ԿԱՐԵՎՈՐ
Search
2013-Team_working_329397111

Ինչու՞ է գործատուն երիտասարդից աշխատանքային փորձ պահանջում. ինչպե՞ս լուծել գործազրկության խնդիրը

Արմավիրի մարզում գրանցված աշխատանք փնտրողների քանակն աճել է 38 տոկոսով` հասնելով 5602-ի, սակայն ոլորտի մասնագետներն առավել մտահոգիչ են համարում տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների թվաքանակի մեծացումը:

«Մենք ունենք 32.4 տոկոս տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդներ: Այսինքն, այդ երիտասարդներն աշխատանք չեն փնտրում, չեն սովորում, գրանցված չեն որպես գործազուրկ կամ աշխատանք փնտրող: Կա մոտիվացիայի պակաս», – նշեց Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը, որը կազմակերպվել էր Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ համատեղ:

Գործատուները, Հայկուհի Գևորգյանի համոզմամբ, պահանջում են անձնային բարձր որակներ, և նրանց համար առաջնային է ունենալ երիտասարդ կադր, որին կկարողանան սովորեցնել: Ըստ Գևորգյանի` «կրթական հաստատություններում պետք է երիտասարդների մոտ նախևառաջ զարգացնել առանցքային կարողություններ, որ նրանք հեշտությամբ կարողանան մտնել աշխատաշուկա»:

Ներկայում Հայաստանում գրանցված 75 հազար գործազուրկներից 4581-ը բնակվում են Արմավիրի մարզում: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.1%-ով (3548 մարդ): Իսկ 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 5602 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.0%-ով (4058 մարդ):

«Նման աճ արձանագրվել է ոչ միայն Արմավիրի մարզում, այլ ամբողջ հանրապետությունում: Սակայն գրանցված աշխատանք փնտրողների աճի պատճառներից է նաև զբաղվածության ծրագրերի քանակի ավելացումը: Օրինակ` արդեն երրորդ տարին է` իրականացնում ենք Սեզոնային աշխատանքների կազմակերպման ծրագիրը»,- ասաց ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Թադևոսյանը:

Քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցող Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները նույնպես ուղղեցին իրենց հարցերը բանախոսներին:

Արմավիրի երիտասարդներին աջակցելու համար Զբաղվածության գործակալությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնցից Հասմիկ Թադևոսյանն առանձնացրեց Պրակտիկայի ծրագիրը:

«15 տարի է` երիտասարդներն անդադար բողոքում են, որ գործատուն աշխատանքային փորձ է պահանջում: Բողոքելու փոխարեն առաջարկում ենք դիմել Պրակտիկայի ծրագրին: Այս ծրագրի շրջանակներում այն երիտասարդները, ովքեր ունեն մասնագիտություն, գործատուների մոտ երեք ամիս տևողությամբ պրակտիկա են անցնում, և մեծ մասը տեղավորվում է աշխատանքի»,- ասաց Հասմիկ Թադևոսյանը:

Հայկուհի Գևորգյանը նույնպես անդրադարձավ երիտասարդների ակտիվության ու ճիշտ մասնագիտական կողմորոշման խնդրին:

«Կա մասնագիտական կողմնորոշման ծառայությունների, համակարգի բացակայություն ամբողջ Հայաստանում: Արմավիրի մարզում դպրոցականներին խնդրում ենք նշել մասնագիտություններ, և նրանք 15 մասնագիտությունից ավել չեն կարողանում հիշել:- ասաց Գևորգյանը, – Մասնագիտության ընտրությունը կատարվում է ոչ գիտակցված` հաշվի չառնելով ո´չ անձնային հնարավորությունները, ո´չ էլ աշխատաշուկայի պահանջարկը»:

Հասմիկ Թադևոսյանը հորդորեց երիտասարդներին ընտրել ճիշտ մասնագիտություն և լինել ակտիվ: «Դեռ ուսանողական տարիներից ակտիվ հասարակական, կամավորական գործունեությունը կօգնի ձեզ հաստատել կապեր, շրջապատ ձևավորել, սովորել գործատուին դիմելաձև, կտա աշխատանքային հմտություններ: Փնտրե´ք և եղե´ք ակտիվ»,- ասաց Հայկուհի Գևորգյանը:

Մարզային քաղաքացիական երիտասարդական կենտրոնների հետ քննարկումների շարքի նպատակն է խթանել մարզերում բնակվող երիտասարդների համար կենսական հարցերի վերաբերյալ իրազեկությունը, աջակցել երիտասարդներին բարձրաձայնել առկա խնդիրների մասին և գտնել հնարավոր լուծումները՝ համագործակցելով պետական կառույցների հետ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *