41084_135375593173664_2456965_n

Իմ ծերացած քաղաք… իմ մեռնո՛ղ Գյումրի.

Գյումրին՝ հազարամյակների խորքից եկած այս պատմական քաղաքը, եղել է արհեստների ու արվեստների ծննդավայրը: Այստեղ են ծնվել, մեծացել մշակույթի փառահեղ ու մեծանուն գործիչները: Իր պատմական ընթացքին ունեցավ վերելքներ ու վայրէջքներ: Դրսից ու ներսից քանդվեց ու նորից շնիվեց: Ապրեց ու ապրեցրեց: Աշխարհին ներկայացավ մի քանի անուններով՝ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական: Այստեղ՝ առաջին հանրապետության օրերին, բացվեց երկրի միակ համալսարանը, մշակութային այլ օջախներ… Մի քանի անգամ մոխիրների ու փոշու մեջից վեր հառնած քաղաքը, 26 տարի առաջ մի վերջին անգամ էլ հառնեց:

Ժամանակի իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով այս անգամ արհեստականորեն բեղմնավորման արդյունքում ծնվեց: Մայիսյան եւ Մարմարաշեն գյուղերի հողակտորի մեջ ներդրեցին մի քիչ շինարարական սերմ, ու արդյունքում ունեցան երկվորյակ թաղամասերին՝ Մուշին եւ Անիին: Ճիշտ մեր էպոսի նման… Մեկը՝ մի քիչ թույլ, մյուսը՝ շատ ավելի ուժեղ: Ճիշտ Սանասարի ու Բաղդասարի նման… Ու քաղաքը ավելի լայնացավ, մեծացավ… բայց տխուր ու հոգսաշատ դարձավ ավելի: Ավելացավ նոր մտածմունքներ… բա հիմա սրանց ինչպե՞ս պահենք, ինչո՞վ կերակրենք, որ ճիշտ ձեւավորվեն: Ու այս մտածումով լծվեցինք գործի…

46898_135375789840311_7744889_n

Դուրս գրեցինք տարբեր գույների դրամական միավորներ ու կառուցեցինք: Մեկը մի քիչ լավ, մյուսը մի քիչ վատ, բայց կառուցեցինք: Հետո՞ ինչ, որ նոր-նոր էինք թոթափել ավերակներից մնացած հիշողության փոշին: Մի քիչ շտապեցի երեւի: Դեռ չենք էլ թոթափել… Այս մասին դեռ կխոսենք: Բուն քաղաքում քանդեցինք ինչ ունեինք: Ինչ մնացել էր խորհրդային ժառանգությունից: Կարողացանք առիթից օգտվել, սեփականաշնորհել ու եղածը քանդել: Կանչեցինք օտարներին, խնդրեցինք, աղաչեցինք, որ մեր փոխարեն աշխատեն, կառուցեն… Ավելի ճիշտ փողը տան մենք կկառուցենք… Համ էլ մի քիչ կգրպանենք… ինչ է պատահե՞լ որ… Ի՞նչ անենք, որ դեռ ժողովուրդը իր մղձավանջի մեջ է: Որ դեռ չի մոռացել իր ընտիր մեռելին ու մինչեւ այսօր թարմ ծաղիկներով է ծածկում իր մանկության հիշողությունը…

Քաղաքը արդեն 26 տարի նույն կեղտի ու աղբի մեջ է: Արեւային օրերին փոշին է սպառնում, անձրեւին՝ ցեխն ու ցեխաջուրը: Տնակները, որ դեռ առկա են քաղաքի տարբեր հատվածներում, մի քանի րոպեների ընթացքում վերածվում են նավակների, այն էլ կարծես թե մի քանի անգամ արդեն ծովահենների ձեռքն անցած նավակների: Խարխուլ, կիսաքանդ, ավերված… Իսկ ձմեռային շրջանում շոգեքարշի նմանվող… Խողովակներից դուրս եկող ծուխը քաղաքին օծում է մի տեսակ տհաճ բուրմունքով /ով ինչ գտնում դրանով էլ տաքանում է/: Է՜հ… քաղաքս էդպես էլ չկարողացավ ոտքի կանգնել: Երբեմնի արտադրության ու առեւտրի կենտրոն քաղաքս, աշխատատեղ չունենալու պատճառով դատարկվեց, ամայացավ: Իր զավակները անառակ որդու նման լքեցին, հեռացան:

41084_135375589840331_3142002_n

Միայնակ թողնելով ցավից տնքացող թմբիրի մեջ, խռոված ու անհույս հեռացան… շատերը նույնիսկ չվերադառնալու պայմանով: Վերը նշածս երկվորյակներն էլ՝ Մուշն ու Անին մի տեսակ տխրեցին… Տարածաշրջանում առաջինը ունեցող «երգող շատրվանների» քաղաքն այսօր դարձել է «երգող ջրափոսերի» քաղաք: Կենսուրախ ու կատակասեր քաղաքն այսօր նմանվել է հոգեւարքի մեջ մահացողի ընտանիքի, երբ տանն ամեն ինչ լուռ է: Երբ տանը ոչ ոք չի ուզում բերանը բաց անել ու մի բառ արտասանել: Երբ փորձես նայել այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամին, ապա կտեսնես, որ բառը կախված է շուրթից, որ ուզում է ասել ու ասելիքը միայն ափսոսանքի անեծքի է նմանվում: Ո՞վ քանդեց քեզ Գյումրի՛… Ի՞նչ եղան զավակներդ Գյումրի՛… Մի թե երբեմնի հայրաքաղաքը ծնեց ապերախտ որդիներ: Հիշու՞մ ես, ինչպես էիր քո փողոցներում խաղում որդիներիդ հետ… Ինչպե՞ս էիր թատրոնում ծիծաղում ու արտասվում որդիներիդ հետ… Հիշու՞մ ես ինչ ջանասիրությամբ էիր հաստոցի առաջ զավակիդ հետ միասին աշխատում… Հիմա, հիմա ամբողջովին մենակ ես մնացել… նմանվել ես այն ծնողին ում լքել են, թքել են ու հեռացել, թողել են փողոցի մի անկյունում, կամ ծերանոցներում: Սրա՞ն էիր արժանի… Գյումրի՛:

44853_135375419840348_3992256_n

Բայց գիտե՜մ, դու էլի նույն հպարտն ես, նույն պայծառ քաղաքը, նույն կերպ ես ժպտում աշխարհին, երբ որդիներդ թեկուզ քո սահմաններից դուրս մի որեւէ հաջողության են հասնում: Երանի՜ դու էլ մյուս քաղաքների նման լինեիր… մաքուր, կանաչապատ, ժպտերես… Իմ ծերացա՛ծ քաղաք… իմ մեռնո՛ղ քաղաք… իմ երազի քաղաք… Հիմա ոչ ոք էլ չի հիշում քեզ… Հիմա քո անունով էլ ոչ ոք չի պարծենում… Հիմա, դու էլ ոչ մեկին պետք չես… իմ կարոտի քաղաք… Քո մեջ եմ ապրում, բայց կարոտում եմ քեզ գիտե՞ս… Չգիտեմ ինչու՞ է այդպես… Երեւի մի քիչ ուշադիր եմ դարձել քո հանդեպ… Հա՜-հա՜… մի տեսակ կնճռոտվում է դեմքս, երբ սկսում եմ մտածել քո անհեռատես ապագայի մասին: Ի՞նչ կլինես դու տարիներ հետո, ու՞մ կողքին կլինես, ովքե՞ր կլինեն քո տերերը, բնակիչներդ: Քեզ սիրողներն ու ատողները… թե ի՞նչ կանեն, կկառուցե՞ն, թե կմնաս նույնը… Ափսո՜ս իմ քաղաք… Ես վախենում եմ այն մտքից, որ դու չես լինելու:

Զավակներդ պարծենում էին քեզանով, հիշու՞մ ես… ասում էին. – ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆՆ Է ԳՅՈՒՄՐԻՆ…

Հ.Գ. Արհեստական բեղմնավորման արդյունքում ունեցածդ երկվորյակներին էլ՝ Մուշին ու Անիին ամրություն ու ժպիտ…

 

Արա ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *