032322120546

Կբարձրացվի ջերմոցների շահութաբերությունը. Ներդրումները կշարունակվեն՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ

Բնակչությանը տարվա մեծ մասը բանջարեղենով ապահովելու համար դեռեւս վաղ գարնանից պետք է սկսել ջերմոցային տնտեսության կազմակերպումը։ Ինչպես Արարատյան դաշտում, այնպես էլ նախալեռնային գոտում լոլիկի, տաքդեղի եւ սմբուկի սածիլները աճեցնում են ինչպես տաքացվող, այնպես էլ արեւային ջերմոցներում ու բաց գրունտում։ Ջերմոցները լինում են մի քանի տեսակ՝ միաթեք գետնափոր, միաթեք վերերկրյա եւ երկթեք։ Հայաստանում առավել տարածված են միաթեք գետնափոր ջերմոցները կենսաբանական տաքացումով։ Տարածված են նաեւ արեւային ջերմոցները։ Մեր երկրում բանջարեղենի եւ մրգի պահանջարկի հիմնական մասը ողջ տարվա ընթացքում ապահովում են ջերմոցային տնտեսությունները։ Ուստի ոլորտում ներդրումներ անելու գրավչությունը կամաց—կամաց մեծանում է, մեծանում է նաեւ շահութաբերությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, 2018թ. փետրվարի 1—ի դրությամբ Հայաստանում շահագործվում է 1220 հա ջերմատուն, որից գրունտային ջերմատների քանակը կազմում է շուրջ 1108 հա, իսկ բարձր տեխնոլոգիաներով մշակվող ջերմատներինը՝ 112 հա։ 2018 թվականին նախատեսվում է կառուցել եւ շահագործել 62 հա բարձր տեխնոլոգիաներով ջերմատներ։
Ջերմատների ընդհանուր քանակության շուրջ 90 տոկոսը գտնվում են Արարատի եւ Արմավիրի մարզերում։
Նշենք, որ 2018 թվականի օպերատիվ տվյալներով՝ շահագործվում է նաեւ շուրջ 4000 հեկտար պոլիէթիլենային թաղանթներով ժամանակավոր ծածկված, չտաքացվող գրունտ։
Կաթիլային համակարգով ոռոգվում է ջերմատների գերակշիռ մասը, իսկ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները՝ ամբողջությամբ։
Ջերմոցային տնտեսությունների արտադրության ընդհանուր ներուժն օպերատիվ տվյալներով կազմում է շուրջ 200 հազ. տոննա։
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ջերմատներում բանջարեղենի (լոլիկ, վարունգ) 1 քմ տարածքից այսօր ստացվում է 45—50 կգ, իսկ սովորական ջերմատներից՝ 8—12 կգ բերք (նոր սորտերի ներդրման դեպքում կարող է հասնել մինչեւ 20 կգ)։ Նախ փորձենք հասկանալ, որքան է այսօր ջերմոցների շահութաբերությունը, կամ որքանով է ջերմոցաշինությունը ներդրումային տեսանկյունից դառնում գրավիչ, հաշվի առնելով վերջին շրջանում ֆերմերների կողմից հնչեցված դժգոհությունները, մասնավորապես գազի բարձր սակագնից, արտադրության ծավալների ոչ բավարար մակարդակից, արտահանման խնդիրներից եւ այլն։
2017թ. Հայաստանի ջերմոցներում արտադրվել է բանջարեղենի ընդհանուր արտադրանքի շուրջ 18 տոկոսը։
Ֆերմերներից մեկի խոսքով, այսօր ջերմոցաշինության ճիշտ ու արդյունավետ կառավարման արդյունքում հնարավոր է մոտ 15 տոկոս շահութաբերություն ապահովել։
«Սպայկա» ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսությունը տարեկան արտադրում է մոտ 15 հազար տոննա լոլիկ եւ վարունգ։ Ընկերության ջերմոցային տնտեսությունն ունի ավելի քան 450 աշխատակից։ Արարատի մարզի Շահումյան համայնքում գտնվող ջերմոցային տնտեսությունում նախատեսում են եւս 20 հեկտար ջերմոց կառուցել եւ ավելացնել արտադրության ծավալները։ Ջերմոցային համալիրը կառուցվել է 2014 թվականին՝ բողկի արտադրության համար։ Ընդամենը մեկ տարի հետո՝ 2015—ին, ջերմոցային համալիրում արտադրված բողկը գրավել է Ռուսաստանի այդ ապրանքատեսակի շուկայի 15—20 տոկոսը։
«Բերք» ՍՊԸ—ի տնօրեն տնտեսավարող Նարինե Խոջոյանը 2013—ից ի վեր ժամանակակից տեխնոլոգիաներ է օգտագործում։ Բերքը մշակվում է թաղանթապատ ջերմատներում եւ բաց գրունտում՝ հիդրոպոնիկ եղանակով։ Ընկերությունն արտադրում եւ տեղական շուկայում իրացնում է համեղ ելակներ, բարձր որակի սածիլներ եւ առաջինը Հայաստանում՝ կապույտ հապալաս։ Նարինե Խոջոյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ թե՛ արտադրության, թե՛ իրացման ծավալներից գոհ է։ Եթե նախկինում դժգոհում էին ներկրված մթերքի հանդեպ մրցակցության անկումից, ապա տնտեսավարողը նման խնդիր չի բարձրացնում։ Թեկուզ փոքր քանակներով, բայց նաեւ արտահանում են։
Ներդրումային ծրագիր է իրականացնում «Մավաս գրուպ» ընկերությունը։ Ծրագրով նախատեսվում է 6.5 հա ընդհանուր մակերեսով ընդլայնել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ընկերության կողմից արդեն կառուցված՝ էկոլոգիապես մաքուր բանջարեղենային կուլտուրաների արտադրության ջերմոցային տնտեսությունը։ Ընդլայնումը հնարավորություն կտա ընկերությանը ոչ միայն մեծացնելու թարմ բանջարեղենի վաճառքի ծավալները հայաստանյան շուկայում, այլեւ արտադրանքն արտահանելու այլ շուկաներ։
«Մավաս գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 2005թ.։ 2008—ից ընկերությունը զբաղվում է լոլիկի եւ վարունգի արտադրությամբ։ Ընկերությունն իր ջերմոցային տնտեսությունը կառուցել է հոլանդական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ վերահսկելու արտադրական բոլոր փուլերը։
«Գրին ֆուդ» ընկերությունը Արթիկի տարածաշրջանում մոտ 3 հա տարածքի վրա՝ ֆրանսիական կոնստրուկցիաներով կառուցված ջերմոցում, աճեցնում է անգլիական «Ալպիոն» սորտի ելակ։
Կաթիլային եղանակով՝ ժամանակակից վերջին տեխնոլոգիաներով գործող ջերմոցում աճեցված ելակը յուրահատուկ է ոչ միայն նրանով, որ անգլիական սորտը ներկրված է Հոլանդիայից, հողին փոխարինում է Շրի Լանկայից ներմուծված կոկոպիտը՝ կոկոսի մազաթելերը, այլեւ Շվեյցարիայից ներմուծվել են մեղուներ՝ բնական միջավայր ստեղծելու նպատակով՝ խուսափելով քիմիական նյութերի օգտագործումից։
Այսպիսով, ստացվում է կենսաբանական մաքուր ելակ։ Նման եղանակով բերքատվության արդյունավետությունն է մեծ՝ մոտ 5 անգամ։
«Գրին ֆուդի» ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը տեղեկացրել է, որ սա ընկերության առաջին նախագիծն է, բայց ցանկություն կա գործունեությունն ընդլայնելու, իսկ թե ինչպես՝ ցույց կտան առաջին բերքահավաքը եւ վաճառքի քանակը։
«Տեղում սպառվելու է բերքի մոտ մեկ երրորդը, հիմնականում արտահանումը կլինի արտերկիր՝ մեծ քանակությամբ ՌԴ»,–նշել է պատասխանատուն։ Ջերմոցն այժմ ունի 11 աշխատակից, առաջիկայում աշխատողների թիվը կավելանա։
Պետության կողմից ջերմոցային տնտեսությունների գործունեությունն ու շահավետությունը մեծացնելու նպատակով արդեն որոշ գործընթացներ են իրականացվել։
ՀՀ—ում ջերմոցային կոնստրուկցիաների եւ ջերմատնային տնտեսություններում օգտագործվող մի շարք նյութերի ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից։ Ջերմատնային տնտեսություններ հիմնող տնտեսավարողները օգտվում են ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 4—ի «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման հնարավորությունից։
ՀՀ գյուղնախարարությունից տեղեկացանք, որ կառավարության կողմից մշակվել են ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմմանն ուղղված միջոցառումներ, որով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սակագները։

Ջերմոցներ՝ նաեւ դպրոցներին կից

Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու նպատակով նախատեսվում է նաեւ դպրոցներին կից ջերմատներ կառուցել։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Հայաստանում ՄԱԿ—ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն դեկտեմբերի 12—ին ստորագրել են «Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը եւ սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրային փաստաթուղթը։
Ծրագրի իրագործման համար Ռուսաստանի Դաշնությունը 1 միլիոն 400 հազար դոլար է տրամադրել, որից 60 տոկոսից ավելին կուղղվի ծրագրի իրագործմանը, մնացածը՝ վերապատրաստման եւ տեխնիկական աջակցության աշխատանքներին։ «Ջերմատները կառավարելու իրավունքը կտրվի տվյալ դպրոցին, եւ այդ դպրոցներում արտադրված բանջարեղենը կամ այլ գյուղատնտեսական մշակաբույսը կօգտագործվի հենց դպրոցականների սննդի ուղղությամբ։ Ծրագիրը դեռեւս փորձնական է, այն 2018 թվականին կիրականացվի մարզային երեք դպրոցներում»,—ասել է նախարարը։
Ծրագիրն իրագործվելու է երկու բաղադրիչով։ Առաջին. դպրոցներին կից կկառուցվեն փոքր, միջին եւ մեծ ջերմոցներ՝ հասկանալու համար դրանց արդյունավետությունը։ Արդյունքում լավագույն մոդելը կկիրառվի նաեւ այլ դպրոցներում։
Այս ծրագրի երկրորդ բաղադրիչը գյուղերում սոցիալ—անապահով խավի զբաղվածության կազմակերպումն է։ Դա կարող է լինել ուղղակի գումարի տրամադրում սոցիալապես անապահով բնակչությանը կամ որեւէ ընտանիքի, բայց պայմանը լինելու է հետեւյալը, որ այն ընտանիքը, որը կհամաձայնի մասնակցել այս ծրագրի իրագործմանը, ծրագրի ավարտից հետո պետք է դուրս գա սոցիալ—անապահով ընտանիքի ցուցակից։ Իրենց համար նախատեսված է ֆինանսական աջակցություն, վերապատրաստում, ուսուցում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *