Կինը կարող է առաջնորդ լինել նաեւ բիզնեսում. սա վկայում է հասարակության մեջ կանանց դերի մեծացման մասին

Հայաստանում արդեն վաղուց նորություն չէ, երբ այս կամ այն բիզնեսում առաջնորդողը կին է կամ հենց նրա անմիջական մասնակցությամբ է զարկ տրվում գործարարությանը։ Տարիներ ի վեր ձեռնարկատիրական ոլորտում գերակշռող մեծամասնությունը բաժին է ընկել տղամարդկանց, կանայք ավելի շատ հակված են եղել իրենց առաքելությունն ու պոտենցիալը դրսեւորելու ընտանիքում կամ տնային տնտեսություն վարելիս։ Այսօր արդեն կարելի է նկատել, որ տնտեսության որոշ ոլորտներում կանանց ներգրավվածությունը սկսել է գերազանցել տղամարդկանց։ Օրինակ՝ տուրիզմի, տեքստիլ արտադրության եւ հացաբուլկեղենի արտադրության ոլորտներում ձեռնարկատիրական գործունեությամբ առավել աչքի են ընկնում կանայք։ Սա միտում է այն բանի, որ վերջին տարիներին շատ է խոսվում հասարակության մեջ կանանց դերի մեծացման մասին։ Ասածիս վառ վկայությունն է նրանց առկայությունը օրենսդիր եւ գործադիր մարմիններում։ Կանանց ձեռնարկատիրության զարգացման առաջին դրսեւորումները մեզանում ի հայտ են եկել դեռեւս 2000–ականներից։

3

Եթե տարիներ առաջ կար շուրջ 1000 կին ձեռներեց, ապա այժմ նրանց թիվը բավական աճել է, սակայն դժվար է վիճակագրական տվյալներ ներկայացնել այն մասին, թե կանանց կողմից ղեկավարվող քանի բիզնես է Հայաստանում գործում, քանի որ շատ գրանցված ձեռնարկատիրություններ չեն գործում եւ լուծարման եզրին են։ 2013 թ. մարտից Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, որն իրականացնում է գերմանական «Փեմ-Քընսալթ» ընկերությունը՝ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հետ սերտ գործակցությամբ։

Այս նախագծում մասնավորապես ընդգծված են գենդերային նախագծերի ֆինանսավորման, կանանց ՓՄՁ-ների, ինչպես նաեւ կանանց վարկավորման ծրագրերի մեծացման հարցերը։ Աջակցության ծրագրերից մեկն էլ «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրն է, որն իրականացնում է գերմանական «Փեմ-Քընսալթ» ընկերությունը՝ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) հետ սերտ գործակցությամբ։ Ծրագրին նախկինում եւս անդրադաձել ենք, սակայն այն արդեն ավարտվում է, եւ կան որոշ արդյունքներ։

Ծրագրի պատասխանատու Գոհար Ղաբուզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում երկու լայնամասշտաբ ուսումնասիրություններ են իրականացվել կին գործարարների կարիքների վերաբերյալ, որոնց մասնակցել է մոտ 1500 կին գործարար ինչպես մարզերից, այնպես էլ Երեւանից։ «Կին գործարարների կարիքները նման են տղամարդկանց կարիքներին։ Դրանք հիմնականում նոր շուկաների հայտնաբերումն ու մատչելի ֆինանսական միջոցների ներգրավումն են։ Նաեւ կանայք նշել են, որ շատ օգտակար կլիներ բարձրացնել ներգրավվածությունը գործարար ցանցերում։

Բացահայտելով այս կարիքը՝ մենք փորձել ենք որոշակի գործիքների միջոցով նպաստել կանանց միջեւ կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը։ Նաեւ ուրախ եմ նշել, որ Հայաստանում արդեն իսկ կան կին գործարարների որոշակի ցանցեր, ասոցիացիաներ, որոնց անդամակցումը կանանց համար շահավետ է»,–ասաց Գ. Ղաբուզյանը։ Ծրագրի նպատակն է բարելավել կանանց ձեռնարկատիրական կարողությունները եւ բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը կին գործարարների համար։

main20151119_7

Ծրագրի շրջանակում 2013 թ. հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել է կին ձեռներեցների կարիքների գնահատմանն ուղղված ուսումնասիրություն, ինչպես նաեւ մշակվել է Հայաստանում կանանց ձեռներեցության զարգացմանն ուղղված ռազմավարությունը։

Առհասարակ, ծրագրի շահառուներ կարող են դառնալ այն կանայք, ովքեր ունեն մրցունակ բիզնես ծրագիր, իսկ սեփական մտահղացումները իրականացնելու համար պետք է շուկան լավ պատկերացնեն, կարողանան գրագետ հաշվել ինքնարժեքը, անեն ճշգրիտ ֆինանսական կանխատեսումներ, հստակ պատկերացնեն իրենց շահույթը եւ այլն։ Այդ բիզնես պլանի հիման վրա նրանք կարող են նաեւ ֆինանսական աջակցություն ստանալ ՓՄՁ ԶԱԿ—ի սկսնակ գործարարների աջակցության մեխանիզմով։

«Ծրագիրն ընդհանուր առմամբ ինֆորմացիա է տրամադրում ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների եւ այդ ուղղությամբ գործող ծրագրերի մասին։ Մենք նրանց տեղեկացնում ենք, որ կարող են իրենց սեփական բիզնեսը ստեղծել, ինչը կարող է շահավետ լինել թե՛ իրենց, թե՛ ընդհանուր երկրի տնտեսության համար։ Մինչեւ այսօր հանդիպել եւ խոսել ենք բազմաթիվ կանանց հետ, որոնցից շատերին բազմաբնույթ աջակցություն ենք ցուցաբերել»,–տեղեկացրեց ծրագրի պատասխանատուն։

Այսօր որքան էլ խոսվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում կանանց առաջխաղացման մասին, այդուհանդերձ նրանք ոլորտում դեռ ոչ մեծ տոկոս են կազմում։ Փորձագիտական գնահատականներով կանանց մասնակցությունը բիզնեսում կազմում է 12—13 տոկոս։ «Հաշվի առնելով, որ կանանց տեսակարար կշիռը բնակչության կազմում 50 տոկոսից ավելի է, սա շատ փոքր ցուցանիշ է։ Նշանակում է՝ մենք ունենք կանանց ձեռներեցության զարգացման մեծ ներուժ Հայաստանում։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ պատճառը որեւէ խտրական վերաբերմունքը կամ հնարավորությունների սահմանափակումը չէ, այլ պարզապես մեր կանայք նախընտրում են իրենց ժամանակն ու ջանքերը նվիրել երեխաներին եւ ընտանիքին։ Նույնիսկ կարող ենք նկատել, որ գործարար կանայք իրենց բիզնեսին էլ վերաբերվում են երեխայի նման՝ սիրում, փայփայում ու մեծացնում են՝ անհավանական ջանքեր ներդնելով»,–ասում է Գոհար Ղաբուզյանը։

Եթե տղամարդկանց համար բիզնեսը եկամուտ վաստակելու, սեփական գաղափարներն իրականացնելու, ժամանակի ազատ տնօրինման եւ սոցիալական կարգավիճակի բարձրացման նպատակներ է հետապնդում, ապա, ըստ զրուցակցիս, կանայք շարունակում են իրենց բիզնես գործունեությունը, որովհետեւ սիրում են իրենց գործը եւ ձգտում եմ հասնել հաջողությունների։

Նշենք, որ Ասիական զարգացման բանկի եւ կենտրոնի հետ համատեղ անցկացվել էր հետազոտություն, պարզելու համար, թե առհասարակ ի՞նչ խնդիրներ ունեն կին ձեռներեցները։ Արդյունքում պարզվել էր, որ հատուկ խոչընդոտներ կանանց համար չկան, եւ նույն հավասար պայմաններն են երկու սեռերի դեպքում էլ։ Խտրական վերաբերմունք գործընկերների եւ ֆինանսական կառույցների կողմից եւս չկան կանանց նկատմամբ։ Կանանց պատրաստակամությունն է ցածր բիզնես սկսելու գործում։ «Կանայք երբեւէ չեն հանդիպել որեւէ խտրական վերաբերմունքի կամ սահմանափակումների իրենց բիզնեսը վարելու ընթացքում։

1414050430,1083

Այստեղ միակ խնդիրը ընտանիքի եւ բիզնեսի համադրումն է։ Կինն ավանդաբար շատ ժամանակ է ծախսում տնային տնտեսության եւ երեխայի խնամքի ուղղությամբ։ Սա մեր ազգային առանձնահատկությունն է եւ նաեւ կարեւոր ուժերից մեկը։ Դժվար է գերագնահատել հայ կնոջ դերը ընտանիքում։ Գիտակցելով սրա կարեւորությունը՝ կանայք բիզնես սկսելիս շատ զգուշորեն են վերաբերվում ընտանիքից ժամանակ խլելու եւ բիզնես գործունեությանը տրամադրելու գաղափարին։ Սա է միակ դժվարությունը, որը գործարար կանայք պատվով հաղթահարում են տարիներ շարունակ»,–խոստովանում է Գոհար Ղաբուզյանը։

Նշենք, որ կանանց ձեռնարկատիրության խթանման այս ծրագիրը մեկնարկել է 2013—ի մարտին եւ ավարտվելու է 2015-ի դեկտեմբերին։ Այս ժամանակահատվածում կանանց համար անցկացվել են սկսնակ գործարարների ուսուցողական ծրագրեր։ Կանանց բիզնեսում ներգրավելու առումով բավական օգտակար են եղել դերային մոդելների բացահայտումն ու տարածումը, հաջողված կին գործարարների պատմությունների վերհանման եւ ներկայացման միջոցով ծրագրի շրջանակներում 20-ից ավելի հաջողակ կին գործարարների պատմություններ են վերհանվել եւ ներկայացվել կանանց։

Ինչպես պատմում է ծրագրի պատասխանատուն, իրականացվել է սկսնակ գործարարների աջակցության 20 ծրագիր, որոնցից 3-ը՝ Երեւանում, մնացածը՝ մարզերում։ Ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարները մասնակցել են գործարար հատկանիշների ու հմտությունների զարգացման եւ բիզնեսի վարման գիտելիքների խթանմանն ուղղված մեկամսյա դասընթացի, այնուհետեւ՝ ձեռք բերել հնարավորություն ՓՄՁ ԶԱԿ—ի կողմից ստանալու ֆինանսական աջակցություն՝ իրենց բիզնեսը սկսելու համար։ Այս ծրագրին մասնակցել են 400 սկսնակ գործարարներ, որոնցից 203-ը (51 տոկոս) կանայք են։

maral

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մասնակիցներից, ընդհանուր առմամբ, մոտ 250 սկսնակ գործարարներ ստացել են ֆինանսական աջակցություն։

«Կին գործարարների համար կազմակերպվել են նաեւ նեղ մասնագիտական դասընթացներ՝ ելնելով բացահայտված կարիքներից, օրինակ՝ ֆինանսական գրագիտության եւ համակարգչային գրագիտության դասընթացներ։Նաեւ մեկնարկել ենք մենթորության ծրագիր, որի շրջանակներում առավել հաջողակ եւ փորձառու կին գործարարները 6-ամսյա ժամկետում աջակցություն են ցուցաբերել եւ իրենց խորհուրդներով ու փորձով օգնել սկսնակ կին գործարարներին»,–նշեց Գ. Ղաբուզյանը։

Իրականացվել է նաեւ կին ձեռներեցների տեղեկացվածության բարձրացմանն ուղղված 9 արշավ տարբեր մարզերում, ինչի շնորհիվ կանայք տեղեկացել են Հայաստանում գործող աջակցման ծրագրերի եւ գործարար ծառայությունների մասին, ծանոթացել հաջողակ կին գործարարների փորձին իրենց մարզից եւ Երեւանից։ «Այս միջոցառումները կարեւոր են ոչ միայն տեղեկացվածության բարձրացման, այլեւ կանանց խրախուսելու առումով»,–վստահեցրեց զրուցակիցս։ Ծրագրի բոլոր միջոցառումների ճնշող մեծամասնությունն իրականացվել է մարզերում։ Օրինակ՝ սկսնակ գործարարների 20 ծրագրերից 17-ը կամ 9 տեղեկատվական արշավներից 8—ը կայացել են հենց մարզերում։ Ոլորտային սահմանափակումներ չեն եղել։ «Ծրագիրն ավարտվում է 2015—ի վերջին, սակայն կարեւոր է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը, որը հիմնական իրականացնող կառույց է, մնում է մեր կին գործարարների կողքին եւ շարունակում է աջակցություն ցուցաբերել նրանց։ Ի վերջո՝ բոլոր այն ծրագրերը, որոնք օժանդակում են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատերերի զարգացմանը, հավասարապես կարող են օգտակար լինել նաեւ կին գործարարներին»,–ասաց ծրագրի պատասխանատու Գոհար Ղաբուզյանը։

Կենտրոնը կանանց համար իրականացնում է սկսնակ գործարարների ուսուցողական ծրագրեր։ Դրանց մասնակցելով՝ կին ձեռներեցները սովորում են գործարար ծրագիր կազմել, ավելի արդյունավետ բիզնես վարել։ Հանձնաժողովի հավանությանն արժանացած լավագույն գործարար ծրագրերն էլ ֆինանսավորվում են Հայաստանում առկա ամենամրցակցային պայմաններով՝ տարեկան 10% տոկոսադրույքով, մինչեւ 5 տարի մարման ժամկետով, մինչեւ 5 միլիոն դրամ՝ առանց գրավի։

Ըստ Գոհար Ղաբուզյանի, քանի որ կին ձեռնարկատերերի ներուժը ոչ բավարար չափով է մեր երկրում օգտագործվում, եւ նրանց տեսակարար կշիռը բավական ցածր է ընդհանուր գործարարության մեջ, ուստի անհրաժեշտ է նրանց գործարարության խթանումը եւս։

«Ծրագիրն ընդհանուր առմամբ ինֆորմացիա է տրամադրում, ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների եւ այդ ուղղությամբ գործող ծրագրերի մասին։ Մենք նրանց տեղեկացնում ենք, որ իրենք եւս կարող են իրենց սեփական բիզնեսը ստեղծել, ինչը կարող է շահավետ լինել թե իրենց, թե ընդհանուր երկրի տնտեսության համար։ Ծրագրի շրջանակներում խթանվում են այն բիզնեսները, որում զբաղված կանանց թիվը բավական մեծ տոկոս է կազմում, որտեղ թեեւ նրանք չեն զբաղվում ձեռնարկատիրությամբ, սակայն տնտեսական հզորացման բաղադրիչ են պարունակում»,–նշեց ծրագրի համակարգողը։ Նշենք, որ նախորդ տարվա ամռանից հետազոտություն է իրականացվել Ասիական զարգացման բանկի եւ կենտրոնի կողմից համատեղ, պարզելու համար, թե առհասարակ ի՞նչ խնդիրներ ունեն կին ձեռներեցները։

«Բարեբախտաբար այդ հետազոտությունը ցույց տվեց, որ հատուկ խոչընդոտներ կանանց համար չկան եւ նույն հավասար պայմաններն են երկու սեռերի դեպքում էլ։ Խտրական վերաբերմունք գործընկերների եւ ֆինանսական կառույցների կողմից եւս չկան կանանց նկատմամբ։ Կանանց պատրաստակամությունն է ցածր բիզնես սկսելու գործում, ուստի մենք պլանավորել ենք նրանց շրջանում տեղեկատվական արշավներ կազմակերպել եւ կիսել հաջողված կին ձեռներեցների փորձը։ Դա հնարավորություն կտա բացելու նրանց տեսադաշտը սեփական բիզնեսը սկսելու գործում, ինչը ե՛ւ եկամտի աղբյուր է, ե՛ւ աշխատաուժի ստեղծման խթան, ե՛ւ նոր ծառայությունների մատուցման հնարավորություն։ Պարզապես միակ խոչընդոտն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք նաեւ տան եւ կենցաղային հոգսերը կրողն են եւ ի վիճակի չեն բիզնեսին առավել երկար ժամանակ հատկացնել, ինչը բացասաբար է ազդում գործարար կապերի ստեղծման եւ բիզնեսի կառավարման տեսանկյունից»,–ասաց զրուցակիցս։

Հարցմանը ընդհանուր առմամբ մասնակցել է 700 կին։ Ծրագրի առաջին բաղադրիչը սկսնակ կին գործարարներին աջակցելն է, որը ներառում է դասընթացների եւ խորհրդատվության իրականացում, բիզնեսի մշակում եւ պլանավորում, ֆինանսական աջակցության ուղղորդում։ Ծրագրին արդեն մասնակցել է 135 հոգի, որոնցից 75-ը ստացել է ֆինանսական աջակցություն։ Նրանց 50 տոկոսն ի դեպ եղել են կին ձեռներեցներ։ Ինչպես տեղեկացրեց Գոհար Ղաբուզյանը, տղամարդիկ նույնպես կարող են ծրագրին մասնակցել, սակայն բոլոր ծրագրերում իրենց թիրախը կանանց՝ գոնե 50 տոկոսի վարկավորման եւ աջակցության ապահովումն է։ Մինչ օրս իրականացվել է 7 ծրագիր, մեկը՝ մայրաքաղաքում, մնացածը՝ մարզերում։ Հիմնականում խրախուսվում են արտադրության ոլորտներն ու նորարարությունները։

Նշենք, որ կանանց ձեռներեցության զարգացմամբ զբաղվում է նաեւ Հայաստանի գործարարների հանրապետական միությունը, որը արդեն մի քանի անգամ Հայաստանում կազմակերպել է համապատասխան կոնֆերանսներ։ Կանանց ձեռնարկատիրության զարգացումը համարելով կարեւոր ուղղություն ընդհանուր ՓՄՁ զարգացման համատեքստում, միության ղեկավար Գագիկ Մակարյանը կարծում է, որ կանանց հնարավորությունները բիզնեսում նույնքան մեծ են, որքան տղամարդկանցը։ Մեզ հետ զրույցում նա կիսեց այն կարծիքը, որ կանանց ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտում են հասարակության մեջ դեռ առկա գենդերային կարծրատիպերը, որոնք զգալի են հատկապես մարզերում.

«Կանայք իրենց հատկացնում են երկրորդական դեր։ Նրանք այսօր ունեն ինֆորմացիայի եւ ժամանակի պակաս, բիզնես խորհրդատվության կարիք»։ Կատարված հարցումները ցույց են տվել, որ ձեռնարկատիրության ոլորտում կանայք առաջնային խնդիր են համարում գանձվող հարկերը եւ տուրքերը, ինչը, ըստ Գ. Մակարյանի, բավական մտահոգիչ է։ Սակայն կանանց հաջողությունների հավանականությունը բիզնեսում, ըստ նրա, ավելի մեծ է, քանի որ նրանք ավելի ազնիվ են, ավելի կրթված, զգուշավոր եւ ի տարբերություն տղամարդկանց չեն օգտագործում ոչ ֆորմալ կապեր. «Կանանց անհանգստացնում են նաեւ ֆինանսական, արտադրանքի իրացման, արտահանման եւ ներմուծման, աշխատուժի հետ կապված հարցերը։

Սակայն անհերքելի է, որ առկա բարեփոխումները կարողացել են որոշակիորեն անդրադառնալ կանանց ձեռնարկատիրության զարգացման վրա»։ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ, կանանց մեծ մասը փորձառություն եւ գիտելիք, փաստաթղթերի հետ աշխատելու մշակույթ ձեռք է բերել պետական կառույցներում աշխատելու տարիներին, եւ կանայք այսօր հիմնականում ներառված են փոքր արտադրության ոլորտներում, ինչը սակայն ընդլայնել է պետք։ 

Լյով ԳԵՎՈՐԳՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *