ԼՂՀ եւ ՀՀ 520 ՀԿ-ներ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը երեկ համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին, որում, մասնավորապես, անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ։ Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի եւ Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ, ովքեր պատերազմական գործողությունների ողջ ընթացքում աշխատել են շփման գծում, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ։ Այս մասին ասված է քաղաքացիական հասարակության տարածած հաղորդագրության մեջ։

Ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա՝ հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված եւ հարձակողական բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ՝ ներառյալ երեխաների եւ ծերերի։ Համատեղ կոչով հանդես եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը, որը ներկայացված է տարբեր հասարակական-քաղաքական ճամբարներից 215 ՀԿ-ներով, ցուցաբերել են աննախադեպ միասնականություն իրենց դիրքորոշման հարցում՝ հայտարարելով իրենց անվերապահ աջակցության մասին։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության եւ վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները եւ պատերազմական հանցագործությունները, նրանք Եվրոպական խորհրդարանից պահանջել են խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողություններն ու նրա հովանավորների սադրանքները։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *