xaror

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ կամ Աստվածածնի Վերափոխման տոն

Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինը, մարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք պատվում, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի, Ով բյուր հրեշտակներով ծածկաբար եկավ Իր պատվական և սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք:
Տերն ավելի վաղ նրա մոտ էր առաքել Գաբրիել հրեշտակապետին, որպեսզի Կույսի հետ խոսի անճառելի Էության մասին: Իսկ այսօր ոչ թե անքննելին է պատմվում, այլ նույն Ինքն Անճառելին է երևում դեմ հանդիման, քանզի ծնվելիս հրեշտակներն էին սպասավորում Կույսին, իսկ փոխվելիս՝ Բանն Աստված՝ Իր զորքերով:
Բոլոր եկեղեցիներն այս տոնը տոնում են օգոստոսի 17-ին, կամ մոտակա կիրակի օրը, որովհետև այսօր երկնքի և բոլոր արարածների թագուհին պատիվ է խնդրում իր Որդու արարածներից, քանզի Բանն Աստված բոլոր ազգերից, ժամանակներից և բոլրարոր աածներից միայն նրան ընտրեց, նրանից ծնվելու և լինելու Միջնորդ աշխարհի հաշտության, և նա դարձավ անկարոտ Բնության սնուցող մայրը և երանելիորեն բարեբանվեց աշխարհի վրա բնակված բոլոր ազգերից:

Աստվածամոր վերափոխման լուրը

Պե՜տք է և արժա՜ն է իմանալ այն ամենը, ինչ պատահեց հետագայում ամենաօրհնյալ սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի հետ: Երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:
Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:
Ապա հայտնեց, որ լրացել է օտարության մեջ նրա պանդխտության ժամանակը, և այժմ պահն է գնալու դեպի իր հայրենի ժառանգությունը: Ասաց նաև, որ Տիրուհին չի մնալու մահվան գավառում, քանզի անմահ կյանքի արժանացավ, վերջացան նրա չարչարանքներն ու լրացան տառապանքները, անցնելու են տրտմություններն, ու մոտ է ուրախությունը: Հանգիստը պատրաստ է, լույսի խորանը՝ կազմված, փառքի աթոռը՝ հարդարված: Արդ՝ պետք է գնալ ու հանգստանալ բազում չարչարանքներից և վայելել այն փառքը, որ աշխարհի ստեղծումից առաջ կար:
Ապա, տասնչորս օր անց, կրկին եկավ Գաբրիել հրեշտակապետը և կրկին Տիրուհուն ավետեց Աստծու մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամը, և զվարճացավ նրա հոգին: Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում: Ապա, ևս տասներկու օր անց, երրորդ անգամ եկավ Գաբրիելը և դարձյալ խորնարհվելով տիրածին Կույսի առջև՝ ասաց. «Ուրախացի՜ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին», և նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել և բերել էր Ադամի Դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը դա տեսնելով օրհնեն Աստծուն:
Իսկ ամենասուրբ Կույս Մարիամը, երբ ստացավ իր երկինք փոխվելու ավետիսը և բրաբիոնի պսակը, գնաց Ձիթենյաց լեռը՝ աղոթելու, և բոլոր բույսերն ու տնկիները կրկին խոնարհվելով՝ երկրպագեցին նրան: Իր աղոթքում Աստվածածինն այսպես էր ասում. «Դու իմ Տեր Հիսուս և Որդի, Քո Հոր՝ Աստծու և իմ՝ Քո աղախին մոր, Տեր իմ Միածին, Դու Ինքդ խոստացար գալ ինձ մոտ, որպեսզի Քեզ ավանդեմ իմ հոգին»: Այդժամ երկնքից մի ձայն նրան պատասխանեց. «Չեմ թողելու քեզ մայր Իմ, Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ քո խնդրանքը»:
Երբ սուրբ Կույսը լսեց այդ խոսքը, անասելի բերկրանք ապրեց: Վերացավ նրա մարմնավոր տրտմությունը, ու հոգին լցվեց հոգևոր խնդությամբ: Ապա դարձավ իր տուն, կանչեց իր բոլոր դրացիներին, ազգակիցներին և այն սուրբ կույսերին, ովքեր իր հետ ժուժկալությամբ ճգնում էին, ու նրանց հանձնարարեց, որպեսզի վառեն բոլոր ջահերը և իր հետ լինեն երեք օր, և այդ օրերին նրանց շատ բաներ էր պատմում Աստծու մեծամեծ գործերի մասին:
Երբ կույսերը լսեցին Աստվածածնի խոսքերը, թե փոխվելու է աշխարհից, սաստիկ խռովվեցին և արտասվելով մեկմեկու ասում էին. «Ո՜չ ոք մեզ չի լուսավորի, երբ զրկվենք այս պայծառ արեգակից, և երբ սպառվի այս անսպառ աղբյուրը, և մեր միջից վերցվի ամբողջ աշխարհի այս մխիթարիչը, ո՞վ կմխիթարի մեզ: Երբ վերանում են բերդաքաղաքի պարիսպները, քաղաքացիներից ոչ ոք այլևս չի ապրում այնտեղ»:
Մինչ Աստվածամայրը խոսում էր նրանց հետ, եկավ նրա հոգևոր որդին՝ Հովհաննես ավետարանիչը, ով Քրիստոս էր քարոզում Երուսաղեմի մոտակա գյուղերում, և ողջունեց ու երկրպագեց իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Կույսն, ընդունելով Հովհաննեսի ողջույնը, ասաց. «Բարով եկար, որդիս, և սիրելին իմ Որդու»: Ապա Հովհաննեսը հարցրեց, թե ինչո՞ւ են մարդիկ տրտմության մեջ: Սրբուհին, զվարթ դեմքով և բերկրալի սրտով, նրան կարգով պատմեց հրեշտակի այցելության, իր փոխման մասին և մատնանշեց իր թաղման տեղը, որը լինելու էր Գեթսեմանիում: Երբ Հովհաննեսը լսեց այդ ամենը, սկսեց ողբալ, որ զրկվելու է իր հոգևոր մորից:
Սուրբ Կույսը նրանց ասաց. «Աստծու Խոսքի ծառանե՜ր, լսե՜ք Տիրոջ աղախնին, քանզի ողորմելով ողորմեց ինձ իմ Տերը և հույժ գթաց: Հասել է իմ ժամանակն այս աշխարհից փոխվելու Նրա մոտ, Ում անձկալով ձգտում եմ, Ով նախկինում անմայր էր, սակայն Իր գթությամբ ինձ Իրեն մայր դարձրեց՝ առանց հոր: Արդ՝ դո՜ւք, դուստրե՜ր վերին Երուսաղեմի, լույսի՜ որդիներ և հավատի՜ ծնունդներ, քաջալրվե՜ք ձեր հույս Քրիստոսով, թոթափվե՜ք ձեր կյանքում սատանայի պատրանքներից, որ ամեն օր մարտնչում է Աստծու ծառաների դեմ, մի՜ թուլացեք ձեր ամենօրյա աղոթքներում և Աստծու շնորհներով պահպանված կլինեք»: Ապա սուրբ Կույսն աղոթքով խնդրում է Տիրոջից տեսնել առաքյալներին, քանի որ նրանք գնացել էին աշխարհի տարբեր ծայրերը՝ փրկության Ավետարանը քարոզելու:
Այնուհետև Կույսը Հովհաննեսին խնդրեց մատուցել աստվածային պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը: Այդժամ Հովհաննեսը Հիսուսի մայր Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելավ Վերնատուն և այնտեղ կատարեց Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ լսվեց և Հովհաննեսին սկսեցին ձայնակցել սուրբ առաքյալները, որոնց Սուրբ Հոգին նույն պահին ժողովեց աշխարհի տարբեր ծայրերից: Վերնատանը Սուրբ Հոգու կանչով, ամպով հափշտակվելով՝ համագումար միաբանությամբ հավաքվեցին սրբազան առաքյալների դասերը՝ հրաժեշտ տալու Աստվածամորը, և նրանց հետ էլ յոթանասուներկուսը, յուրաքանչյուրն իրեն վիճակված վայրից: Սուրբ հաղորդության ավարտին՝ սուրբ պատարագի արձակման պահին, առաքյալները երկրպագեցին Աստվածամորը և տվեցին Հիսուսի ավանդած ողջույնը: Ապա ողջունեցին միմյանց սրբության համբույրով և օրհնեցին Աստծուն իրենց այդ զարմանահրաշ հավաքի համար: Առաքյալներն ինչպես Տիրոջը ճանապարհեցին, երբ Նա համբարձվեց, այդպես էլ պետք է Տիրամորը ճանապարհեին երկինք, ուր և մեզ է առաջնորդելու Տերը՝ ելնելու ու ժառանգելու մեր հայրենիքը, որ պատրաստված է սրբերի համար:
Ապա առաքյալները մտան Աստվածամոր տունը, որը Վերնատան մոտ էր: Սուրբ Աստվածածինը նրանց ցույց տվեց այն բրաբիոնը, որն Եդեմի Դրախտից իրեն էր բերել Գաբրիելը, և հայտնեց իր ննջման մասին ու մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում: Առաքյալները լսելով, որ Աստվածածինը պետք է հեռանա իրենցից, նույնպես սկսեցին ողբալ: Աստվածամայրը նրանց ասաց, որ պետք չէ ողբով մթագնել իր ուրախությունը և պետք չէ մարդկորեն մտածել, այլ խնդրեց առաքյալներին, որ նրանք աղոթքներով ուղեկցեն իրեն, որպեսզի խաղաղությամբ անցնի խավարի իշխանության միջով և հասնի երկնային նավահանգիստ: Տիրամոր պատկերի մասին
Երբ Աստվածամայրը հրավիրվեց փոխվել իր Միածին Որդու մոտ, Հովհաննես Ավետարանիչը, Աստծու կամքից ազդվելով, վերցրեց կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևեց Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները որոշեցին աղաչել Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Քանզի այդ օրերին բորոտության ախտը մոլեգնում էր Հրեաստանում, և առավել ևս Երուսաղեմում: Առաքյալները բոլոր ներկա հավատացյալների հետ միասին աղաչեցին Տիրամորը, իսկ Պողոսը մասնավորապես ասաց.
-Ամենաօրհնյալ Տիրամայր, Աստծու Խոսքի տաճար և առագաստ, ո՛վ Տիրածին Կույս, քանի որ գնալու ես դեպի քո ցանկալին՝ Միածին Որդին, աղաչում ենք քեզ, վերցրո՜ւ Հովհաննեսի՝ Տիրոջ սիրելիի ձեռքով նկարված այս փայտեղեն պատկերը քո սուրբ ձեռքերի մեջ, որոնցով վերցրել ես բոլորիս Արարչին, օրհնիր այն ու տուր որպես նշան աշխարհի բժշկության, մանավանդ բորոտներին, որպեսզի նրանք, ովքեր կապավինեն քո բարեխոսությանը, գտնեն առողջություն իրենց անձերի համար, ինչպես նաև բժշկություն՝ իրենց ցավերից և ախտերից, քանզի քո փոխումը հույժ մեծ տրտմություն է մեզ համար: Մենք մեր Տիրոջ՝ քո Որդու համբարձումից հետո քեզանով էինք մխիթարվում: Արդ՝ տո՜ւր մեզ քո պատկերի տիպը, որպեսզի քո վերափոխումից հետո դրանով մխիթարվենք, և աղաչի՜ր քո Որդուն ու մեր Աստծուն, որ այդ պատկերի միջոցով վերացնի բորոտությունն այն մարդկանց միջից, ովքեր քո բարեխոսությանն են ապավինում:
Իսկ երանելի կույսը պատասխանեց.
-Ինչո՞ւ եք ինձ՝ Տիրոջ աղախնուն, հարկադրում իմ անունով անել այն, ինչն արժան չէ ինձ: Դուք եք Արարիչ Քրիստոսի աշակերտները և ձեզ է շնորհված դևերին հալածելու, բոլոր ախտերը բժշկելու և աշխարհից կռապաշտությունը վերացնելու իշխանությունը: Ինչ որ դուք կամենում եք, խնդրեցե՜ք Տիրոջից և կստանաք: Քանզի եթե երկինքը փակելու և բանալու իշխանությունն ունեք և երկրի վրա իշխաններ եք կարգված, ու Ի՜նքը, Տե՜րը, ձեզ Իր բարեկամները կոչեց, և ձեր ձեռքով սքանչելի նշաններ են լինում, և ձեր միջոցով բոլորին շնորհ է տրվում, ուրեմն ձեզ համար ամեն ինչ հնարավոր է: Դուք ինձ ձեր աղոթքներով ճանապարհեք, սիրով ու խաղաղությամբ միաբանվելով ինձ հետ՝ հասցրեք ինձ դեպի նավահանգիստը՝ Քրիստոս:
Ապա երանելի Պողոսն ասաց.
-Սո՜ւրբ Կույս, մենք աշխարհի Արարչի անարժան ծառաներն ենք, իսկ դու արժանի եղար լինելու Աստվածամայր: Նա, Ով հաճեց քեզանից մարմնավորվել, Նրանից՝ քո Որդուց, և մեր Աստծուց ենք արժանացել մեր ունեցած այս առաքելական շնորհին: Դու մեր Տիրամայրն ես, իսկ մենք՝ աշխարհի հրովարտակները, եղի՜ր բարեխոս աշխարհի համար: Դու Երրորդության հարսն ես, իսկ մենք՝ քո անճառ Ծնունդի հնչեցրած փողերն ամբողջ տիեզերքում: Աղաչում ենք քեզ, ինչպես քո Միածին Որդին Իր մահվան փայտն աշխարհի համար դարձրեց անմահության գանձ, դևերի հալածիչ, վիրավորների բժիշկ, հավատացյալների կյանքի նշխար, այդպես էլ դու դարձրո՜ւ այս պատկերն այնպիսին, որպեսզի քեզ փափագողները, երբ սա տեսնեն, իրենց խնդրվածքները ստանան:
Եվ ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, խաչակնքեց այն և դրեց իր դեմքին, ապա տարածելով իր աստվածընկալ բազուկները դեպի երկինք՝ ասաց.
-Տե՜ր Աստված ամենակալ, Հա՜յր բարերար մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի, Դո՜ւ, որ Քո Միածին Որդուն աշխարհի փրկության համար առաքեցիր՝ մարմնանալու Քո անարժան աղախնու միջոցով, Ով կատարելով Օրենքում ու մարգարեներում գրվածները՝ դարձյալ համբարձվեց Քեզ մոտ՝ դեպի Քո Հայրական փառքը: Աղաչում և խնդրում ենք Քեզանից բարերար Աստված, վերցրո՜ւ բորոտության ախտը մարդկանց միջից, Դո՜ւ, որ վերցրիր մեր մեղքերը Քո Միածնի ձեռքով: Կատարի՜ր խնդրվածքը Քո ընտրյալ այրերի, ովքեր Քո հրամանով առաքվեցին աշխարհի փրկության համար՝ ավետարանելու Քեզ, Քո Որդուն և Քո Սուրբ Հոգուն, որպեսզի Քեզ հավիտյան փառք տանք:
Նույն ժամին լուսեղեն կամար իջավ սրբուհու վրա և լսելի եղավ մի ձայն, որ ասում էր. «Թող լինի այնպես, ինչպես կամենում ես, մայր Իմ»: Այնժամ ամպեղեն լույսը խաչանման կաթեց սուրբ պատկերի վրա, և սուրբ Կույսը հորդառատ արտասուք հեղեց Տիրոջ առջև և դրանով թրջեց պատկերը:
Ինչպես Տիրոջ ծննդյան ժամանակ Տիրամայրը վեր էր բնության օրենքից, այդպես և իր մահվան ժամանակ, քանզի ինչպես ծնունդը ցավով ու տրտմությամբ չէր, այդպես էլ մահը հիվանդությամբ չեղավ: Քանի որ մարդիկ ունեն երկու բնական հատկություն. առաջին՝ ցավով ծնել և երկրորդ՝ հիվանդությամբ մեռնել, իսկ նա ազատ էր դրանցից:

Աստվածամոր ննջումը
Ապա սուրբ Աստվածամայրը նոր զգեստներ է հագնում, հները տալով իր մոտ եղող կույսերին և հրամայում վառել ջահերն ու լապտերները, իսկ ինքն ընկղմվում սուրբ անկողնու մեջ: Սուրբ առաքյալները շրջանաձև նստում են նրա մահճի շուրջ: Պետրոսը նստում է մահճակալի գլխավերևում, իսկ Հովհաննեսը՝ ոտքերի մոտ, իսկ Տիրամայրը ձեռքերը տարածում է դեպի արևելք և գոհանալով օրհնում Աստծուն:
Այդպիսով Տիրամայրը հասնում է իր վախճանին՝ գնալու համար երանության աշխարհը: Մահը հասնում է նաև Քրիստոսի մորը, որպեսզի նա ևս մահ ճաշակի: Տերը հրամայում է, որպեսզի Իր առջևից ընթանան վերին զորքերն ու հրեղեն լեգեոնները, լուսեղենների դասերը, գնդերն ու բանակները, զվարթունների խմբերն ու բոցեղենների ժողովը, սրբազան սերովբեները՝ հրաձև թևերով, հոգեղեն հրեշտակների լեգեոնները՝ երկնային զորքերով հանդերձ, և զարհուրելի քերովբեները, ովքեր լծված էին հրեղեն կառքերին, գունդ-գունդ իջնեն և բարձրաձայն փառաբանություններ ու ալելուիաներ երգեն:
Այդ օրը հավաքվեցին բոլոր արդարները՝ նախահայրերը, աստվածաբան մարգարեների երամները, օրինապահ դատավորները, աստվածասեր թագավորները և բոլոր արյամբ վկայվածները, սաղմոսներ երգելով Աստվածամոր սուրբ, մաքուր ու անարատ մարմնի առջև: Տիրոջ առաքյալների հետ միասին գեղեցկազարդ Տիրուհուն եկան պատվելու նաև երեցները, քահանաներն ու ղևտացիները:
Իսկ Գաբրիելի բանակը, որը բնությամբ կիզող հուր է, և Միքայելի զորքերը, որոնք երևելի են ու ահավոր, և ովքեր առավել ծանոթ էին տնօրինության խորհրդին՝ լինելով դրա սպասավորները, միաբան փառաբանության երգեր էին բարբառում, ցնծալով պարում ու ուրախանում Դավթի դստեր առջև: Նրա շուրջը կանգնելով՝ իմանալիներն ու զգալիները պար էին բռնել՝ ցնծությամբ հրճվելով և օրհնության ներբողյան էին տալիս սուրբ Կույսին:
Այդժամ երկինքն ու երկիրը լցվեցին երկնային զորքերի փառաբանությամբ, և նրանց երգերի ձայնից անուշահոտություն էր բուրում ու քաղցրություն ծորում: Ինչպես անուշահոտ խունկը կրակին հպվելով հորդում է իր բումունքը, այդպես էլ անուշահոտ Հոգին սուրբ Կույսի Որդու միջոցով օդը դարձրեց այնպիսին, ինչպես արքայությունում է: Բարձր դասերից երկիր իջնելով՝ փախան դևերը, և խավարի զորքերը, որոնց առաքյալն «օդի իշխան» է անվանում, տեղի տվեցին: Փախան դևերն անգամ չարագործների հոգիներից, և այդ օրն անդորրություն տիրեց մեղավորների տագնապած դասերում:
Այդ օրը լեռները, բլուրները, դաշտերն ու հովիտները զարդարվեցին՝ ծլարձակելով բազմերանգ ծաղիկներ, երգասաց թռչունների երամները երգեցին իրենց բնության քաղցրահունչ օրհնությունները, իսկ մեծատարած ծովերը և բոլոր ջրերը, ալիքներով և իրենց ծփանքներով, գովեցին Տիրամոր փառքը:
Եվ դա զարմանալի չէ, քանզի քաջ մանուկները (տե՜ս Դան. Գ 57) և Դավիթ մարգարեն բոլոր արարածներին հրամայում են օրհնել Աստծուն (տե՜ս Սաղմ. ՃԲ 22): Դավիթն ու Եսային հրամայում են ցնծալ լեռներին, բլուրներին, ծառերին ու ծովերին: Այդ օրը մարգարեների ու նահապետների գերեզմանների վրա լույս ծագեց, քանզի Աստվածամայրը կամեցավ իջնել մահվան հողի մեջ:
Իսկ Տիրուհին ցանկանում էր, որպեսզի իր Միածինը բարձունքներից իջնի, այդ պատճառով էլ առավոտյան՝ արևի ծագման պահին, բարձրացրեց իր ձեռքերը դեպի վեր ու աղոթեց Աստծուն: Սուրբ առաքյալները գիշերային հսկումն ավարտելուց և առավոտյան պաշտամունքն անելուց հետո նստեցին սրբուհու մահճի շուրջը: Այդտեղ էին նաև Հակոբոս Տյառնեղբայրը, ով իր ձեռքում ուներ մասունք՝ սուրբ Խաչի կենաց փայտից, Դիոնեսիոս Արիսպագացին (տե՜ս Գործք ԺԷ 34) ու Հռեթեոսը՝ Պողոսի աշակերտները:
Նույն ժամին որոտ, փայլատակում և սաստիկ շարժում եղավ, ապա քաղցր ձայն լսվեց և հեղվեց երկնավոր դասերի երգը, ովքեր իջնում էին Բանն Աստծու հետ, և բացի առաքյալներից բոլոր ներկաները թմրեցին: Օրվա երրորդ ժամին երկնքից իջավ սուրբ Կույսի Որդին՝ երկնային բազում զորքերով, Իր անճառելի փառքով ու որդիական հնազանդությամբ, և Գաբրիել ու Միքայել հրեշտակապետները նրա առջևում էին: Այդժամ երկինքն ու երկիրը բուրեցին անուշահոտությամբ, և բոլոր արարածները լցվեցին Սուրբ Հոգու անուշ բուրմունքով, ի փառս Տիրամոր: Եվ Ամենասուրբ Հոգին անհուն գորովանքով ամենասուրբ Կույսին Իր Միածին Որդու ողջույնը տվեց՝ ինչպես անուշահոտ խունկ:
Տիրամայրը, տեսնելով իր Միածին Որդուն, Հիսուսին, գոհանում էր Աստծուց և Նրա անունը փառաբանում, քանի որ նա կատարեց Իր խոստումը: Ապա Տիրամայրն իր պատկերը դրեց Աստվածորդու առջև, և Նա Իր աստվածային աջով տյառնագրեց այն: Աստվածամայրն այդ պատկերը տվեց առաքյալներին, և նրանք վերցնելով երկրպագեցին ու տեսան, որ Տիրուհու պատկերը նկարվել է տախտակի վրա:
Ապա ամենամաքուր Կույսը զվարթ դեմքով ավանդեց իր հոգին իր Միածին Որդու և Արարչի՝ մեր Աստծու ձեռքը, և փառքերի Տերն աներևույթ եղավ: Սրբուհու հոգին ելավ ու խառնվեց լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չայլակերպվեց ինչպես դիակը, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն էր բուրում անուշահոտ խնկի պես:
Այդպես՝ քերովբեական կառքով՝ իբրև փայլակ, համբարձվում է սուրբ Կույսի ամենամաքուր հոգին, գերարփիախաղաց ճառագայթների յոթնաստեղյա խորանի հետ: Եվ ցնծում են երկնավորներն ու երկրավորները՝ փառաբանելով Տիրուհու վախճանը:

Այն տեղում, ուր իջան հրեշտակները, փայլում էին աստվածային ճառագայթները, և մարդիկ շրջապատեցին Քրիստոսի փառավորյալ մորը: Ինչպես հնում Տերն իջավ ու պատանեց Իր ծառա Մովսեսին, այդպես և այսօր, մյուս պատանողների հետ, նաև Ինքն պատանեց Իր մոր մարմինը:
Որդու Մարմինը պատանեց Նիկոդեմոսը, իսկ մոր մարմինը պատանեց պայծառ կույսը՝ Որոտման որդին: Հավաքվեցին հովվապետներն իրենց հոտերով, և պաշտոնյաներն իրենց բուրվառներով, և իրենց քնարներով փառաբանություն երգեցին և՜ բարձունքները, և՜ խորությունները:
Երբ Տիրամայրը ննջեց սուրբ փառքով, հավաքվեցին հավատացյալ կանայք ու սուրբ կույսերը, ովքեր նրա մոտ էին, և օրենքի համաձայն պատանեցին նրա մարմինը, որպեսզի տանեն Տիրոջ կողմից վաղօրոք նշված վայրը՝ Գեթսեմանի: Ապա մոտեցավ Հովհաննեսը՝ իբրև ճշմարտության տնտես, և մաքուր կտավներով պատանեց անարատ Կույսի աստվածաբնակ մաքրափայլ մարմինը, դրեց դագաղի մեջ և դագաղի վրա դրեց բրաբիոնի պսակը:
Հովհաննեսը՝ ամաչկոտ կույս մանուկը, պատանում էր Կույսին՝ իր մորը, ում խնամքը հանձն էր առել Փրկչից: Նայում էր Տերն Իր մաքուր, գեղեցկատեսիլ ու փառավոր առաքյալին, ով լի է ամենայն սրբությամբ: Նա Որոտման որդին է, Աստծու Որդու սիրելի աշակերտը, ում Տերն ավանդել էր Իր Կույս մորը, որպեսզի նա լինի նրա որդին: Նա սպասավորում էր իր փառավոր մորը, ում խնամքն ստանձնել էր Տիրոջ հրամանով: Դա մեծ պարգև էր, որ հավատարիմն ընդունեց Ճշմարտությունից:
Զվարթությամբ, քաջությամբ ու սրբությամբ էր կույսը ծառայում սուրբ Կույսին՝ նրան ընդունելով որպես մայր, սրբուհի և Թագավորի փառքի աթոռ: Հովհաննեսը կատարեց ու գործեց, պահեց ու լրացրեց այն ամենը, ինչը հրամայված էր իրեն: Իսկ երբ հասավ սուրբ Կույսի այս աշխարհից հեռանալու ժամանակը, պատանեց, թաղեց ու ծածկեց աստվածընկալ մարմինը:
Ապա ծաղկազարդ վարդապետությամբ, հոգեշնորհ երգերով և սաղմոսասացություններով Մեծն Դիոնեսիոսը և սուրբ Հռեթեոսը, աստվածընկալ քահանայապետերի և սրբազան եղբայրների ընկերակցությամբ, պատվեցին աստվածընկալ Կույսին, որից հետո քահանայապետերը, ըստ իրենց կարողության, օրհնաբանեցին անբավ Աստվածպետությունը:
Հովհաննես Աստվածաբանից հետո օրհնաբանության մեջ հզորագույնը երևաց Հռեթեոսը, ով բոլորին զարմացրեց իր օրհնություններով: Բոլոր ներկաները նրան աստվածընկալ ու աստվածային օրհնաբանող կոչեցին: Հռեթեոսը կրթությամբ և մտքի մաքրությամբ՝ իր ժամանակներում շատերից առավել էր:

Աստվածամոր թաղումը

Այնուհետև երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Հրեշտակների բանակներն էլ իջնելով դասակցում են նրանց, և սուրբ առաքյալները երկնավորների խմբերի հետ ողբաձայն սաղմոսներ են ասում, քաղցր ու անուշ եղանակներով: Երուսաղեմը լցվում էր նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով, և խառնիճաղանջ բազմություն էր հավաքվում նրանց շուրջ՝ տեսնելու այդ հրաշալիքը:
Այդ ժամանակ սատանան լցրեց հրեաներին մոլորության ոգով, և նրանք չար նախանձով դեմ ելան, որպեսզի խորտակեն դագաղը և գցեն սուրբ մարմինը գետին, սակայն կուրությամբ պատուհասվեցին: Մի քահանա՝ Սոփոնիա անունով, մեկնեց իր ձեռքերը և ուժգին հարվածեց սուրբ դագաղին՝ ցանկանալով այն գետին գցել, բայց նրա ձեռքերն արմունկներից հատվեցին, կախվեցին դագաղից, իսկ նա թավալգլոր ընկավ գետին: Սոփոնիան սկսեց իր անձին վայ տալ ու եղուկ ասել և աղաղակելով դիմել Պետրոսին՝ սուրբ Կույս Մարիամին Աստվածածին խոստովանելով: Նա աղաչում էր սուրբ առաքյալներին՝ ասելով.
-Ողորմեցե՜ք ինձ, Քրիստոսի՜ աշակերտներ:
Իսկ Պետրոսը՝ հավատի վեմը, հանդիմանեց հրեաների անմիտ մոլորությունները՝ ասելով.
-Ո՜վ մոլորյալ հրեաներ, ինչո՞ւ ձեր սրտերում չեք զղջում, այլ մնում եք անհնազանդ, ինչպես ձեր հայրը՝ սատանան:
Այդ պահին մեծ էր հրեաների լացուկոծը: Ապա Պողոսն ասաց.
-Տիրոջը դարձե՜ք և խոստովանեցե՜ք սուրբ Կույսին՝ Աստվածածնին, որպեսզի գթա ձեզ:
Ամբոխն աղաղակելով ասաց.
-Խոստովանում ենք Հայր Աստծու Որդի Քրիստոսին, Ով անճառապես մարմին առավ սուրբ Կույսից, Ում մենք անգիտությամբ խաչեցինք՝ Աստծուն հակառակ կարծելով. միայն թե գթա մեզ:
Դրանից հետո առաքյալները աղաչեցին սուրբ Աստվածածնին և նրանից Ծնվածին՝ մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, իսկ Պետրոսը վերցնելով Սոփոնիայի հատված ձեռքերը, դրանք մոտեցրեց նրան, և ձեռքերն անմիջապես միացան մարմնին: Ապա տվեց նրան բրաբիոնի ոստերից, որպեսզի դնի հրեաների խավարած աչքերին, և ովքեր հավատում էին, նրանց աչքերը բացվում էին և գնում էին առաքյալների ետևից՝ փառավորելով սուրբ Կույս Մարիամին: Այդ օրը խավարյալները հավատալով լուսավորվեցին, և բազում հրեաներ ու հեթանոսներ Քրիստոսով մկրտվեցին:
Ապա առաքյալները, սաղմոսներով ու օրհնություններով, օրհնյալ մարմինը դրեցին գերեզման, ինչպես հարկն է ծածկեցին ու պահպանեցին երեք օր, ինչպես նրանց Տերն էր պատվիրել: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո, առավոտյան, անմարմինների բանակներն իջան գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտեցավ սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց խախտելու կնիքը, վերցրեց աստվածընկալ մարմինն ու վերացավ երկինք: Տերը, մարմինը տանելով, միավորեց հոգու հետ ու հանգչեցրեց փառքի աթոռին՝ Իր աջ կողմում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Թագուհին կանգնած է քո աջից» (Սաղմ. ԽԴ 10): Դրանից հետո առաքյալներն այլևս չլսեցին հրեշտակների ձայներ սուրբ Կույսի գերեզմանից, քանզի նա կատարելապես հարություն առավ:
Փառավորվեց Աստվածածին Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և վերափոխվեց միշտ կույս Տիրամայրը, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:

Բարթողոմեոսի այցը

Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ Բարթողոմեոսը, ներկա չէր Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում, քանզի դա էր Տիրոջ կամքը: Իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան աստվածային գանձը՝ Աստվածածնի մարմինը:
Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ հրեշտակների օրհներգությունների դադարումից հետո, հրաբուն զորքերի միջոցով, Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, որը միայն Աստված գիտի, և հիանալով փառք տվեցին Աստծուն:
Իմացան նաև, որ ընդամենը երեք օր մնաց սրբուհու մարմինը գերեզմանում, քանի որ չէր կարող աստվածընկալ մարմինը մնալ երկրում, այլ իրեն արժանի փառքով, պետք է բարձրանար երկինք: Դրանից հետո առաքյալները երկնքից ձայն լսեցին, որն ասում էր, որ Աստվածամոր փայտյա պատկերը տան Բարթողոմեոսին, որպեսզի նա դրանով մխիթարվի և իր հետ տանի իրեն վիճակված երկիրը, և որ Աստվածամոր մարմնի համար չերկյուղեն, քանի որ այն փոխվեց իր Արարչի ու Որդու մոտ: Այս լսելով առաքյալները գոհացան, փառավորեցին Աստվածամորը և կամենալով մխիթարել իրենց եղբորը, նրան տվեցին Տիրամոր պատկերը, որը Բարթողոմեոսը վերցնելով հույժ ուրախացավ: Այդժամ Թովմասը մի երգ է ձոնում Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:
Ապա առաքյալները քաղաքում գտնվող բորոտներին օծում են յուղով ու Տիրուհու պատկերով խաչակնքելով բժշկում, որից հետո բոլոր ախտաժետները գալիս են սրբուհու գերեզմանին ու Քրիստոսի շնորհներով ապաքինվում, և նրանց բժշկվելու լուրը տարածվում էր ամբողջ Հրեաստանում:
Երբ Միածնի մայրը փոխվում էր երկրից դեպի յոթնաստեղյան լուսեղեն խորանը, հրեշտակների դասերը նրան ընդառաջ են ելնում և մեծ ուրախությամբ տոն կատարում: Հրեշտակները զանազան օրհնություններ ու բարեբանություններ են մատուցում նրան ու պատվում, ինչպես Աստծու Խոսքի մոր ու ծնողի: Իսկ տասներորդ օրը Տիրամայրն ավելի վեր է ելնում, քան բոլոր դասերը, մտնում վարագույրի ներքին կողմը և նստում Իր Միածնի աջ կողմում: Եվ ինչպես բոլոր դասերն օրհնություններ էին մատուցում սուրբ Կույսին, այդպես էլ Հայրը, Սուրբ Հոգու հետ, վերից ասում է. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն (Առակ. ԼԱ 29-30), արդ եկ և հանգստացիր գերարփի և անպատում լուսաճեմ խորանում և վայելի՜ր փառքը քո Միածին Որդու, որը պատրաստված էր քեզ համար աշխարհի սկզբից»:
Հայերս տոնում ենք ոչ թե Աստվածամոր ննջումը, այլ իր Միածին Որդու մոտ վերափոխումը: Այդ պատճառով միշտ կիրակի օրն է կատարվում Աստվածամոր վերափոխման տոնը, քանի որ Կույսը ծնվեց հինգշաբթի օրը, ինչպես Իսահակն ու մեր Տերը, և ննջեց նույնպես հինգշաբթի օրը, իսկ կիրակի օրը հարություն առավ և փոխվեց իր Որդու մոտ:
Եվ ով խոստովանում է Տիրոջ մորն Աստվածածին, նա դրանով ճշմարիտ Աստված է խոստովանում նրանից Ծնվածին: Իսկ նա միշտ բարեխոսում է մեզ համար իր Միածին Որդու մոտ:

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Սուրբ պատարագից հետո կատարում են խաղողօրհնության կարգը և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Արարչության առաջին օրն Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և երկիրը բնակեցրեց իմանալի բնակիչներով՝ հրեշտակների դասերով: Իսկ արարչության մյուս օրերին, Իր Խոսքով, զարդարեց երկիրը ծաղկազարդ բույսերով, տնկիներով, անուշահոտ ու գեղեցիկ բուրաստաններով և բնակեցրեց զգալի արարածներով: Այդ օրերին Աստված ստեղծում է նաև Դրախտը՝ մարդու վայելքների համար՝ այնտեղ ծառեր տնկելով, բարությամբ լցնելով և Իր խոսքով օրհնելով, որպեսզի մարդը չլինի աղքատ, այլ լինի լի ու առատ ամենայն բարությամբ: Իսկ երբ մարդը չի պահում Աստծու պատվիրանները, Աստվածային օրհնությունը փոխվում է անեծքի: Սակայն Աստված մարդուն չի անտեսում, այլ երբ գալիս է ժամանակը, հայտնում է Իր ծածկված սերը մարդկային ցեղին՝ առաքելով Իր Միածին Որդուն, Ով բխում է ինչպես Գավազան Հեսսեի արմատից, և ելնում ինչպես վայելուչ ու անուշահոտ Ծաղիկ անարատ Կույս Մարիամից՝ լինելով կյանքի ու անմահության Պտուղ մեր մահկանացու բնության համար, որպեսզի Նրանով օրհնվեն մարդկային ցեղը և ամբողջ տիեզերքը:
Քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՜ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Տերը նախապես մարգարեությամբ հայտնել էր, որ գինին ուրախացնում է մարդուն և լուծարում նրա տրտմությունը (տե՜ս Սաղմ. ՃԳ 15): Այդ մասին նաև Նոյի պատմությունից ենք իմանում, երբ նա տրտմեց՝ աշխարհի ապականության պատճառով, Տերը նրան գինին տվեց մխիթարվելու համար, ինչը զմայլեցրեց Նոյին (տե՜ս Ծննդ. Թ 21): Իսկ Մելքիսեդեկը՝ ինչպես օրինակ Տիրոջ Վերնատանը մատուցած պատարագի, հացն ու գինին պատարագեց, այն մատուցելով Աբրահամ նահապետին: Եվ երբ լրանում են ժամանակները, Տերը գալիս է Վերնատուն և տալիս Իր կենարար Արյունը, որպես կրկնակի ուրախության բաժակ, մեղքերի քավության և հոգու իմաստության համար:
Գինին թեպետ Տիրոջից տրվեց ինչպես բարի պարգև, սակայն այն անիմաստաբար գործածողների համար դարձավ առիթ չարության, ինչպես և շատ այլ բարիքներ դարձան չարության առիթ:
Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և՜ առաջին արարչության ժամանակ, և՜ երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:
Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, Ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:
Ապա քահանան օրհնում է ժողովրդի կողմից ընծայված խաղողի ողկույզները, պտղին միացնելով Աստծու օրհնությունը, որպեսզի այդ պտուղների նյութական ճաշակմամբ մեր հոգում ընդունենք Աստծու իմանալի շնորհները՝ ստանալով մաքրություն, մեղքերի թողություն և լինենք արժանի՝ ճաշակելու Կենաց ծառից, որը հրամայված է պահպանել քերովբեական դասին, և անմահանալով անմահ դասերի հետ մշտապես փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Քահանան խնդրում է Տիրոջից նաև օրհնել նվիրատուներին և փոխարենն այդ անցավոր պտղի, նրանց հատուցել անմահ կյանքի վայելչությամբ: Խնդրում է նաև, որ Տերը օրհնի այն բոլոր որթատունկերը, որոնցից հատվել են այդ պտուղները, որպեսզի դրանք լինեն պտղատու, պարարտ, իսկ հանդերն ու անդաստաններն անփորձ մնան բոլոր պատուհասներից, որոնք լինում են մեր մեղքերի պատճառով. կարկուտից, ցրտահարությունից, խորշակից, վնասատուներից և այլն: Խնդրում է նաև, որ այս աշխարհում Տիրոջ փառքի համար վայելենք այն նյութական բարիքներից, որն Ինքը շնորհեց, իսկ հանդերձյալում արժանանանք ուտել և ըմպել Տիրոջ հետ այն բերքերից, որ կան արքայության սեղանի վրա, ըստ Տիրոջ անսուտ խոստման:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *