Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձը հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Այսօր առանձնահատուկ` հոբելյանական օր է:

Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական հաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարվածն էր, որ 1945 թվականի մայիսին Եվրոպայում վճռեց պատերազմի ելքը: ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ և առաջին գծում, և՛ պարտիզանական ջոկատներում, և՛ ընդհատակում, և՛ դիմադրական շարժումների մեջ հայորդիներն իրենց ավանդն են բերել նացիստական ուժերին վերջնականապես ջախջախելու գործում:

Մենք եղել ենք արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հակամարդկային գաղափարախոսության, բռնության ու բարբարոսության: Հերոսաբար կռվելով ամենատարբեր ճակատներում, գիշեր ու զօր աշխատելով թիկունքում, մենք պաշտպանել ենք նաև մեր հայրենիքը` Հայաստանը: Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, վերաշինության, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ:

Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության խրամատում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ:

Խաղաղություն աշխարհին և խաղաղություն մեր երկրին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *