Ի՞նչ սպասելիքներ ունի հայ համայնքը Թուրքիայի նոր խորհրդարանից. հարցազրույց «Ակօս»-ի գլխավոր խմբագրի հետ

Հետընտրական Թուրքիայում շարունակում են քննարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները ու ապագա կառավարության կազմը: Շարքային քաղաքացիներից մինչև նորընտիր պատգամավորներ խոսում են 25-րդ գումարման խորհրդարանից ունեցած իրենց սպասելիքների մասին: Խորհրդարանական նախորդ ընտրոթյուններից արմատապես տարբերվող այս ընտրությունների առանձնահատկությունը իշխանությունների «Արդարություն ու զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մի ստվար ընտրազանգվածի կորուստն էր և քրդամետ,ազգային փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մուտքը մեջլիս:

Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ պնդում են, թե սա նոր Թուրքիայի սկիզբն է և լիահույս են, որ նորընտիր խորհրդարանը կբարեփոխի երկիրը: Իսկ նույն այդ խորհրդարանից ի՞նչ սպասելիքներ պետք է ունենան Թուրքիայի տասնյակ հազարավոր հայ քաղաքացիները: Այս մասին Ermeniahaber.am-ը զրուցեց Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Եդվարդ Տանձիկյանի հետ: Տանձիկյանը նախ տեղեկացնում է, որ նախընտրական շրջանում «Ակօս»-ն ավելի շատ ուշադրություն է դարձրել «ԺԴԿ»-ի գործունեությանը և հայ թեկնածուների մուտքին խորհրդարան:

«Երեք հայ թեկնածուներն էլ խորհրդարան մտնելու շանսեր ունեին: Սա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամն է: Այս տեսանկյունից դրական եմ գնահատում ընտրությունները: Իսկ եթե քաղաքական առումով դիտարկենք, ապա ազգային փոքրամասնություններին խնդիրներին ամենաշատ ուշադրություն դարձնող կուսակցությունը, իսկապես, ԺԴԿ-ն է: Ահա թե ինչու մենք առավել շատ ուշադրություն դարձրեցինք ԺԴԿ-ին»,-պատմում է Տանձիկյանը:

Ըստ Տանձիկյանի` ԱԶԿ-ն հայկական և քրդական հարցերում իրնախկին «քիչ թե շատ մեղմ լեզուն» կորցրել է, արդեն շատ ավելի խիստ ու կոշտ լեզվով է խոսում: «Ի հակադրություն սրան` ԺԴԿ-ն ազգային փորքամասնություններին ուղղված քաղաքականություն էր վարում, հետևաբար սխալ չի լինի ասել, որ հայ համայնքը այս ընտրություններիում ԺԴԿ-ի կողքին կանգնեց»:

Ermenihaber.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե նորընտիր մեջլիսում «Ազգայնական շարժում կուսակցությունը» և հավասարություն քարոզող ԺԴԿ-ն հավասար թվով (80) պատգամավոր ունեն և ուրեմն ո՞ր լեզուն գերիշխող կլինի` խաղաղությա՞ն, թե՞ այլատյացության, Տանձիկյանը պատասխանեց:

«Առայժմ պարզ չէ թե ինչպիսի կառավարություն կկազմվի: Կոալիցիա կլինի՞ թե ոչ : Կարծում եմ ԱԶԿ-ն փակուղում է : Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ ոչ ոք չունի: Ու քանի դեռ վիճակն անորոշ է, անորոշ է նաև, թե ով ավելի ազդեցիկ կլինի խորհրդարանում: Բայց կարևոր մի հանգամանք պետք է հաշվի առնենք: Սրանից երեսուն տարի առաջ ասում էին, թե այս երկրում քուրդ չկա, իսկ հիմա քրդամետ կուսակցությունը 80 պատգամավորով մտնում է խորհրդարան»:

Անդրադառնալով խորհրդարանի հայ պատգամավորներին` «Ակօս»-ի խմբագիրը նշում է, որ թեև 550 հոգանոց խորհրդարանում 3 հայ պատգամավորների թիվը գուցե փոքր է, այդուամենայնիվ նրանց մուտքը խորհրդարան արդեն իսկ դրական երևույթ է: «Ես կարծում եմ, որ նրանք նվազագույնը կկարողանան հայկական թեմային առնչվող հարցեր բարձրացնել խորհրդարանում, խոսակցության նյութ դարձնել դրանք: Դա էլ է շատ կարևոր»: Խոսելով այն մասին, թե հայ համայնքը նոր խորհրդարանից ինչ սպասելիքներ կարող է ունենալ, Տանձիկյանն ասաց.

«Այս խորհրդարանը շատ անելիք ունի ու ոչ միայն հայերի հարցում, այլ` բոլոր ազգային փոքրամասնությունների: Բռնագրավված գույքի վերադարձման խնդիր ունենք, հայկական որբանոցի Արմեն ճամբարի (Kamp Armen), Բոմոնթի Մխիթարյան դպրոցի հարց ունենք, պատրիարքի ընտրության խնդիր ունենք: Դասագրքերում առ այսօր կա հայերի դեմ թշնամանք սերմանող լեզու և դա ակնհայտ է: Հույս ունեմ, որ այս հարցում որևէ քայլ կարվի: Ցեղասպանության հարցում, ինչքան էլ որ դժվար լինի սպասում եմ, որ նվազագույնը որևէ որոշում ընդունելու, անցյալի հետ առերեսվելու ջանքեր կգործադրվեն: Գոնե ավելի հանգիստ կկարողանանք այս թեմայի մասին խոսել: Հնարավոր է քայլեր արվեն Օսմանյան կայսրության և հանրապետական Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով երկրից արտագաղթած հայերի սերունդներին քաղաքացիություն տալու համար: Ու սրանք միայն իմ սպասելիքները չեն: Մենք հարցում ենք արել, և համայնքն էլ նմանօրինակ բազմաթիվ ակնկալիքներ ունի նորընտիր խորհրդարանից»:

«Ակօս»-ի խմբագիրը լիահույս է նաև Հայաստանի հետ սահմանի բացման հարցում: Ըստ նրա սահմանի փակ լինելը երկու ժողովուրդների միջև երկխոսությունը դժվարացնում է, և արգելք հանդիսանում տնտեսական հարաբերությունների համար: «Ես սահմանի բացումը դիտում եմ որպես օրակարգի առաջնահերթ հարց: Թուրքիան դա կապում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Սակայն իրականում այս խնդիրը վերաբերում է միայն ու միայն Հայաստանին և Թուրքիային».- համոզմունք է հայտնում Տանձիկյանը:

Հեղինակ` Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Աղբյուր` Ermenihaber.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *