և ամենուր քարոզվող թուրքական երաժշտությունն է: Նույնիսկ սկսում ես մտա ծել, որ այդ հաղորդումները դրսից են ֆինանսավորվում: Հակառակ դեպքում ո՞րն է նրանց շահը: Իսկ երբ ես առիթ եմ ունեցել եթերից Կոմիտաս հնչեցնելու, խնդրել են, որ հնարավորինս քիչ երգեմ: Մնում է եզրակացնել, որ Կոմիտասը եթե արգելված չէ, ապա ցանկալի էլ չէ: Պայքարի մի մասն էլ «Կոմիտասի ընտանիք» առցանց համայնք ստեղծելն է, որտեղ կլինեն տարբեր ծրագրեր` ընտանիքի դաստիարակություն, երգեր մայրերի համար և այլն: Մյուս նախաձեռնությունը «Անտիվիրուս» ծրագիրն է. կոմիտասյան հինգ երգ, որ պետք է երգի ողջ ազգը: Ընդամենը մեկ ամսից այդ երգերը կտեղադրվեն կայքում և հասանելի կլինեն յուրաքանչյուրին: Նպատակ ունեինք դրանք տարածել սկավառակներով, սակայն, ցավոք, դա հնարավոր չեղավ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. մեր իրականության մեջ մեկենասներ չկան, կամ… չկան նրանց շահագրգռող գործոնները: Մեր նպատակն այն է, որ այդ երգերը մատչելի լինեն ժողովրդին, և մենք բոլորս գոնե հինգ երգ կարողանանք միասին երգել:

Ես հուսով եմ, որ մեր հոգևոր հայրենիքին «հայտարարված պատերազմում» հաղթելու համար մեծ դեր է ունենալու երիտասարդությունը: Ես հաճախ եմ դասախոսություններ կարդում նրանց համար և համոզված եմ, որ հրաշալի երիտասարդություն ունենք: Եվ նրանք են տեր կանգնելու թե՛ մեր հոգևոր-մշակութային, թե՛ ֆիզիկական հայրենիքին:

– Կարծում եմ` մենք մեր մշակութային ժառանգությունը նաև աշխարհին ներկայացնելու կարիք ունենք…

– Կոմի տասն ասում էր. «Դուք ձեր տան մեջ երգեք, օտարը, թե ականջ ունի, կլսի, աչք ունի, կտեսնի»: Հաճախ մեծ փողեր են ծախսվում՝ օտարին մի բան ցույց տալու համար, մինչ դեռ նրանց դա քիչ է հետաքրքրում: Չնայած դրան` մենք մեր մշակույթը, իհարկե, պե՛տք է ներկայացնենք աշխարհին: ՀՀ մշակույթի նախարարության պատվերով այժմ ես գիրք եմ գրում Կոմիտասի մասին: Այն հայերեն տպագրվելու է Հայաստանում, անգլերեն` Անգլիայում: Գիրքը Կոմիտասի կյանքի ու գործի մասին է լինելու, սակայն մեր նպատակը ողջ հայ ժողովրդի կենսագրությունը ներկայացնելն է, քանի որ «Կոմիտաս» երևույթը միայն երաժշտություն չէ, մեր բնաշխարհն է նաև, մեր պատմությունը, հազարամյակների մշակույթը` արտահայտված երաժշտության լեզվով: Մեր հին ոգին է` ձայնային ալիքի տեսքով: Փորձում եմ այնպես գրել, որ այլազգի ընթերցողի աչքին գլուխ գովանություն չթվա, և գիրքը կարդալիս ինքը հանգի համապատասխան եզրակացության:

Կրկնեմ, որ մեզ համար շատ ավելի կարևոր է այն, թե ինչ է լսում և երգում մեր հայ գյուղացին, հայ մայրը, երեխան, քան օտարներին զարմացնելը: Ինչպես գիտեք, Կոմիտասի անվան պանթեոնին հարող տարածքում Կոմիտասի թանգարան է կառուցվում՝ 3000 քմ մակերեսով: Սակայն շատ կարևոր է, թե ինչ քաղաքականություն է իրականացվելու այստեղ: Կարևոր է, որ այն չլինի մեռած մի կառույց, այլ` թանգարան-ինստիտուտ, հայության կենտրոն, որտեղից հայերգը պետք է տարածվի շրջաններում, գյուղերում: Ես հույս ունեմ, որ այդ կենտրոնը կծառայի շատ կարևոր մի նպատակի` մշակութային հնարավոր հեղափոխությանը, ազգային ոգու զարթոնքին: Այդ կենտրոնը պետք է դառնա հոգևոր հայրենիքի ոգեղեն սահմանները պաշտպանող երաժշտառազմական շտաբ:

Հարցազրույցը`
ԱՆՈՒՇ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *