60445

Խորհրդարանը շարունակել է ընդհատված նիստը. 2016 թվականի պետբյուջեն հավանության արժանացավ

ԼՂՀ խորհրդարանը, կանոնակարգի համաձայն, Աժ ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, շարունակել է դեկտեմբերի 18-ին ընդհատված նիստը։ Իսկ օրակարգում 2016թ. պետական բյուջեի նախագիծն էր՝ ուղեկցվող մի շարք փաստաթղթերով։ Ելույթ ունենալով նիստում, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին շահագրգիռ քննարկումների համար եւ նշել, որ ԱԺ խմբակցությունների կողմից 19 հարց-առաջարկություն է ներկայացվել կառավարություն, որոնց պատասխանները հիմնավորված ուղարկվել են խորհրդարան, իսկ առավել հնչեղություն ստացածները (մասնավորապես՝ քաղպաշտպանության մասով լրացուցիչ գումարներ հատկացնելու վերաբերյալ) արտացոլվել են բյուջեի նախագծում։

Այնուհետեւ երկրի՝ գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքները հնչեցել են Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները։ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի խոսքով, քանի որ ակնկալվող փոփոխությունները՝ հատկապես «սոցիալական եւ ռազմավարական մի շարք ուղղություններում, պատշաճ ձեւով չեն ներկայացվել նախագծում, եւ սպասվող ակնկալիքները չեն արդարացվել», խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեին։ Նման տեսակետ է հայտնել նաեւ «Շարժում—88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը՝ պատճառաբանելով, որ իրենց առաջարկություններն «անտեսվել են գործադիրի կողմից»։

Փաստաթղթի վերաբերյալ դրական էին «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» եւ «Հայրենիք» խմբակցությունների տեսակետները։ «Ժողովրդավարություն» խմբակցության համոզմամբ, որը ներկայացրել է կառույցի ղեկավար Վարդգես Բաղրյանը. «Բյուջեի նախագիծը մշակվել է ֆինանսական կայունության ապահովման եւ սոցիալական ծրագրերի առաջնահերթությունների պահպանման սկզբունքների հիմքով, ինչը հիմնավորված է տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքական ու տնտեսական հարափոփոխ զարգացումների պայմաններում»։

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն էլ գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ ՀՅԴ-ի առաջարկությունների ճնշող մասը, որոնք վերաբերում են բնակչության անվտանգության, ռազմավարական պաշարների, քաղաքացիական պաշտպանության, տարածքային համաչափ զարգացման, գյուղի եւ գյուղատնտեսության, ժողովրդագրական վիճակի, կրթության, առողջապահության եւ արտաքին ոլորտի հիմնախնդիրներին, գրեթե ամրագրվել են բյուջեի նախագծում։ Հանդես գալով «Հայրենիք» խմբակցության անունից՝ պատգամավոր Արամ Գրիգորյանը եւս իրատեսական եւ սոցիալական ուղղվածության բյուջե է որակել 2016-ի ԼՂՀ գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։

Լիագումար նիստում հանդես գալով եզրափակիչ խոսքով, վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ կառավարությունը ձգտել է ըմբռնումով մոտենալ ԱԺ խումբ-խմբակցությունների ու առանձին պատգամավորների կողմից արված առաջարկություններին եւ դրական լուծում գտնել՝ հաշվի առնելով բյուջեի ֆինանսական հնարավորությունները։ Վարչապետի խոսքով, «ոչինչ դուրս չի մնացել տեսադաշտից» եւ արված այն առաջարկությունները, որ վերաբերում են ոլորտային ծրագրերին (մասնավորապես ենթակառուցվածքների զարգացմանը, բնակարանաշինությանը եւ դպրոցաշինությանը, համայնքային կենտրոնների կառուցմանը, վերաբնակեցմանը եւ այլն), անպայման առաջնահերթությունների շարքում կմնան, եւ խնդրի լուծումը պայմանավորված է նաեւ արտաբյուջետային միջոցների ներգրավման հնարավորություններով։

Ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտի ավելացմանը, ապա, Ա. Հարությունյանի կարծիքով, դա ժամանակի խնդիր է եւ պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացումների գործընթացներով։ Վարչապետը հավաստիացրել է, որ «2016-ին երկրում տնտեսական աննախադեպ աճ է գրանցվելու նախորդ տարիների համեմատ, ինչը կանխատեսելի է, եւ դրանում կհամոզվեն նաեւ պատգամավորները»։ Քվեարկության արդյունքում (ուղեկցող փաստաթղթերով) 2016թ. բյուջեն արժանացել է խորհրդարանի հավանությանը։

Դավիթ Միքայելյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *