Խաղողագործության զարգացման նախադրյալներ են ստեղծվում. կստեղծվեն նոր այգետարածքներ

Խաղողաղործությունը Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից է ու թեեւ վերջին տարիներին արձանագրվել են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման դինամիկ տեմպեր, այնուամենայնիվ ոլորտում չիրացվող ներուժը ստիպում է ոլորտի պատասխանատուներին համակարգված մոտեցում եւ զարգացման նոր ռազավարություն մշակել:

Արեւային էներգիայի եւ նպաստավոր հողային պայմանների, խիստ չորային կլիմայի արդյունքում այսօր հնարավոր չէ առանց արհեստական ոռոգման զբաղվել խաղողագործությամբ (բացառություն է կազմում Տավուշը), ձմռան ամիսներին կա ցրտահարության վտանգ, ուստի առաջ է գալիս խաղողի այգիները հողում թաղելու, իսկ գարնանը նորից հորերից հանելու անհրաժեշտություն: Սա բարձրացնում է խաղողի ինքնարժեքը: Ըստ վիճակագրության, հանրապետությունում խաղողի հողահանդակների զբաղեցրած ընդհանուր մակերեսը տարբեր տարիներին տարբեր մեծություններ է ունեցել:

Նախ սկսած 1913 թվականից (9 հազ. Հա) արձանագրել է աճի միտում և գագաթնակետին է հասել 1988 թվականին՝ 37 հազ. հա: Սակայն հետզհետե խաղողի այգիների տարածքները կրճատվել են տարբեր պատճառներով, որոնք միան վերջին տասնամյակում են դարձյալ զարգացում ապրել: Այգիների կրճատումն, ինչպես մեզ հետ զրույցում պատմում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, պայմանավորված է եղել խաղողի այգիները՝ բանջարանոցների կամ հացահատկային դաշտերի վերածմամբ: Հետխորհդրային ժամանակահատվածում խնդիրները կապված էին վերամշակման եւ մասնավորապես մթերման ցածր գների հետ, ինչն էլ դժվարություններ էր ստեղծում արտահանման տեսանկյունից: Խաղողագործությունը վնասներ կրեց 90-ականներին:

Նշենք, որ անցյալ տարի արտադրվել է շուրջ 240 հազար տոննա խաղող: Մթերվել է 167 հազար տոննա, մինչդեռ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա տվյլաներով, այդ ծավալներն արդեն ոլորտը արտադրողների համար գրավիչ դարձնելու եւ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել է խաղողագործության եւ գինեգործության զարգացման ռազմավարություն: Փաստաթուղթը նպատակ ունի սահմանել խաղողագործության եւ գինեգործության զարգացման հիմնական ուղղությունները, հստակեցնել պետական աջակցության մեխանիզմները եւ նպաստել խաղողի արտադրության եւ վերամշակման ծավալների ավելացմանն ու ճյուղի տնտեսական արդյունավետության բարձրացմանը:

Ռազմավարությամբ նախատեսվում է զգալիորեն ավելացնել այգեգործական նշանակության տարածքները, իսկ ոլորտում շրջանառվող վարկերը դարձնել առավել մատչելի եւ հասանելի: Այժմ խաղողագործական այգիները կազմում են 17 300 հեկտար տարածություն: Ռազմավարությամբ նախատեսված ծրագրերի իրականացումը ենթադրում է նաեւ անհրաժեշտ այգետարածքների ծավալների ու սորտերի տեսակային կազմի պահանջարկի ճշգրտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ֆիլոքսերադիմացկուն արմատակալների ֆոնդի ստեղծում, խաղողի կոլեկցիոն այգու ստեղծում, ուր պետք է կենտրոնացվեն բոլոր աբորիգեն սորտերը:

Ինչպես նշել էինք, ռազմավարության մեջ ներառված է խաղողի սեղանի սորտերի այգետարածքների ավելացումը: 85-87 տոկոս կազմում են տեխնիկական սորտերը, որոնք գյուղացիական տնտեսությունների կողմից իրացվում են բավական էժան գներով: Նպատակ է դրված առաջիկա տարիներին միջոցներ ձեռնարկել որպեսզի տնտեսությունները մշակեն ավելի եկամտաբեր մշակաբույսեր: Մթերման ներկա գները դեռ լիովին չեն շահագրգռում արտադրողներին:

Նախորդ տարի  խաղողի 1 կգ-ը հարթավայրերում մթերվում է 150 դրամով, հյուսիս արեւելյան գոտում՝ 140 դրամով իսկ Վայոց Ձորում՝ 200-230 դրամով պայմանավորված՝ արեւի սորտային կազմով ինչն արժեքավոր գինեհումք է եւ մեծ պահանջարկ ունի: Այժմ ոլորտում,  մթերումների գների շարունակական աճ է նկատվում, շարունակաբար ավելանում են արտահանման ծավալները:  Ավելի շատ արտահանվում են տիպիկ սեղանի եւ ունիվերսալ սորտերը: Մեծ է պահանջարկը հատկապես վաղահաս քիշմիշային սորտերի նկատմամբ: Հայկական բերքի առաջմղման կենտրոնը եւս մեծածավալ աշխատանքներ է իրականացնում՝ ավելացնելու սեղանի սորտերի բազմացման եւ նոր սորտերի հայնտնաբերման ուղղությամբ:

Գինեգործությունը եւս կարեւոր ուղղություններից է եւ անմիջականորեն պայմանավորված է խաղողագործության ճյուղի հետ: Հայաստանում արտադրվում են որակյալ գինիներ, որոնք թե գնային, թե որակական առումով կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել նաեւ եվրոպական շուկայում: Վերջին տարիներին ոլորտում կատարված լուրջ ներդրումները, նոր գինեգործական ձեռնարկությունների հիմնադրումն ըստ նրա, հանգեցնելու են գինեգործական ճյուղի զարգացմանը:ՙ Սակայն նկատենք, որ այս ճյուղը չի կարող զարգանալ առանց խաղողի համապատասխան սորտերի այգիների հիմնադրման եւ բարձր բերքատվության ապահովման:

Ռազմավարության մեջ ներառված է նաեւ գինեվետ խաղողաղործության զարգացումը, խոսքը խաղողի այն սորտերի մասին է, որոնք կարող են ծառայել բարձր որակի գինու արտադրության համար:

Խաղողագործության համար անհրաժեշտ է երկարատեւ ու մատչելի տոկոսադրույքներով վարկային ռեսուրսների ներգրավում: Նշենք, որ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում տրվող վարկերը կարճաժամկետ են եւ բարձր տոկոսադրույքով: Այս երեւույթն, ըստ նրա չի կարող նպաստել ոլորտի լուրջ զարգացմանը: Մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավումը, երկարաժամկետ արտոնյալ վարկերի տրամադրումը, մարման բարենպաստ պայմանների ստեղծումը, նոր մանրասորտ այգիների հիմնումը եւ ուսումնասիրությունների անցկացումը կարող են լուրջ երաշխիքներ ստեղծել խաղողաղործության զարգացման համար:

Առաջիկայում գյուղնախարարությունը նպատակադրված է ավելացնել սուբսիդավորման ծավալները եւ բարձրացնել համաֆինանսավորման տոկոսադրույքի շեմը:Գյուղացիական տնտեսություններին կտրվի հնարավորություն վարկավորվել առավել մատչելի պայմաններով եւ ազգային արժույթով: Այսօր արտադրության մեջ կիրառվում են շուրջ 50-60 սորտեր:  Խաղողաղործության ոլորտում բավական լայն հեռանկարներ են կան արդեն մաքսային միությանն անդամակցելու պարագայում, երբ հատկապես գինեգործական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում են ՌԴ շուկա, քանի որ մաքսատուրքերի չվճարման պարագայում, կստեղծվեն մեծ առավելություններ, կմեծանա մրցունակությունը հայկական արտադրանքի նկատմամբ, ինչն էլ կհանգեցնի արտադրության ավելացմանը եւ խաղողագործության զարգացմանը: 

Լյով Գեւորգյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *