Ծառայությունը ձեռք է բերել 35 նոր ավտոմեքենա. դրանք հագեցած են ժամանակակից բուժտեխնիկայով

Ամռան այս ամիսներին Երեւանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» ծառայությանը դիմած կանչերը հիմնականում ուղղված են եղել սիրտ–անոթային հիվանդություններին, տրավմաներին, սուր շնչառական ինֆեկցիաներին եւ այլն։ Սննդային թունավորման եւ արեւահարման դեպքերն, ըստ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ—ի» տնօրեն Թագուհի Ստեփանյանի, այս ամիսներին ավելի քիչ են եղել։ «ՀՀ»—ի հետ զրույցում վերջինս այս հանգամանքը պայմանավորեց քաղաքացիների գրագիտության բարձրացմամբ։ Նրա մեկնաբանմամբ, մարդիկ սկսել են ամռանն ավելի ճիշտ ու արդյունավետ խնամք տանել իրենց նկատմամբ, ընդունել որակյալ ու չափավոր սնունդ եւ ճիշտ պաշտպանվել արեւի ճառագայթներից։
Թ. Ստեփանյանի տեղեկացմամբ, նկատվում է կանչերի թվի բավականին մեծ աճ։ «Եթե 2010թ. միջինում սպասարկել ենք մոտ 400—450 կանչ, ապա այժմ սպասարկում ենք միջինը 700 կանչ»,–ասաց Թ. Ստեփանյանը՝ այն վերագրելով ծառայության նկատմամբ հասարակության վստահության ավելացմանը։ Ամռան այս ամիսներին օրական միջինում արձանագրվում է 600—650 կանչ։ Ինչպես նշեցինք, դրանք հիմնականում բաժին են ընկնում սիրտ–անոթային հիվանդություններին։ Կանչերից շուրջ 15—20 տոկոսը հոսպիտալացվում են։
Ծառայությունը մատուցվում է շտապ բուժօգնության համար նախատեսված ավտոմեքենաների եւ անձնակազմի միջոցով, որոնց թիվը դարձյալ համալրվել է։ Ներկա պահին ՓԲԸ—ում աշխատում է շուրջ 650 մարդ։ Ծառայությունն ունի իր 7 ենթակայանը մայրաքաղաքի տարբեր համայնքներում։
Երեւանի «Շտապ բուժօգնություն» ընկերությունը սպասարկում է նաեւ մարզերին. «Մարզաբնակների համար, սակայն, մեր ծառայությունը վճարովի է։ Հաճախ հիվանդների հարազատները զանգահարում եւ խնդրում են, որպեսզի հենց մայրաքաղաքի շտապ բուժօգնության ծառայությունն իրենց սպասարկի»։
Ահազանգը ստացվում է «Շտապ բուժօգնության» կարգավարական կենտրոնում։ Ստանալով եւ գրանցելով ահազանգը՝ այն ուղղվում է համապատասխան ենթակայան. «2011թ. սկսած մինչ օրս աշխատում ենք մեր ռազմավարական ծրագրով։ Արդեն իրականացրել ենք ծառայության բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր։ Այս ամենի շնորհիվ այսօր մեր բնակչությունն ավելի հաճախ է դիմում մեզ՝ ստանալով որակյալ բուժօգնություն»։
Թ. Ստեփանյանը մանրամասնեց. «Շատ հիվանդներ իրենց ընտանեկան բժշկին դիմելու կամ պարզապես անհրաժեշտ դեղը գնելու փոխարեն դիմում եմ շտապ օգնության ծառայությանը։ Ինչեւէ, սա փաստում է ծառայության նկատմամբ բնակչության վստահության մասին։ Այսօր մեր ունեցած դեղորայքը եւ սարքավորումները ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Մեր գերխնդիրը մնում է այն կանչերին օպերատիվորեն արձագանքելը, որոնց դեպքում պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն»։
«Շտապ բուժօգնությունում» վերջին տարիներին կատարվել են մի շարք բարեփոխումներ, իրականացվել են ծրագրեր, որոնց շնորհիվ ընկերությունն այսօր կարողանում է մատուցել միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ։
«Առաջին բարեփոխումը, հին ավտոմեքենաները նորերով փոխարինելն էր։ Արդյունքում շտապ բուժօգնության ծառայությունը ձեռք է բերել 35 նոր ավտոմեքենա, որոնք ամբողջովին հագեցած են նոր բուժտեխնիկայով։ Եթե նախկինում դրանցում չկային որոշ սարքավորումներ, օրինակ, էլեկտրասրտագրիչներ, ապա այսօր դրանք եվս առկա են»,–փաստեց Թ. Ստեփանյանը։
Այսօր Երեւանի մի շարք բազմապրոֆիլ հիվանդանոցների ընդունարաններում առկա են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ, որոնց դերն ու կարեւորությունն ընդգծելով՝ ընկերության տնօրենն ասաց. «Կան չափորոշիչներ, որոնց համաձայն բժիշկը պետք է 20 րոպեից մինչեւ կես ժամ մնա հիվանդի տանը։ Օգտագործելով որեւէ դեղորայք՝ բժիշկը պետք է նաեւ հասցնի արդյունքը տեսնել։ 20—30 րոպեում այդ գործընթացը ավարտելը երբեմն անհնար է դառնում՝ կապված դեղորայքի ներգործման հետ։ Լինում են դեպքեր, երբ հիվանդի վիճակը կայունանում է մեկ կամ երկու ժամ հետո։ Մինչդեռ շտապ բուժօգնության բժիշկը այդքան սպասել չի կարող։ Այս պարագայում առաջարկվում է հիվանդներին տեղափոխվել հիվանդանոց, որից վերջիններս շատ հաճախ հրաժարվում են։ Այդ պատճառով էլ մեր բժիշկները նրանց առաջարկում են հոսպիտալացվել անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում, ինչն առավել արդյունավետ է»։
Ընկերության ավտոմեքենաները հագեցված են GPS նավիգացիոն համակարգերով, որոնց միջոցով ընկերության կենտրոնական գրասենյակից հնարավոր է դառնում մշտապես հետեւել մեքենաների շարժին՝ կանչն ընդունելուց եւ փոխանցելուց անմիջապես հետո։
Թ. Ստեփանյանը պարզաբանեց, որ սահմանվել են ֆիքսված ժամանակահատվածներ տարբեր տեսակի կանչերի համար. «Այսպես, 12—15 րոպեի ընթացքում մենք պարտավոր ենք հասնել անհետաձգելի կանչերին, օրինակ՝ ուշագնացության, սրտի կանգի եւ մարդու կյանքի համար խիստ վտանգավոր այլ հիվանդությունների դեպքերում։ 30—40 րոպեում կարող ենք ապահովել այն հիվանդների սպասարկումը, որոնց կյանքին անմիջական վտանգ չի սպառնում։ Կան նաեւ այնպիսի կանչեր, որոնք կարող ենք սպասարկել մինչեւ մեկ ժամվա ընթացքում»։
Շտապ բուժօգնության ծառայության բարելավման նպատակով ստեղծվել են նաեւ իրազեկման թերթիկներ, որոնց միջոցով ներկայացվում է, թե որ դեպքերում է առաջանում անհրաժեշտություն շտապ բուժօգնության ծառայությանը դիմելու։ Ստեղծվել է վեբ—կայք (www.1—03.am), որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի, մուտք գործելով՝ կարող է կապ հաստատել հերթապահ բժշկի հետ եւ առաջին բուժօգնության վերաբերյալ ստանալ առաջնային խորհրդատվություն։
Նշենք նաեւ, որ Երեւանի «Շտապ բուժօգնության» բոլոր մեքենաներում տեղադրված են թաբլեթներ, որոնց միջոցով բժիշկը կարող է ստուգել, թե տվյալ հիվանդին մինչ այդ շտապ բուժօգնության ծառայությունը սպասարկե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ ախտորոշում է տրվել եւ այլն. «Մենք կարող ենք նաեւ առցանց ռեժիմով հետեւել բժշկի ամբողջ աշխատանքին, տեսնել՝ նա ի՞նչ դեղորայք է նշանակել, ի՞նչ խորհուրդ է տվել, ինչպես տվյալ հիվանդը հոսպիտալացվեց եւ այլն»։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *