OTbOL0VLWyaQV0WtXW0WXcn2tX

Ինչով է խանգարում Իրանը Թուրքիային

Թուրքիայի նախագահ Էրդողանի քառօրյա շրջայցի նպատակը Պարսից ծոցի երկրներ՝ դրանց եւ մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ փոխհարաբերությունները սերտացնելու, Սիրիայի, Իրաքի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցելն էր։ Թեեւ Անկարայի եւ այդ երկրների դիրքորոշումները նշյալ հարցերում զգալիորեն համընկնում են, այսուհանդերձ, Էրդողանը ցանկանում էր ավելի մերձեցնել դրանք եւ ապահովել Պարսից ծոցի ավազանի երկրների անվերապահ հովանավորումը։ Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի որոշ երկրների՝ Իրանի հետ լարված փոխհարաբերությունները, նա ձգտում էր այս հարցում եւս համերաշխության հասնել։
Եվ ահա, ելույթ ունենալով Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում՝ Խաղաղության համաշխարհային կազմակերպության համաժողովում, անդրադարձել է Սիրիայի եւ Իրաքի հիմնախնդիրներին։ Շեշտելով, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գլխավոր նպատակը 4—5 հազար քառակուսի կմ տարածքում անվտանգության գոտի ստեղծելն է, ինչն իրականացնում է «Եփրատի վահան» գործողություններով, Էրդողանը, թերեւս Իրանին ակնարկելով, հավելել է, որ ուժեր կան, որոնք ցանկանում են մասնատել ե՛ւ Իրաքը, ե՛ւ Սիրիան։ Նշելով, որ Իրաքում թե՛ կրոնական եւ թե՛ ազգային լուրջ հարցեր կան, նա ընդգծել է, որ այդտեղ առկա է նաեւ պարսկական ազգայնականությունը, ինչին զուգահեռվում են նաեւ այդ երկրի մասնատման ձգտումները։
Էրդողանը նշել է, որ նման իրավիճակ է տիրում նաեւ Սիրիայում, ուստի պետք է դրանց դեմն առնել։ Իրանին պարսկական ազգայնականության մեջ մեղադրելն ավելի հաճախ կիրառվում է Ադրբեջանում եւ Թուրքիայում, իսկ արաբական աշխարհում Իրանին ավելի շատ մեղադրում են Միջին Արեւելքում իշխող դիրք գրավելու մեջ։
Իրան—Թուրքիա փոխհարաբերությունները դարեր շարունակ եւ առ այսօր ընթանում են լուրջ ելեւէջներով, ինչը թերեւս պետք է մեկնաբանել նրանց ռազմավարական ու աշխարհաքաղաքական շահերի հակասական լինելով եւ միմյանց հանդեպ փոխանվստահությամբ, նաեւ տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում առաջատար դեր ունենալու հարցում նրանց միջեւ մրցակցությամբ։
Իրանի ԱԳ նախարարի խոսնակը, ի պատասխան Էրդողանի խոսքերի, նկատել է, որ նա այդ հայտարարություններն արել է հավանաբար հուզումալից մթնոլորտի ազդեցության ներքո։ Դիմելով թուրք պաշտոնյաներին, նա նշել է, որ Իրանի առաջնայնությունը տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն է, իսկ սա հնարավոր է միայն տիրող պայմանների ճիշտ գնահատմամբ եւ տարածաշրջանում կայունացնող դեր ունեցողներին ու խռովություն առաջացնող դերակատարներին ճանաչելով։ Նա թերեւս Թուրքիային մեղադրել է ծայրահեղական խմբերի հետ բացահայտ եւ գաղտնի համագործակցության եւ նրանց որպես գործիք օգտագործելու, հարեւան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չհարգելու համար՝ ընդգծելով, որ հենց նման հանգամանքներն են ավելի բարդացնում իրավիճակը։
Ըստ ամենայնի, Թուրքիայի նախագահի նշյալ հայտարարություններով է պայմանավորված այն, որ փետրվարի 16—ին Աստանայում տեղի ունեցած Սիրիայի եւ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ դռնփակ նիստում Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել՝ կարեւորելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ երկրի ճակատագիրը սիրիացիների հարցը համարելով։ Բացի այդ, ըստ իրանական մամուլի, Իրան—Սիրիա—Թուրքիա համաձայնություն է ձեռք բերվել հրադադարը վերահսկելու հարցում, թեեւ Թուրքիային Սիրիան չի վստահում։ ՄԱԿ—ում վերջինիս ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, ով Աստանայում գլխավորում էր կառավարական պատվիրակությունը, այս առնչությամբ հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող միաժամանակ լինել եւ հրդեհող, եւ հրշեջ։
Որոշ փորձագետների, այդ թվում Թուրքիայի Հաջեթ Թափա համալսարանի քաղաքագետ Հուսեյն Զամանլուի կարծիքով՝ Թուրքիայում իսլամամետ ուժերի իշխանության գալով, երկու երկրների ռազմավարական ինտեգրումը եւս հավանական է համարվում՝ հաշվի առնելով, որ Արբաքանի եւ նրա կուսակցությունից սերված «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնահերթություններից է իսլամական աշխարհի հետ կապերի ընդլայնումը։ Սակայն իրականում Թուրքիայի քաղաքականությունն իսլամական աշխարհի հանդեպ նեոօսմանականությունն է, ինչի նպատակն է ազդեցությունը մեծացնել, իրեն ենթարկել օսմանյան նախկին տարածքների վրա ձեւավորված երկրները։ Այլ կերպ ասած՝ Անկարայի որդեգրած իրանական քաղաքականությունն ավելի շուտ համահունչ է իրանական ասացվածքին՝ «Ամանը թեք պահիր, բայց մի թափիր», ինչը պետք է մեկնանաբանել քաղաքական, ռազավարական առումով նրանց շահերի հակասականությամբ, բայց տնտեսական շահերի համընկնումով։ Քանզի Թուրքիան մի կողմից ձգտում է սիրաշահել ԱՄՆ—ին ու Պարսից ծոցի արաբական երկրներին՝ Իրանին մեղադրելով Սիրիայում եւ Իրաքում ոչ կառուցողական դիրքորոշման համար։ Իսկ մյուս կողմից՝ տնտեսական ծանր վիճակում հայտնվելով, ցանկանում է Իրանի հետ տնտեսական կապերն ընդլայնել, ինչում թերեւս շահագրգիռ է նաեւ Թեհրանը։
Երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների ծավալը, էներգակիրները չհաշված, շուրջ 4,3 միլիարդ է կազմում։ Մինչդեռ կողմերը հայտարարում են, թե ձգտում են այն հասցնել 30 միլիարդ դոլարի, ինչի հնարավորությունն ունեն։ Բայց եւ այնպես քաղաքական գործընթացները չեն կարող ազդեցություն չունենալ տնտեսական ոլորտի վրա։ Ահա թե ինչու սայլը տեղից չի շարժվում եւ լուրջ առաջընթաց չի արձանագրվում, թեեւ պայմանագրերի ու համաձայնագրերի պակաս չի զգացվում։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *