ԿԱՐԵՎՈՐ
Search
9651_medium

Կայացել է Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի հայ համայնքի պաշտոնական բացման արարողությունը

Հունվարի 30-ին կայացել է Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի հայ համայնքի պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պուշկինի շրջանում գործող հայկական ազգային մշակութային ինքնավարությունը, որի հիմնադիրներից է Արշակ Գրիգորյանը, արդեն ավելի քան մեկ տարի հարյուրավոր հայերի համար դարձել է երկրորդ տուն եւ երկրորդ հայրենիք:

 Անցած 1 տարվա ընթացքում հայ համայնքն արձանագրել է մի շարք ձեռքբերումներ` մասնակցել է բազմաթիվ բարեգործական միջոցառումների, իրականացրել ծրագրեր, համախմբել հայ ընտանիքներին և նրանց երեխաներին` հայկական կիրակնօրյա դպրոցի աշխատանքներում (դպրոցն անվճար է և ուսուցանում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն):

Միջոցառման ընթացքում հանդես եկան հայկական ինքնավար մշակույթային կենտրոնի սաները եւ կիրակնօրյա դպրոցի աշակերտները՝ բռնելով միասնական շուրջպար, կատարելով հայկական երգ-երաժտություն: Ելույթներով ունեցան նաև Պուշկինոյի քաղաքապետ Մարգարիտա Սմայլովսկայան, Իվանտեևկայի փոխքաղաքապետը, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեւոսը, հայ համայնքի ղեկավար Արշակ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձիք: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեւոսը Տերունական աղոթքով սկսեց իր ելույթը, ապա ներկաներին փոխանցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը.

«Մեր հայրենիքից հեռու ստեղծել եք մի նոր հայրենիք, ուր պիտի հնչի հայոց երգը, պարը: Այս գործը սուրբ է, որովհետեւ հայպահպան և ազգանվեր է»,- շեշտեց Տեր Թադեւոսը: «Հայկական կիրակնօրյա դպրոցն այս 6 ամիսների ընթացքում կազմավորել է դպրոցական դասարաններ՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային և կրթական առանձնահատկությունները, ձևավորել է պարի և երգի խմբակներ, ունի մանկավարժական հստակ կազմ, մանկավարժական խորհուրդ և առաջնորդվում է մշակված ծրագրերով»,- իր ելույթում նշեց դպրոցի տնօրեն Ազնիվ Պարոնյանը և հավելեց. «Սիրելի աշակերտներ, առանց ձեզ, առանց ձեր աջակցության` դպրոցում և համայնքում ոչինչ իրագործել հնարավոր չէ: Դուք եք ուժը, որ ձեր համախմբվածությամբ օտար ափերում պահպանում եք հայ գիրն ու գրականությունը` դրանով նպաստելով հայի ինքնության հարատևմանն ու շարունակականության ապահովմանը: Ուզում եմ` այս հաղթական բեմահարթակից շնորհակալությունս հայտնել ռուս ժողովրդին` մեզ այս հնարավորությունն ընձեռելու համար, ՀՀ Սփյուռքի նախարարությանը` հանձին նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի` մեզ քաջալերելու և օժանդակելու համար, Արշակ Գրիգորյանին` ինձ այս լիազորությունները վստահելու համար և իհարկե ձեզ, իմ հարգելի սաներ և ձեր ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել` այս ամենի իրականացման համար»,- ասաց Ազնիվ Պարոնյանը:

Հայ համայնքի ղեկավար Արշակ Գրիգորյանի խոսքով. «Համայնքն ապահովում և իրականացնում է իր առջև դրված առաքելությունը՝ նոր սերնդի հայ ինքնության պահպանման և հայեցի դաստիարակության, խնդիրներ ունեցող հայ ընտանիքին կարեկից ու աջակից լինելու գաղափարները: Այս միջոցառումը փաստեց, որ հայ և ռուս ժողովուրդները, ուս ուսի տված, բարեկամաբար կարող են համատեղ ծրագրեր մշակել, իրականացնել դրանք, ստանալ աջակցություն… Այս միջոցառումը վերահաստատեց, որ հայը կարող է հպարտորեն ներկայացնել իր մշակույթն ու շնորհը ողջ տարածաշրջանին՝ ըմբոշխնելով իր աշխատանքի արգասիքները»,- նշեց Արշակ Գրիգորյանը:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև «Հայորդիք» եւ «Կիլիկիա» պարային համույթները, վիրտուոզ – ջութակահար Վարդան Մարկոսը, երգիչ Մարտ Բաբայանը, երգչուհի Մարգարիտա Պզոյանը և այլք: Միջոցառման հանդիսավարներն էին Աննա Դավթյանը և Անդրեյ Միրզոյանը:

ՌԴ Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի հայ համայնք

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *