ԿԱՐԵՎՈՐ
Search
10116718901

ԻԼԻՊ-ը չներեց Թուրքիայի դավաճանությունը

Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վրեժ է լուծում Թուրքիայից իր դեմ կազմած միջազգային կոալիցիային միանալու համար։ Լրագրողների հետ երեկ կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ «Հայտնի փաստ է, որ Թուրքիան ֆինանսավորում էր ԻԼԻՊ-ին, ինչպես նաեւ իր բուժական հաստատություններում բժշկական օգնություն էր ցուցաբերում նրանց վիրավոր ահաբեկիչներին։

Սակայն այն պահից սկսած, երբ Թուրքիան իր ռազմաբազան տրամադրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ միացավ նրանց կոալիցիային՝ջիհադականները հուլիսի 9-ից պատերազմ հայտարարեցին թուրքական կառավարությանը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նա։ Նա նշեց, որ պաշտոնական Վաշինգտոնն ի սկզբանե կողմ է եղել, որ ջիհադականները ոչնչացնեն Սիրիան, սակայն երբ ԻԼԻՊ-ի զինյալները սկսեցին հարձակվել քրդական շրջանների վրա, ամերիկյան օդուժը սկսեց ռմբակոծել իրենց դիրքերը։

«Թուրքիայում բնակվող քրդերն այսօր պայքարում են թուրքական իշխանությունների դեմ՝պարզ հասկանալով, որ Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ ուզում է վերացնել քրդական գործոնը. նրանք արդեն սպանել են 11 ոստիկանի, իսկ երեկ Քիլիս գյուղի (Արեւմտյան Հայաստանի Կիլիկիայի Հալեպ նահանգ) մոտ շրջափակել եւ սպանել էին երեք թուրք զինվորականի»,–շեշտեց Չաքրյանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԻԼԻՊ-ի օգնությամբ հարձակումներ էր իրականացնում քրդերի վրա, սակայն վերջին իրադարձություններից հետո նրանք այլեւս թուրքական իշխանություններին մահապարտներ չեն տրամադրի։ Թուրքագետը անդրադարձավ նաեւ Թուրքիայի ներքին իրավիճակին։

Ըստ նրա՝ նախագահ Էրդողանին երկրում տիրող ներկայիս իրավիճակում ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. «Թուրքիայի նախագահը մտադիր է երկրում հաստատել լիարժեք նախագահական հանրապետություն, իսկ դրա համար անհրաժեշտ է երկրի խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն։ Երկրում տիրող քաոսային իրավիճակը նրան թույլ կտա նոյեմբերին ասել իր ընտրողներին՝«տեսեք, ինչ եղավ, երբ դուք չտվեցիք մեր կուսակցությանը բացարձակ մեծամասնությունը»։ Թուրքագետը նկատեց, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ունի պատգամավորական մանդատների միայն 40 տոկոսը, իսկ մնացած երեք կուսակցությունները միասին՝ 60։ «Էրդողանի կուսակցությունը կարող է դառնալ թուրքական խորհրդարանի փոքրամասնությունը, սակայն «Ազգայնական շարժումը» չի ցանկանում կոալիցիա կազմել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ»,–շեշտեց Չաքրյանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *