Խաչի խորհուրդը հայ մատենագրության մեջ

Քրիստոնեական խորհրդանշանների համակարգում խաչն առավել ընդհանրական է, նա արտահայտում է Քրիստոսի հաղթանակը մահվան նկատմամբ, որի շնորհիվ հաստատվում է նոր կյանք:
Աստծո Որդին` Հիսուս Քրիստոս, մարդկանց մեղքերը քավելու և նրանց կյանք պարգևելու համար Իր արյունը թափեց, և Իր աչքերը փակեց խաչի վրա. ահա թե ինչ է խաչը հայ քրիստոնյայի համար: Այս մասին հետաքրքիր տեղեկություններ կան մեր մատենագրական աղբյուրներում և մեր պատմիչների մոտ: Համաձայն Ագաթանգեղոսի պատմության, առաջին քրիստոնեական կառույցը, որ երևում է Ս. Գրիգոր Լուսավորչին իր տեսիլքում, խաչակիր կոթողն էր: Խաչերը երևան են գալիս Ս. Գրիգորի կողմից նոր կրոնը տարածելու ընթացքում, նախ խաչերը կանգնեցվում են հեթանոսական մեհյանների տեղերում` որպես նոր հավատի հաղթանակի հավաստում, ինչպես նաև առաջին մարտիրոսների նահատակության վայրերում կամ գերեզմանների վրա: Թե ինչ աստվածաբանական խորհուրդ ունեին այս կոթողները և լուսեղեն խաչերը, Գրիգորին բացատրում է հենց տեսիլքով հայտնված աստվածային զորությունը. առաջին սյան լուսավոր խաչը. ՙԷ ինքն մեծ քահանայապետութիւնն ի մէջ ժողովրդոցն, աւրինակ Քրիստոսի պատկերին մարմնացելոյ քահանայապետութեանն աւծութեան Աստուածորդւոյն՚ կամ էլ ՙունի զպարծանս քահանայութեան պատուին, պանծացեալ ի խաչն Քրիստոսի՚, որ կարելի է հասկանալ որպես Քրիստոսի գլխավորությամբ երկնային իշխանակարգության հաստատում երկրի վրա ու ժողովուրդների մեջ ի դեմս խաչ-խորհրդանշանի: Մնացած երեք խաչերը խորհրդանշում են. ՙզչարչարանս վկայիցն, որ նմանեցին Տեառն չարչարանացն, և մեռան փոխանակ նորա. զի Աստուծով կեցին և ընդ Քրիստոսի խաչեցան, և կենդանի է Քրիստոս յոսկերս նոցա` ցուցանել ամենեցուն զկենդանութիւն նոցա. յայտնի առնել զհոտ անուշութեան գիտութեան իւրոյ ի նոցանէ և հռչակել զառաքինութիւնս նոցա ընդ տիեզերս: Զի սպանին նոքա զմարմինս երկրաւորս, և կախեցին զտէրունական խաչէն. եղեն Տեառն իւրեանց չարչարակից, նոյնպէս և փառացն և զաւրութեանն լինելոց են հաղորդք՚ : Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ այս տեսիլքում հավաստվում է խաչի թե° հաղթական և թե° փրկագործական խորհրդաբանությունը, ինչը լիովին համապատասխանում է Դ դարում ողջ քրիստոնյա աշխարհում ձևավորված խաչի խորհրդաբանությանը :
Խոսելով խաչի մասին` Ս. Գրիգոր Լուսավորիչը շեշտում է ավետարանական այն միտքը, որ խաչով կայացավ մարդու և Աստծո հաշտությունը, որով Հայ Եկեղեցին հաստատեց, որ խաչը հաշտության նշան է, ինչպես նաև մահվան հանդեպ հաղթանակի և հարության խորհրդանիշ. ՙԶի նորոգեաց ի փառս անեղծութեան կամաւոր խաչելութեամբն իւրով և մահուամբ ելոյծ զմահ, և յարութեամբն իւրով զմեզ ի մեռելութենէ մեղաց յարոյց, զի մեք ի նորոգումն կենաց կացցուք և մնասցուք յուսով յարութեանն ի փառս ամենասուրբ Երրորդութեանն այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից՚ : Ի դեմս խաչի` Խաչյալին և նրա զորությունը տեսնելու դասական հիմնավորումը տվել է դեռ Դավիթ Անհաղթը: Քրիստոսի խաչելությամբ խաչն ընդմիշտ իր վրա է վերցրել Աստծո զորությունը. ՙԶի թէպէտ եւ բարձաւ ի սմանէ ըստ մարմնոյն բեւեռալն ի սմա բնակել, ի սմանէ ոչ մեկնեցաւ, այլ բնակեաց եւ բնակէ եւ բնակեսցէ… քանզի ուր խաչ` անդ եւ խաչեցեալն. եւ ուր խաչ եւ խաչեցեալն` անդ եւ խաչելութիւն՚: Այսպիսով, ըստ Դավիթ Անահաղթի, խաչը, որպես մահվան գործիք, Քրիստոսով եղավ կյանքի գործիք, խաչի ձևը մահ է ցույց տալիս, իսկ նրա զորությունը` դեպի կյանք, որովհետև խաչը բնութենակից է այն տունկին, որով մեղքը մտավ աշխարհ, իսկ Քրիստոսով այն դարձավ կյանքի տունկ: Քրիստոնեական եկեղեցին պաշտում է խաչը, քանի որ խաչը Քրիստոսի ձևն ունի և Քրիստոս ամեն պահ խաչի վրա է, էանում է նրա հետ և երբեք չի հեռանում խաչից: Եվ խաչ ասելով հասկանում ենք Գողգոթա, Գողգոթա ասելով` խաչելություն, խաչելություն ասելով` զոհաբերություն և սրանով` փրկագործություն : Այս միտքը շարունակում է Գրիգոր Մագիստրոսը. ՙԱյլ դու` որ էսդ քրիստոնեայ արժանացեալ կոչման եւ լույսափայլութեան սրբոյ աւազանին, եւ հավատացեալ յուսոյ յարութեան եւ երկրպագեալ Սրբոյ Երրորդութեան, յորժամ տեսանես զնշան խաչին, երկիր պագցես` յիշելով, որ վասն քո խաչեցաւ Հիսուս Քրիստոս, եւ տեսցես զքեզ ընդ նմա խաչակցեալ… իսկ զպատկեր սրբոցն պատուեսցես եւ կացցես յաղօթս, զմտավ ածելով զչարչարանս եւ զնահատակութիւն նոցա՚ :
Շարունակելի

Արթուր սարկավագ Աբգարյան

www.facebook.com/yekeghecakan

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *