arm145501190739

ԼՂ հակամարտության կարգավորման Վիեննայի պայմանավորվածությունները պետք է կատարվեն. ԵՄ դեսպան

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրեց Եվրոպական միության արտաքին եւ անվտանգության քաղաքականության համաշխարհային ռազմավարությունը: Այնուհետեւ լրագրողների խնդրանքով դեսպանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներին, ներկայացրեց Հայաստանում կեռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, անդրադարձավ նոր Ընտրական օրենսգրքին եւ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայանգրի շուրջ բանակցություններին:

Ավելի ուժեղ Եվրամիության կարիք կա

Եվրամիության քաղաքացիներն ու աշխարհը, ըստ դեսպանի, այսօր, ինչպես երբեք, կարիք ունեն էլ ավելի ուժեղ Եվրոպական միության:

«Մեր ընդլայնված տարածաշրջանը ավելի անկայուն է ու անապահով: Միության սահմաններում և անդին գոյություն ունեցող Ճգնաժամային իրավիճակը ուղղակի անդրադառնում է քաղաքացիների կյանքի վրա: Նման դժվարին ժամանակներում, ուժեղ է համարվում այն միությունը, որը կարող է դրսևորել ռազմավարական մտածողություն, ձևավորել ընդհանուր մտապատկեր եւ գործել միասնաբար: Սա հատկապես ճշմարիտ է Միացյալ Թագավորության հանրաքվեի արդյունքների պարագայում: Անշուշտ մենք կվերանայենք մեր Միության գործելակերպը, քանզի մենք լավ գիտենք, մեր նպատակները: Լավ գիտենք, թե որոնք են մեր սկզբունքները, մեր շահերն ու մեր առաջնահերթությունները: Անորոշության ժամանակը չէ: Մեր միությանը պետք է ռազմավարություն: Մեզ պետք է մի ընդհանուր տեսլական, եւ ընդհանուր գործողություն»,-հայտարարեց Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը ձևավորել է դիվանագիտական լայն ցանց, որը խորը կապեր ունի աշխարհի բոլոր անկյուններում: Տնտեսական առումով, Եվրոպական Միությունը աշխարհի երեք առաջատար տնտեսական դաշինքներից մեկն է:
«Աշխարհի գրեթե բոլոր երկրների համար առաջին առեւտրային գործընկերն ենք եւ առաջին արտաքին ներդրողը: Զարգացման համագործակցության ուղղությամբ մեր՝ որպես Միության կողմից տրամադրվող ներդրումների ծավալները, գերազանցում են աշխարհի բոլոր մյուս երկրների կողմից միասին տրամադրվող ներդրումներին: Վերջերս այցելած մեր գործընկերները, բոլոր երկրները ակնկալում են, որ Եվրոպական միությունը ստանձնի ավելի կարեւոր դերակատարում, այդ թվում հանդես գալով որպես գլոբալ անվտանգության երաշխավոր»,-նշեց նա՝ հավելելով, որ գլոբալ ռազմավարությունում Եվրամիություն գործելու է հետեւյալ ուղղություններով:

Եվրամիության անվտանգությունը, Արեւելյան ու հարավային հարեւան պետությունների ու հասարակությունների տոկությունն ու կայունությունը, հակամարտությունների նկատմամբ ավելի համալիր մոտեցման ցուցաբերումը եւ համաշխարհային կառավարման բարելավումը:

«Մեր ներդրումները ուղղված կլինեն տարածաշրջանի կարգավորմանը եւ համագործակցության խթանմանը տարածաշրջանի ներսում և անդին: Կխթանենք բարեփոխված գլոբալ կառավարումը, որը կկարողանա դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին: Մեր համագործակցությունը կլինի գործնական եւ սկզբունքային, կիսելով համաշխարհային պատասխանատվությունները մեր գործընկերների հետ եւ նպաստելով նրանց հզորացմանը: Մենք լավ փորձ ունենք: Մեր հարեւանների եւ մեր գործընկերի թույլ կողմերը մեր սեփական թույլ կողմերն են: Այսպիսով, մենք պետք է ներդրենք շահեկան լուծումներ և դուրս գանք պատրանքներից, թե միջազգային քաղաքականությունը կարող է լինել ահաղթանակ խաղ»,-ասաց Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Վիեննայի պայմանավորվածությունները պետք է կատարվեն

Գլոբալ ռազմավարությունում նախատեսած հակամարտությունների նկատմամբ համալիր մոտեցման ցուցաբերման շրջանակներում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, դեսպանը նշեց, որ այս գործընթացում վերջին ամիսներին նոր շարժ է նկատվում:

«Վիեննայում կայացած նախագահների գագաթաժողովը նոր էջ բացեց ԼՂ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում, փորձ արվեց գտնել ազնիվ և բազմակողմանի լուծում»,-ասաց դիվանագետը՝ հավելելով, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը:

Նրա խոսքով, այդ գործընթացը շարունակվում է, իսկ Եվրամիությունն ամբողջովին աջակցում է հիմնախնդրի կարգավորման այդ ձևաչափին. «Դրանում գլխավոր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է»:

Նա տեղեկացրեց, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հունիսի 5-ին ժամանելու է Հայաստան: Այդ այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, արտգործնախարարի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Այդ այցով, ընդգծեց Սվիտալսկին, նպատակ կա հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի աջակից:

Սվիտալսկին չխորացավ կարգավորման գործընթացի դետալների մեջ՝ կարծիք հայտնելով, որ հիմա հանրային դիվանագիտության ժամանակը չէ:

«Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն, որովհետև դրանք կառուցում են այս գործընթացում փոփոխության ճանապարհը: Մենք փորձում ենք աջակցել խաղաղ կարգավորմանը տանող գործընթացին: Այդժմ պետք է թույլ տալ, որ դիվանագիտությունն աշխատի»,-նշեց դեսպանը՝ միեւնույն ժամանակ չցանկանալով մեկնաբանել Ադրբեջանի առաջին դեմքերի հայտարարություններն առ այն, որ Բաքուն համաձայն չէ շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը:

Ընտրական նոր օրենսգրքի մասին

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությունների ու ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնությունը կկատարվի. նման համոզմունք հայտնեց Եվրամիության դեսպանը:

«Ես հայտարարել եմ մի քանի անգամ եւ ասում եմ կրկին, որ հավատում եմ, որ սպասվող ընտրությունները վճռական կլինեն այս երկրի համար: Ես առաջին մարդն էի, որ շնորհավորեցի և՛ կառավարությանը, և՛ ընդդիմադիր ուժերին համաձայնության գալու համար՝ չնայած առկա խորը տարաձայնություններին: Սա լավ օրինակ է, երբ հանուն մեծ գործի կողմեը մի կողմ են թողնում տարաձայնությունները»,-ասաց դեսպանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այդ համաձայնությունը չի լուծում բոլոր խնդիրները։

Նա հիշեցրերց, որ այս խնդրի շուրջ շատ անհամաձայնություններ և հակասություններ կան կառավարության, ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակության միջև: Այնուամենայնիվ ձեռք բերված համաձայնությունը դեսպանը պատմական է համարում եւ նշում, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ համաձայնությունների կյանքի կոչմանը:

Ընտրական օրենսգրքի բարեփոխման ֆինանսավորման նպատակով պահանջվող 16 միլիոնից հավաքվել է 12 միլիոնը, որից 3 միլիոնը ԵՄ-ն է տրամադրել։ Անհրաժեշտ գումարը պետք է հավաքվի մինչև այս տարվա սեպտեմբերի մեկը:

«Հույս ունեմ, որ ֆինանսական խնդիրը կառուցողական լուծում կստանա։ Համաձայնագրի կյանքի կոչման համար Եվրամիությունը պատրաստ է տրամադրել զգալի աջակցություն: Բացի այդ, կարծում եմ, մի շարք պետություններ նույնպես պատրաստ են ֆինանսապես աջակցել համաձայնագիրը կյանքի կոչելուն: Ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը ծանրակշիռ աջակցություն է ցուցաբերում այս հարցում», – ասաց նա։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *