ԿԱՐԵՎՈՐ
Search
10504947_682453318475388_6464935448471352330_o

Ինչու՞ են պեղումներ իրականացվում Օձաբերդում. ի՞նչ արդյունքների են սպասում հնագետները

Հայկական լեռնաշխարհը հարուստ է բազմապիսի հուշարձաններով եւ կիկլոպյան ամրոցներով։ Դրանց մեջ իր ուրույն տեղն ունի Օձաբերդը։ Այն Սեւանի հարավային ավազանի ամենամեծ ամրոցն է եւ մի կողմից հսկում է Սոթքի ոսկի հանքեր տանող ճանապարհը, մյուս կողմից՝ Սելիմի լեռնանցքով դեպի Սեւանի հարավային ավազան տանող ճանապարհը։ Բացի այդ, հնավայրը բավականին կարեւոր հենակետ է տարածաշրջանի ավելի փոքր ամրոցների համար։ Օձաբերդը բավական լավ պահպանված եւ գրեթե չպեղված հուշարձան է։

Աչքի է զարնում ամրոցի հարավ արեւմտյան աշտարակը, որը Հայկական լեռնաշխարհի՝ իր կառուցման ժամանակաշրջանին վերաբերող ամենապահպանված աշտարակներից մեկն է։ Հուշարձանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի միջեւ։

Սկսած 19-րդ դարի կեսերից այն գտնվում է հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Գիտական աշխարհում այսօր Օձաբերդը մեծ հետաքրքրություն է առաջացրել եւ գրավել օտարերկրյա հնագետների եւ պատմաբանների ուշադրությունը։ Զբոսաշրջիկները կարող են տեսնել բավական լավ պահպանված ամրոց—բնակավայր եւ ծանոթանալ մեր երկրի հնագույն եւ հին շրջաններին վերաբերող, մասնավորապես՝ ուրարտական եւ հետւրարտական ժամանակաշրջանների հետ։

2014թ. ամռանից «Էթնոս» էթնո-մշակութային գիտահետազոտական կենտրոնի եւ Հռոմի միջերկրածովյան հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ Օձաբերդ հնավայրում սկսել են պեղումներ իրականացվել։ Պեղումների ընթացքի եւ ակնկալվող արդյունքների մասին զրուցեցինք Օձաբերդի հայ-իտալական միացյալ հնագիտական արշավախմբի համաղեկավար, «Էրեբունի» պատա-հնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղ-թանգարանի վարիչ Միքայել Բադալյանի հետ։

– Սեւանի ավազանը բավական հարուստ է հնագիտական հուշարձաններով, ինչու՞ պեղումներ սկսվեցին հատկապես Օձաբերդում: 

Օձաբերդի քարաժայռերից մեկին արված է ուրարտական թագավոր Ռուսա 1-ի սեպագիր արձանագրությունը։ Այստեղ հիշատակվում է Սեւանա լճից դեպի այն կողմ 19 երկրների նվաճման եւ հենց տեղի՝ 4 երկրների նվաճման եւ թագավորների գերեվարման մասին, իսկ արձանագրության վերջում հիշատակվում է, որ Սարդուրիի որդի Ռուսան տեղանքում ամրոց է կառուցել եւ այն անվանել Վանի թագավորության տարերքի աստված Թեյշեբայի պատվին։ Արձանագրության գոյության փաստը հուշում է, որ մենք գործ ունենք բավական կարեւոր բնակավայրի հետ: Այդ տարածաշրջանում ավելի շատ ուսումնասիրվել են դամբարաններ, իսկ բնակավայրերն ավելի քիչ են ուսումնասիրված։ Ուստի ամբողջական պատկեր ստանալու համար անհրաժեշտ է պեղումներ իրականացնել նաեւ բնակավայրերում։

DCIM104GOPRO

DCIM104GOPRO

 

-Իսկ հնավայրը ե՞րբ է հայտնի դարձել հանրությանը եւ առաջին անգամ,  ե՞րբ է հնագետների ուշադրությանն արժանացել:

ժՀնավայրը գիտական հանրությանը հայտնի է դարձել 19–րդ դարի կեսերից եւ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը առաջիններից էր, ում միջոցով հանրությունը տեղեկացավ Ռուսա Առաջինի թողած արձանագրության մասին։ Մի շարք հայտնի օտարերկրացի գիտնականներ այցելում էին այս հնավայրր՝ ծանոթանալու արձանագրությանը։ 20 րդ դարի սկզբներին հայ նշանավոր ազգագրագետ եւ հնագետ Երվանդ Լալայանը իրականացրեց ուսումնասիրություններ՝ պեղելով մի քանի դամբարաններ:

1934-ին Օձաբերդում հետախուզական բնույթի պեղումներ է իրականացրել նշանավոր հնագետ Բորիս Պիատրովսկին՝ ֆիքսելով վաղբրոնզեդարյան եւ ուրարտական ժամանակաշրջանների շերտեր։ Կարելի է ասել, որ հնավայրը հնագիտորեն գրեթե չի ուսումնասիրվել։ Օձաբերդի հուշարձանը բավական լավ է պահպանված, նույնիսկ պարզ տեսանելի են կիկլոպյան պարսպաշարերը։ «Մեկնարկած պեղումների հենց առաջին տարում արդյունքները բավական խոստումնալից էին, եւ մենք ֆիքսեցինք ուրարտական եւ հետուրարտական ժամանակաշրջանին վերաբերող հնագիտական շերտեր։

Հետուրարտական ժամանակաշրջանը մեր հնագիտության քիչ ուսումնասիրված շրջաններից մեկն է, եւ նոր տվյալների ի հայտ գալը իրենից կարեւորություն է ներկայացնում։ Արշավախումբը հայ եւ իտալացի հնագետներից է բաղկացած, սակայն այս տարվա պեղումների ծավալներն ընդլայնվել են հնագետների ուշադրության կենտրոնում գտնվելու արդյունքում եւ խմբին են միացել նաեւ տարբեր հնագետներ ՌԴ—ից, Լեհաստանից, ԱՄՆ-ից։

Երկրորդ տարին է, ինչ պեղումները շարունակվում են, յուրաքանչյուր տարի մեկ ամիս ժամանակահատվածով։ Այս տարի դրանք մեկնարկել են հուլիսի 13–ին եւ ավարտվել օգոստոսի 13—ին։

11958105_873979755989409_5896253214913364434_o

-Ինչպիսի՞ն են պեղումների արդյուքնները, որ փուլում եք այժմ:

-Պեղումներ են իրականացվել հնավայրի երեք հատվածներում՝ միջնաբերդում, ամրոցում եւ հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին, որտեղ ենթադրվում էր, որ պետք է լիներ բնակավայր։ Միջնաբերդում պեղվել են ճանապարհի հետքեր, որոնք թվագրվում են հետուրարտական ժամանակաշրջանով։ Ամրոցում ունենք բավական հետաքրքիր պատկեր, պեղվել է հետաքրքիր կառույց, որն անմիջականորեն կապվում է դեպի ամրոց տանող հարավ արեւելյան ճանապարհի հետ։ Ֆիքսվել են թե՛ հետուրարտական եւ թե՛ ավելի ուշ ժամանակաշրջաններին վերաբերող շերտեր։

Իսկ կարեւոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ ամրոցից հարավ ընկած հատվածում, բլրի ստորոտին երկու սենյակ ենք բացել՝ երկշար պատերով, որոնց նշանակությունը բացառիկ է, ուստի Սեւանի հարավային ավազանում պեղված բնակավայրի եզակի օրինակներից են։ Այս առումով մեր պեղումների արդյունքները կարող են հետաքրքիր տեղեկություններ հաղորդել այդ ժամանակաշրջանի բնակավայրերի, դրանց բնակիչների կենսագործունեության, ապրելակերպի մասին:

Այս հատվածի ուսումնասիրությունները հատկանշական են նաեւ այն տեսանկյունից, որ կարող են հեռանկարային լինել Հայկական լեռնաշխարհի եւ Սեւանի հարավային ավազանի քաղաքային բնակչության կենսակերպի մի շարք խնդիրների ուսումնասիրման համար։ Հայտնաբերվել են նաեւ որոշ գտածոներ, մասնավորապես կենցաղային եւ տնտեսական բնույթի խեցեղեն, կենդանիների ոսկորներ, մետաղե իրեր։ Ամրոցում գտնված տեղամասում գեոմորֆոլոգիական հետազոտությունների արդյունքում ֆիքսվել են կենդանիների արտաթորանքի հետքեր։

Այս առումով շատ կարեւոր են լինելու արդեն ընթացքի մեջ գտնվող հնակենդանաբանական եւ հնաբուսաբանական ուսումնասիրությունները, որոնք լրացուցիչ տեղեկություն կհաղորդեն ամրոցում պեղված կառույցի գործառույթը պարզելու համար։ Այժմ որոշ գտածոներ ուսումնասիրվում են գործընկեր կազմակերպությունների լաբորատորիաներում, եւ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում։ «Շատ կարեւոր է, թե Սեւանի հարավային ավազանում ինչպիսին է եղել իրավիճակը ուրարտական ժամանակաշրջանում։

Մեծ նշանակություն ունի ուրարտականի եւ տեղականի փոխառնչությունների ուսումնասիրությունը։ Մեզ համար կարեւորություն է ներկայացնում նաեւ հետուրարտական շրջանը, որը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Ուրարտուի անկումից հետո Հայկական լեռնաշխարհի տարածքում ստեղծվեց Երվանդունիների թագավորությունը։ Մենք այս ժամանակահատվածի մասին ունենք գրավոր սկզբնաղբյուրներ, սակայն հնագիտական աղբյուրները բավականին սակավ են։

Ցանկացած տեղեկություն այս ժամանակաշրջանի մասին կարեւոր է Հայաստանի պատմության այդ ժամանակահատվածի մի շարք կարեւոր հարցերի լուսաբանման համար:

DCIM104GOPRO

DCIM104GOPRO

-Ի՞նչ է արշավախումբն ակնկալում պեղումների վերջնական արդյունքներից

Յուրաքանչյուր տարի նույն ժամանակահատվածում արշավախմբի պեղումները կշարունակվեն, եւ առայժմ դեռ վաղ է խոսել ուսումնասիրությունների ընթացքում սպասվող արդյունքներից, սակայն ըստ Մ. Բադալյանի՝ դրանք արդեն իսկ բավական խոստումնալից են։ Մենք փորձ ենք անելու յուրաքանչյուր տարի պեղումները շարունակել, ինչը շատ կարեւոր է նաեւ զբոսաշրջության տեսանկյունից:

-Իսկ զբոսաշրջային տեսանկյունից, ի՞նչն է հատկապես հատկանշական, ինչո՞վ կարող է հնավայրը գրավել զբոսաշրջիկին:

-Տուրիստական ընկերությունների զբոսաշրջային փաթեթներում հիմնականում ընդգրկված են միայն եկեղեցիներ, սակայն պատմամշակութային հուշարձանները եւս հետաքրքրություն են ներկայացնում օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Նախորդ տարվանից, ինչ պեղումները սկսվել են, Օձաբերդի հնավայր տուրիստական հոսքեր են արձանագրվել, ինչը վկայում է, որ այս վայրը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, եւ որքան պեղումները հանրայնացվեն, այնքան կմեծանա այս վայրի հանդեպ հետաքրքրությունը։

Պետք է մեր երկիրը եւ երկրի ժառանգությունը ներկայացնել իր պատմամշակութային հարուստ ու բազմազան երանգների մեջ։ Շատ կարեւոր է լավագույնս մատուցել մեր երկրի հնագույն շրջանի պատմամշակութային հուշարձանները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների համար եւ ունեն նաեւ համաշխարհային նշանակություն։

Չմոռանանք, որ Օձաբերդը հուշարձան է, որն ունի սեպագիր արձանագրություն, ամրոց, միջնաբերդ, բնակավայր եւ դամբարաններ։ Օձաբերդը գտնվում է Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի միջեւ եւ շատ անգամ հիշատակվում է նաեւ որպես Ծովինարի ամրոց՛

 

Հարցազրույցը՝ Լենա ՂԱԶԱՐՅԱՆԻ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *