52757

Կազմավորման պատմությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:

ԽՍՀՄ Սահմանադրություն, հոդված 72, ԽՍՀՄ Օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին», 1990թ. ապրիլի 3: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 1, 10 դեկտեմբերի 1948թ., ԵԽԱԽ անդամ-երկրների ներկայացուցիչների Վիեննայի հանդիպման Եզրափակիչ փաստաթուղթ, կետ 4, 1989թ., ՄԱԿԻ-ի կանոնադրությանը համաձայն պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններին վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագիր, 1945թ./

Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու եւ սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Այդ հանրաքվեին մասնակցել են նաեւ Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` Լեռնային

Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը: Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին: Քվեաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական եւ թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները:

1991թ. դեկտեմբերի 28-ին ձեւավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:

1992թ. օգոստոսին Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ ԼՂՀ-ում ստեղծվում է Պաշտպանության պետական կոմիտե /ՊՊԿ/, որին է փոխանցվում ողջ գործադիր եւ մասամբ օրենսդրական իշխանությունները: ՊՊԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, ում վրա են դրվում հանրապետության վարչապետի պարտականությունները:

1994թ. դեկտեմբերի 21-ին Գերագույն խորհդրդի որոշմամբ ԼՂՀ-ում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ, եւ առաջին նախագահ է ընտրվում ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համաձայն «ԼՂՀ Նախագահի մասին» օրենքի, պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է կայանային 2 տարի անց` համընդհանուր, հավասար եւ ուղիղ ընտրական իրավունքի հիման վրա` հինգ տարի ժամկետով: Եվ 1996թ. նոյեմբերի 24-ին ԼՂՀ նախագահի առաջին համաժողովրդական ընտրություններում պետության ղեկավար է վերընտրվում Ռոբերտ Քոչարյանը՝  քվեների 88.91% :

Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու կապակցությամբ, 1997թ. սեպտեմբերի 1-ին ԼՂՀ-ում տեղի են ունենում նախագահի արտահերթ ընտրություններ: Պետության նախագահ է ընտրվում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանը /քվեների 89.32%/: 2002թ. օգոստոսի 11-ին Արկադի Ղուկասյանը վերընտրվում է հանրապետության Նախագահի պաշտոնում /88.95%/:
2007թ. հուլիսի 19-ին Լեռանային Ղարաբաղում անց են կացվում հանրապետության ղեկավարի 4-րդ համաժողովրդական ընտրությունները: Ձայների ճնշող մեծամասնությամբ /85.1%/: Նախագահ է ընտրվում Բակո Սահակյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *