Ինչո՞վ է Հայաստանը պատրաստվում ամանորին զարմացնել օտարերկրյա զբոսաշրջիկին

Տուրիզմը՝ ելնելով իր առանձնահատկություններից, բավական զգայուն է ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների նկատմամբ։ Դեպի արաբական երկրներ, մասնավորապես դեպի Եգիպտոս զբոսաշրջային հոսքերի նվազումը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանից արտագնա այցելությունների վրա։ Եթե նախորդ տարի Ամանորի տոներին Հայաստանից արտագնա զբոսաշրջային հոսքերի մեջ Եգիպտոսն առաջին հորիզոնականում էր, ապա վերջին ամիսներին, տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ ելնելով անվտանգությունից, տուր փաթեթներ դեպի այդ ուղղությամբ գրեթե չեն վաճառվել, բացառությամբ որոշ դեպքերի։ Հայերի նախընտրած զբոսաշրջային ուղղությունը, Ամանորի տոներին դեպի Եգիպտոս է, Արաբական Էմիրություններ, նաեւ՝ Իսրայել, Հորդանան։ Սակայն որոշ տուրիստական գործակալություններից տեղեկացանք, որ այդ ուղղությամբ տուր փաթեթների համար առհասարակ հետաքրքրվողներ չեն եղել։

Մեկնողների թվում, այնուամենայնիվ բացառություն են կազմում միայն նրանք, ովքեր դեռ ամիսներ առաջ էին Ամանորի տուր փաթեթ ձեռք բերել։ Այն զբոսաշրջիկները, ովքեր մշտապես դեպի ծովային երկիր էին մեկնում, բնականաբար, դժվար հանգիստը կփոխեն ձմեռային հանգստի հետ։ Ուստի տուրիստական արտագնա հոսքերի նվազումը չի կարող իր անդրադարձը չունենալ ներքին զբոսաշրջային հոսքերի ավելացման վրա։ Ի՞նչ է արվում Հայաստանում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զբոսաշրջային առաջարկը բավարարելու ուղղությամբ։

Ըստ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի, հայաստանյան հանգստյան վայրերում դեռ թափուր տեղեր կան, եւ պետք է ամեն ինչ արվի պահանջարկը բավարարելու համար։ Հայաստանը այս փուլում կարող է այլընտրանք հանդիսանալ շատ զբոսաշրջավայրերի համեմատ։ «Պետք է հասկանալ, թե զբոսաշրջիկը զբոսաշրջային որ տեսակն է նախընտրում եւ Հայաստանում որքանո՞վ հնարավոր կլինի այդ հետաքրքրությունները բավարարել։ Այլ հարց է, եթե տուրիստը ծովափնյա վայրեր է նախընտրում եւ պետք է ընտրի այլ զբոսավայրեր։

Ընտանեկան Ամանորի հանգստի դեպքում տուրիստները այլընտրանքի առջեւ են հայտնվում։ Այս խնդիրը, բնականաբար, չէր կարող մեր ուշադրությունից դուրս մնալ։ Թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի հետ քննարկումներ են անցկացվել, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախարար Կարեն Ճշմարիտյանը հստակ հանձնարարականներ են տվել այս ուղղությամբ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն Հայաստանը որպես այլընտրանքային վայր առավել ակտիվ ներկայացնելու ուղղությամբ»,–մեզ հետ զրույցում նշեց Մեխակ Ապրեսյանը։

Այս հարցում նա մեծապես կարեւորում է նաեւ մասնավոր հատվածի եւ մարդկային գործոնի դերը եւ հավելում, որ ամենալավ գովազդը երկրի համար զբոսաշրջիկի գոհ հեռանալն է։ Ամանորի տոները կլինեն խոստոմնալից. զբոսաշրջիկը գոհ կհեռանա «Որպեսզի Ամանորը Հայաստանում, հատկապես այս տարի, առավել գրավիչ լինի, ներգնա տուրօպերատորների միությունը մասնավոր եւ պետական հատվածի հետ միջոցներ է ձեռնարկում՝ լուծելու որոշ խնդիրներ։

Մասնավորապես, Ամանորի տոներին բաց են լինելու բոլոր թանգարանները։ Քանի որ այս տարի սպասվում են նոր զբոսաշրջային հոսքեր, ուստի ցանկալի է, որպեսզի բաց լինեն եւ թանգարանները, եւ ժամանցային օբյեկտները, եւ, օրինակ, կոնյակի գործարանը։ Շատ կարեւոր է, որպեսզի զբոսաշրջիկները, ոչ միայն գոհ, այլեւ Հայաստանից ցնցված հեռանան եւ կիսեն իրենց տպավորությունները»,–նշեց Մեխակ Ապրեսյանը։ Նախատեսվում է իրականացնել նաեւ հետաքրքիր միջոցառումներ, որոնք կլինեն անակնկալներով լի, սպասվում է նաեւ տոնակատարությունների շարք։

Վերականագնվում են Իրանից զբոսաշրջային այցելությունները

Տուրիստական այս տարվա հոսքերը նախորդ տարվանից պակաս են, թեեւ տարին կամփոփվի աճով։ Բավական նվազել է ՌԴ-ից արտագնա այցելությունների թիվը 33-34 տոկոսով, այն պարագայում, երբ Հայաստան զբոսաշրջային հոսքերի 40 տոկոսը հենց ՌԴ-ից են։

Այս գործոնը, բնականաբար, ազդեցություն կունենա նաեւ մեր երկրի զբոսաշրջային հոսքերի վրա։ Սակայն փոխարենը վերականգնվում է Իրանից զբոսաշրջային հոսքերի թիվը։ Տնտեսական ճգնաժամի եւ ազգային արժույթի անկման պատճառով վերջին տարիներին դեպի Հայաստան նվազել էին Իրանից արտագնա զբոսաշրջիկների թիվը, ինչը, սակայն, նախորդ տարվանից վերականգնվում եւ նույնսիկ աճ է արձանագրում։ 2011թ. Հայաստան էր այցելել շուրջ 130 հազար իրանցի։ Հաջորդ տարի այդ թիվը նվազեց 110 հազարի, 2013—ին՝ 95 հազարի։ Անցած տարի, պայմանավորված Իրանում իրավիճակի որոշակի կարգավորմամբ, այդ երկրից Հայաստան այցելուների թիվը հասավ 2012թ. մակարդակին։

Գները՝ մրցունակ

Զբոսաշրջային հոսքերին զուգընթաց, ըստ Մեխակ Ապրեսյանի, գները կշարունակեն լինել մրցունակ։ Իրենք դեռ ինֆորմացիա չեն ստացել հանգստավայրերի եւ հյուրանոցային տնտեսությունների ծառայությունների սակագնային քաղաքականության փոփոխման վեաբերյալ։ «Գները նախկինի պես կլինեն մրցունակ»,–վստահեցնում է զրուցակիցս։

Վերջերս միջազգային մամուլի հրապարակումներից մեկում Հայաստանը Ամանորի գնային առաջարկի առումով հայտնվել էր առաջին եռյակում։

Երեւանը՝ Ամանորի ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում

Երեւանը ներառվել է Ամանորի ճամփորդության նախընտրելի քաղաքների տասնյակում։ Նման անդրադարձ էր արել «Travel.ru» կայքը։ Նման քաղաքների թվում են Տալլինը, Մինսկը, Ռիգան, Պրահան, Հելսինկին, Բեռլինը, Հռոմը, Վիլնյուսն ու Վիեննան։ Ամանորի արձակուրդներին երեխաների հետ ճամփորդության ամենահայտնի երկրների տասնյակում են Բելառուսը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Թաիլանդը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան եւ Լեհաստանը։

Երեխաների հետ ճամփորդության համար ամենաէժան երկրներն են Բելառուսը (2200 ռուբլի մեկ օրվա բնակության համար), Հայաստանը (2500 ռուբլի) եւ Չինաստանը (2700 ռուբլի)։ Նշենք, որ վարկանիշը կազմվել է 2015-ի դեկտեմբերի 26-ից մինչեւ 2016-ի հունվարի 10—ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների ամրագրման տվյալներին հիման վրա։ Ի դեպ Երեւանը հայտնվել է նաեւ աշխարհի 15 ամենագեղեցիկ քաղաքների թվում։ Ըստ ռուսական «novate.ru» կայքի, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների մեջ հայտնվել էր նաեւ Երեւանը։ Կայքում ներառվել էին այն քաղաքները, որոնք գրավում են իրենց ճարտարապետությամբ, աշխարհագրական դիրքով կամ որեւէ այլ առանձնահատկությամբ։

Այդ քաղաքների թվում՝ Փարիզի, Թեհրանի, Լոնդոնի, Հոնկոնգի, Մադրիդի, Բրյուսելի եւ այլնի կողքին հայտնվել է նաեւ Երեւանը։ Տարեկան 10 նոր հյուրանոց Տարեկան 10 հյուրանոց է բացվում, որոնցից շատերը հավակնում եմ ընդգրկվել միջազգային հյուրանոցային ցանցերում։ «Պահանջարկ կա, որին բավական արագ արձագանքում են մեր մասնավոր հատվածի ներդնողները։ Այս առումով պետությունն էլ իր հերթին ստեղծել է բարենպաստ ներդրումային միջավայր։

Մասնավորի արձագանքը վկայում է գործընթացի հաջողության մասին»,–ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին Հայաստանում ընթացող ակտիվ հյուրանոցաշինությունն օգնում է ժամանակին առաջարկ ձեւավորվելուն, ինչը, նրա խոսքով, դրական է ազդում ե՛ւ բիզնեսի, ե՛ւ երկրի իմիջի ու զբոսաշրջության զարգացման վրա։ Ներկայումս Հայաստանում գործում է 330-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնք, ընդհանուր առմամբ, ապահովում են 10 հազ. հյուրանոցային համար՝ շուրջ 20 հազ. ննջատեղով։

Ներգնա զբոսաշրջային հոսքերը եւս կավելանան. 2015թ. երկրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել 1256917 զբոսաշրջիկ. 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 1.8%-ով։ 2015թ. երկրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 250 326 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 0.3%-ով։

Ինչպիսին են ներքին զբոսաշրջության ցուցանիշները. ըստ ստացված հաշվետվությունների տվյալների, 2015թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 92 716 մարդ, ինչը 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 3–ով։ Սոցփաթեթի հանգստի ընդգրկման ծառայությունները եւս նպաստել են ներգնա տուրիզմի ծավալների մեծացմանը, որը դեռ 14-45 տոկոս է կազմում։

Հաշվի առնելով սոցփաթերի հնարավորությունները, շատ գործարարներ ներդրումներ են կատարում հյուրանոցային տնտեսություններում առկա պահանջարկը բավարարելու համար։ Հյուրանոցաշինությունը հատկապես վերջին տարիներին բավականաչափ աճում է։ Նկատվում է հյուրանոցային օբյեկտների նկատմամբ պահանջարկի զգալի աճ եւ հյուրանոցաշինության ուղությամբ ներդրումային ակտիվություն։ Զբոսաշրջային սեզոնի երկարաձգումը՝ ոլորտի առաջնահերթություններից «Նախարարության պետական քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը Հայաստանում զբոսաշրջության սեզոնի երկարաձգումն է։

Վերջին տարիներին այս առումով մենք հաջողություններ ենք արձանագրել։ Հինգ տարի առաջ մեզանում զբոսաշրջության ակտիվ սեզոնը սկսում էր ապրիլին՝ Սուրբ Զատկի օրերին, եւ ավարտվում հոկտեմբերի կեսերին։ Հիմա սեզոնը սկսվում է մարտին, շնորհիվ իրանցիների Նովրուզի, ավարտվում նոյեմբերի կեսերին։ Ավելին, հիմա շատ զբոսաշրջիկներ ենք ունենում Նոր տարվա օրերին ե՛ւ ՌԴ–ից, ե՛ւ Եվրոպայից, ե՛ւ Իրանից։ Սեզոնի երկարաձգումը եղել եւ մնում է Հայաստանի պետական քաղաքականության հիմնական խնդիրներից»,–գոհունակությամբ ասում է Մեխակ Ապրեսյանը։ Հայաստանում զբոսաշրջության սեզոնայնության երկարաձգման առումով տարվող աշխատանքները, սակայն, զրուցակցիս վստահեցմամբ չպետք է սրանով սահմանափակվեն։ Պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի երկիրը նույն զբոսաշրջային գրավչությունն ունենա տարվա բոլոր եղանակներին։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *