E78D0C9E-C0A5-4753-BED9-00A7FB7BE84E_mw1024_s_n

Կարեն Միրզոյանը Wiener Zeitung-ին. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն ՄԻՐԶՈՅԱՆԸ Wiener Zeitung-ին տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիային, խոսել դրանում Թուրքիայի եւ Ռուսաստանի ունեցած դերի մասին, ինչպես նաեւ ներկայացրել հակամարտության լուծման եւ Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու հարցի շուրջ իր տեսլականը։

NEWS.am-ը թարգմանաբար ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ։

– Ինչո՞ւ Ադրբեջանի հետ հակամարտությունը հենց այս պահին նորից բռնկվեց։

– Դա, իհարկե, ինչ-որ տեղ սպասելի էր։ Անցյալ տասը տարիների ընթացքում ադրբեջանցիների շրջանում հայերի նկատմամբ ատելությունը մեծապես արմատավորվել է։ Կառավարության պաշտոնական հայտարարություններից պարզ երեւում էր, որ նրանք հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում, այն է՝ ռազմական։ Այս պետությունը, չնայած միջազգային ջանքերին, համագործակցության ուղիներ չի փնտրում։

– Ասում են, թե Թուրքիան Ադրբեջանի կողմից մասնակցում է այս կոնֆլիկտին։ Դուք Անկարայի ռազմական միջամտության ապացույցներ ունե՞ք։

– Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցությունը հաստատված է պաշտոնական փաստաթղթերով։ Ադրբեջանի սպառազինությունների մի մասը մատակարարում է հենց Թուրքիան։ Ադրբեջանի հատուկջոկատայինները ռազմական պատրաստություն են անցնում Թուրքիայում եւ հետո այդ հմտությունները գործի դնում առաջնագծում։

– Հնարավո՞ր է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ներկայիս լարվածությունը հանգեցնի Լեռնային Ղարաբաղում առճակատման։

– Կարծիքը, թե այս հակամարտությունը միջնորդավորված պատերազմ է աշխարհի հզորների միջեւ, շեղում է ուշադրությունը դրա հիմնական պատասխանատուից։ Բռնությունը գալիս է Ալիեւից եւ նրա ռեժիմից։

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում այս հակամարտության լուծումը։

– Սա տարածքի խնդիր չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարց։ Ժողովրդի կամքը պետք է լսելի լինի, հակառակ դեպքում մենք հետ ենք մղում լուծումը։ Ադրբեջանը սխալ է ներկայացնում աշխարհին այս խնդիրը, ասելով, թե դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտություն է։

– Որքանո՞վ է հավանական, որ Լեռնային Ղարաբաղն անկախանալուց հետո միանա Հայաստանին։

– Պատերազմն սկսվել էր (90-ականների սկզբին) Հայաստանին միանալու պահանջով։ Դա տրամաբանական է։ Պատմականորեն եւ մշակութային առումով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասն է, մենք էթնիկ հայեր ենք, ունենք նույն մենթալիտետը, բացառությամբ, թերեւս, նրանից, որ մենք՝ որպես լեռնցիներ, շատ ավելի համառ ենք։ Մենք անկախ ենք, բայց չնայած ամեն բանի՝ մեզ Հայաստանի մասն ենք համարում։

– Այսպիսով՝ միավորումը ձեր նպատա՞կն է։

– Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու իր ապագան։ Մենք երկու անգամ՝ 1991-ին եւ 2006-ին, հանրաքվեով կողմ ենք արտահայտվել անկախությանը։ Եթե ժողովուրդը հաջորդ անգամ այլ բան որոշի, մենք հավատարիմ կմնանք նաեւ այդ որոշմանը։ Մեր երկրում ժողովրդավարություն է։ Ժողովուրդն է որոշում Լեռնային Ղարաբաղի ապագան։

– Իսկ ինչպե՞ս են Ղարաբաղում արտասահմանյան ներդրումների հարցը լուծում։ Ի՞նչ անել, եթե, օրինակ, Ավստրիան ուզում է ներդրում կատարել ձեր երկրում։

– Օտարերկրյա ներդրումները մեր երկրում տարեկան մեկ շնչին 250 ԱՄՆ դոլար են կազմում։ Մենք միայն բարի գալուստ ենք ձեզ ասում։ Բայց մի մոռացեք, որ այդ դեպքում Ադրբեջանը ձեր երկիրն իր թշնամին է համարելու։

– Եվրապատգամավոր Ֆրանկ էնգելն ուզում է Եվրախորհրդարանին համոզել աջակցել Լեռնային Ղարաբաղին։ Նա ուզում է իր օգնությունը հիմնավորել նրանով, որ մարդիկ վտանգի մեջ են։ Հայ ժողովրդի նկատմամբ մինչեւ հիմա հնարավոր է, որ եւս մեկ ցեղասպանություն իրականացվի, ասում է Էնգելը։ Դա հնարավո՞ր է։

– Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն բավականաչափ իրավական փաստաթղթեր ունի։ Եվրոպան պետք է ավելի ակտիվ լինի։ Մենք Եվրոպայի պաշտոնական սահմանների ներսում չենք, սակայն դրա մի մասն ենք։ Լեռնային Ղարաբաղում Եվրոպան չի ավարտվում, այն սկսվում է այստեղ։ Տեսեք, թե ժողովրդավարությունն ինչ դեր է խաղում մեզ մոտ։ Այն օրը, երբ մենք տոտալիտար պետություն դառնանք, Լեռնային Ղարաբաղն այդ օրը կմահանա։ Ադրբեջանի դեմ մեր պայքարը նման է Դավթի եւ Գողիաթի պայքարին։ Մենք միայն մեկ զենք ունենք. մենք ավելի ազատ ենք եւ ժողովրդավար։ Մենք առաջ ենք շարժվում այն ժամանակ, երբ Ադրբեջանը հակառակ ուղղությամբ է գնում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *