Կայացավ իրանահայ գրող Խաչիկ Խաչերի պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության, Գրականության և արվեստի թանգարանի աջակցությամբ Գրողների միության դահլիճում կայացավ իրանահայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ Խաչիկ Խաչերի կողմից կազմված և թարգմանված «Թռիչք Կռունկի հետ» 65 ժամանակակից հայ գրողների բանաստեղծությունների պարսկերեն անթոլոգիայի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Խաչիկ Խաչերի անթոլոգիայի տպագրությունը կարևոր ձեռքբերում է հատկապես Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում: Իրանում մենք ունենք հայ գրողների մի ամբողջ աստղաբույլ, և նրանք բոլորն էլ ցանկանում են իրենց գրքերի շնորհանդեսները Հայրենիքում կազմակերպել: Նրանցից է Խաչիկ Խաչերը»:

«Խաչիկ Խաչերի թարգմանական այս աշխատանքը հայ ժողովրդի կենսունակության մի նոր ապացույց է և մշակութային կամուրջ Իրանի և Հայաստանի բարեկամական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Հեղինակի և նրան աջակից խմբագրական խազմի կողմից ընտրված և թարգմանված 65 ժամանակակից բանաստեղծներից 34-ը Հայաստանից են, 4-ը՝ Արցախից, իսկ մնացյալը՝ Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից Վրաստանից և այլ երկրներից:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները տպագրելու և Հայրենիքում ճանաչելի դարձնելու գործում ներդրվող մշտական ջանքերի համար՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Խաչիկ Խաչերի գիրքը հնարավորություն կտա պարսկական հասարակությանը՝ պատկերացում կազմելու ժամանակակից հայ գրականության մասին:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նշեց, որ առաջիկայում Իրանում կայանալիք գրքի փառատոնի հայկական տաղավարում ներկայացված կլինի նաեւ Խաչիկ Խաչերի «Թռիչք Կռունկի հետ» անթոլոգիան:

Խաչիկ Խաչերի աշխատանքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկան գրողներ և գրականագետներ Անդրանիկ Մանուկյանը, Արևշատ Ավագյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարինե Աշուղյանը և այլք: Իսկ բանաստեղծուհի Մետաքսեի դուստրը՝ Լիլիթը, Խաչիկ Խաչերին նվիրեց բանաստեղծուհու ընտրանին:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը՝ Խաչիկ Խաչերը՝ նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության մշտական հոգածության արդյունքում այսօր իրանահայ բանաստեղծները առավել լայնորեն են ներկայացված հայ հասարակությանը:

Հեղինակը շեշտեց, որ շարունակելու է հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները թարգմանելու և պարսկախոս, գերմանախոս, անգլախոս հասարակությանը ներկայացնելու առաքելությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *