Կամուրջ աշակերտի ու նրա ազգային ինքնության միջեւ.

Ազգային երգարվեստն ու պարարվեստը հայ մշակույթի կարեւորագույն ու ինքնատիպ մասն են կազմում, ինչի շնորհիվ էլ դարեր շարունակ հայը կարողացել է պահպանել իր ինքնությունը։ Այսօր մեր մշակույթի այս երկու սյուները համաշխարհային մշակութային գանձարանում իրենց ուրույն տեղն ունեն, ու համամարդկային լավագույն արժեքներին լիարժեք առնչվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին տիրապետել սեփականին։

Մատաղ սերնդի՝ մշակութային կրթության որակի բարձրացման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ միջնակարգ դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» առարկան։ Այս տարվա ընթացքում «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի մայրաքաղաքի 8 եւ մարզերի երկու դպրոցներում, շաբաթական 1.5 ժամ, դասը կանցկացնեն այդ դպրոցներում աշխատող ուսուցիչները։ «Կարին» ազգագրական երգի—պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը երեկ ասուլիսում ողջունեց գործադիրի որոշումը. մինչ այդ որոշվել էր միայն պարարվեստի՝ պարտադիր դասավանդման մասին, ինչին նա դեմ էր արտահայտվել։ «Հայ ազգային պարարվեստն ամենագեղեցիկն է Կովկասի մյուս ազգերի պարերից։ Այն խիստ կարեւոր է հայ մարդու դաստիարակության համար։ Այս առարկան պետք է լինի կամուրջ աշակերտի ու նրա ազգային ինքնության միջեւ, պետք է օգնի նրան՝ զգալու հայ լինելու հպարտությունը։ Մեր խնդիրը երեխաներին դաստիարակելն է, որովհետեւ հաճախ նրանց կտրում են ազգային արմատներից, ապա գանգատվում, որ երեխան հեռացել է ազգային արժեքներից»,— ասաց Գ. Գինոսյանը։ Մասնագետի խոսքով՝ խնդիր է դրված ոչ միայն ազգային երգարվեստն ու պարարվեստը դպրոց մտցնելու՝ երեխային երգել ու պարել սովորեցնելու համար. այդ մշակույթը պետք է միջոց դառնա, որի շնորհիվ պարերգությունը կրկին կվերադառնա ու կհաստատվի մեր երկրում.

«Ազգային երգի ու պարի միջեւ պետք է երկաթբետոնե կապ լինի։ Առարկան ոչ թե երեխային պետք է կաղապարի ազգային երգարվեստի ու պարարվեստի մեջ, այլ նաեւ դուրս հանի դեպի համաշխարհային, համամարդկային մշակույթ»։ «Կարին» ազգագրական երգի—պարի համույթի գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ այս տարի 10 փորձնական դպրոցներում կդասավանդվի 8 ծիսական պար եւ 8 ազգային երգ՝ 5—րդ դասարանի աշակերտներին։ Հետագայում, երբ ծրագիրը կընդգրկվի բոլոր դպրոցներում, առարկան կդասավանդվի 5—8—րդ դասարաններում։ Դասավանդող ուսուցիչները, յուրաքանչյուր դպրոցից 2—3 մանկավարժ, ամեն օր դասերից հետո մասնակցում են վերապատրաստման դասընթացների, սովորում պարի, շարժումների խորհուրդը. «Հաճախ ուսուցիչները չեն ցանկանում վերապատրաստման դասաժամերից տուն վերադառնալ, ասում են, թե այս կարճ ժամանակահատվածում հայրենասեր են դարձել։ Հետեւաբար՝ «Ազգային երգ ու պար» առարկան դպրոցներում պարտադիր դարձնելը միջոց է հայ երեխային հայեցի հոգեկերտվածք տալու համար։ Ազգային պարը շատ կարեւոր է հայ մարդու դաստիարակության համար»։

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ ազգային մշակույթի հետ ծանոթ լինելը խիստ կարեւոր է մարդու անհատականության ձեւավորման համար։ Ավելին՝ այս առարկան անհրաժեշտ է դասավանդել նաեւ նախադպրոցական կրթօջախներում։ «Այս ծրագիրը պարտադիր մտնելու է դպրոց, կա ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանը։ Որեւէ տնօրեն կամ ուսուցիչ չպետք է որոշի, թե այս ծրագիրն իրենց դպրոցներում չի ներառվելու»,— պատասխանելով լրագրողի մտահոգությանը, որ առարկայի պարտադիր դասավանդումը կարող է իրականացվել ոչ բոլոր դպրոցներում՝ ասաց Ա. Բախշյանը։ Նրա խոսքով՝ առարկան միջոց է նաեւ տարբեր աղանդների դեմ պայքարելու համար. «Օրեր առաջ հանդիպել եմ աղանդավորների, ովքեր քաղաքի այգիներից մեկում փոցխ էին անում՝ որպես այլընտրանքային զինվորական ծառայություն։ Եթե նրանք դպրոցում ազգային երգ ու պարի դասընթացն անցած լինեին ու իրենց համար բացահայտած լինեին ազգային մշակույթը, նրանց մի մասը հաստատ այլընտրանքային ծառայության չէր անցնի»։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *