Raqqa1

Իրաքի հայկական համայնք. գործող կազմակերպություններն ու դպրոցները

Իրաքի հայերի մասին առաջին տեղեկությունները կարելի է գտնել Մովսես Խորենացու աշխատանքներում, ուր նա ասում է, որ հայերը ժամանակակից Իրաքի տարածքում բնակվել են դեռևս մեր թվարկությունից առաջ:

17-րդ դարում Հայաստանը գրավելուց հետո շահ Աբբասը շուրջ 12000 հայ տեխափոխեց Պարսկաստան, Նոր Ջուղայի շրջան : Շահ Աբբասի մահից հետո` հետապնդումների և բռնությունների հետևվանքով, սկսվեց հայերի արտագաղթը Պարսկաստանից դեպի Իրաք և Հնդկաստան: Հնդկաստան գաղթողների մի մասը ճանապարհին հաստատվեց Բասրայում: Ավելի ուշ Իրաքում, մասնավորապես Բաղդադում, հիմնավորվեցին հայերը Տիգրանակերտից, Ուրֆայից, Ադանայից և Իզմիրից: Սկզմնական շրջանում Իրաքի հայ համայնքը մասնատված էր, Բասրայի հայերը կապված էին Նոր Ջուղայի առաջնորդարանի հետ, իսկ Բաղդադի հայերը` Էջմիածնի:

1915թ. Ցեղասպանության արդյունքում տասնյակ հազարներ հայեր ապաստան գտան Իրաքում: 1920-ականներին Իրաքում ապաստան էր գտել շուրջ 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացավ երկրից, մի մասը հայրենադարձվեց Հայաստան: Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000 մարդ: Գաղութի մեծամասնությունը բնակվում էր մայրաքաղաքում, սակայն մի ստվար հատված ցրված էր երկրով մեկ (Մոսուլ, Բասրա, Քիրքուկ և այլն): Իրաքահայերը հիմնականում զբաղվել են առևտրով և արհեստներով, նրանց մեջ եղել են նաև բժիշկներ, ինժեներներ, պետական ծառայողներ: Իրաքի Հայոց թեմն Էջմիածնական է և ունի 9 եկեղեցի, որոնցից 4 գտնվում են Բաղդադում: Առաջնորդարանը տեղակայված է Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից, որն ամենախոշոր հայկական եկեղեցին է: Առաջնորդարանը լույս է ընծայում «Կանթեղ» եռամսյա պաշտոնաթերթը: Բացի այդ երկու տարին մեկ լույս է տեսնում «Տաթև» տարեգիրքը: Իրաքահայության ղեկավար մարմինը` Ազգային Կենտրոնական Վարչությունն է, որը համակարգում է համայնքի կրոնական և ազգային գործունեությունը: Նրան ենթակա են Մոսուլի, Քիրքուկի և Բասրայի թաղային կոմիտեները:

Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը 2010թ. ընտրվել է Իրաքի քրիստոնյա համայնքների հոգեւոր առաջնորդների խորհրդի գերագույն քարտուղար: Իրաքում գործում են հետևյալ հայկական կազմակերպությունները.

Ազգային Կենտրոնական Վարչություն Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միություն (ՀՄԸՄ) Հայ Երկսեռ Երիտասարդաց Միություն (ՀԵԵՄ) Հայ տիկնանց մշակութային միություն (ՀՏՄՄ) Նահատակ Օհան Մարզական Միություն (ՆՕՄՄ) Առաջնորդարանին կից գործում են մանկապարտեզ և դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և գրականություն, կրոն, հայոց պատմություն:

Ժամանակին դպրոցը հաճախում եր ավելի քան 700 երեխա, այսօր աշակերտների թիվը կազմում է շուրջ 130 մարդ: 2005թ. ընդունված Իրաքի սահմանադրության մեջ նշված է, որ հայերենը կարող է օգտագործվել որպես մայրենի լեզու։ Իրանա-իրաքյան և Ծոցի պատերազմների հետևանքով ստեղծված ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով հայկական բազմաթիվ ընտանիքներ լքեցին Իրաքը և բնակություն հաստատեցին Լիբանանում, Հորդանանում, որոշ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և շուրջ 1000 մարդ ապաստան են գտել Հայաստանում:

Բազմաթիվ իրաքահայեր ներկայումս տեղափոխվել և բնակություն են հաստատում առավել անվտանգ՝ հյուսիսային գյուղատիպ շրջաններում։ Քրդստանում ներկայումս բնակվում են մոտավորապես երկու հազար հայեր: Հայերի նոր հոսք դեպի հյուսիսային շրջաններ և արտասահման տեղի ունեցավ 2010թ. հոկեմբեր-նոյեմբեր ամիսներին քրիստոնյա համայնքների դեմ ուղղված Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո: Իրաքում ապրող հայերի ներկա թիվն այսօր շուրջ 13000 է:

Իրաքի Հայ կաթողիկե համայնք

1914թ. Բաղդադի հայ կաթողիկների թիվը կազմում էր մոտ 300 մարդ:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո այդ թիվը ավելացավ և 2003թ. հասնում էր մոտ 3000-ի: Մեծամասնությունը արաբախոս է: Համայնքն ունի երկու եկեղեցի , որոնցից մեկը կոչվում է Մայր Վերափոխման եկեղեցի (կառուցված է 1844թ.), իսկ մյուսը Հիսուս Ս. Սիրտ եկեղեցի (կառուցված է 1937թ.): 1997թ. վերակառուցվեց Հայ կաթողիկե Մայր տաճարը, որը Բաղդադի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: Հայ կաթողիքների առաջնորդն է գերապայծառ Էմանուել Դաբաղյանը: Այսօր Իրաքում մնացել է 200-250 հայ կաթողիկների ընտանիք:

 Ըստ «Հայերն այսօր»  էլեկտրոնային պարբերականի՝

7-րդ դարից սկսած Միջագետքի մի շարք քաղաքներում ձևավորվել են փոքրաթիվ հայ համայնքներ: Արդեն 1638 թվականին թուրքական Սուլթան Մուրադ IV-ը Բաղդադը գրավելուց հետո հայերին շնորհել է քաղաքում բնակվելու արտոնություն, որից հետո կազմավորվել է հայ գաղութը: Իրաքահայ համայնքը հատկապես ստվարացել է Հայոց Ցեղասպանությունից փրկված տարագիրների հաշվին: 1920-ական թվականներին Իրաքում ապաստան է գտել շուրջ 90 հազար հայ:

Ավելի ուշ նրանց մի մասը տեղափոխվել է այլ երկրներ, մյուսները` Հայաստան: Իրաքահայերի մեծ մասը բնակվում է Բաղդադում, մնացածը` հիմնականում Բասրա, Մոսուլ, Քիրքուք և հյուսիսային սահմանամերձ Զախո քաղաքներում: Իրաքահայերը հիմնականում զբաղված են առևտրի և արհեստների ոլորտներում, կան նաև բժիշկներ, ինժեներներ, պետական ծառայողներ, արվեստագետներ:

Գործում են հայկական դպրոցներ, կրթական, մարզական, մշակութային և բարեգործական հաստատություններ: 2009 թվականի տվյալներով` Իրաքում բնակվում է շուրջ 16 հազար հայ: Ներկայիս իրաքահայ համայնքը ենթարկվում է ներքին լուրջ փոխոխությունների. ձևավորվում են հայկական նոր բնակավայրեր (կամ գաղութներ)` հիմնականում երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում:

Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի Հայոց թեմը, որը կազմավորվել է 1944 թվականին (առաջնորդանիստը` Բաղդադի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Ավագ արք. Ասատուրյան): Ներկայումս Իրաքում կա շուրջ 10 գործող հայկական եկեղեցի: Իրաքահայ համայքնի ազգային-եկեղեցական կյանքը ղեկավարվում է Հայոց առաջնորդարանի և Ազգային կենտրոնական վարչության կողմից: Հրատարակվում է Առաջնորդարանի «Կանթեղ» պարբերականը (խմբագիր` Արամ Քեթենջյան):

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *