f55c4caa0640ae_55c4caa06448d.thumb

Կինը հայոց ավանդական ընտանիքում. (Ըստ սասունցիների ազգագրական սովորույթների)

Աղջիկներին հարսնության էին նախապատրաստում որոշակի վարքականոնների համաձայն. լինել աշխատասեր` «հարսը պարապ չի մնա», առանց մոր կամ տանտիկնոջ իմացության որեւէ տեղ չգնալ, միշտ լինել պատրաստակամ հանձնարարականների կատարմանը, պահպանել չխոսկանության, խուսափման սովորությունները: Մինչեւ հարս գնալը աղջիկը որքան շատ հմտացած լիներ տնային գործերում, որքան շատ բան իմանար ու սովորեր, այնքան լավ համարում կունենար: Հարսն էլ իր հերթին իր հաջորդին էր ավանդում այն, ինչ սովորել էր մորից եւ մյուս կանանցից: Այսպիսով, իր հայրական տանը աղջիկը ստանում էր այնպիսի դաստիարակություն, որն ապահովեր նահապետական ընտանիքի ավանդական նորմերը:

Նա հենց իրենց տանը եղած հարսների օրինակով արդեն որոշակիորեն պատկերացնում էր իր անելիքներն ու պարտականությունները հարս գնալուց հետո: Նա երբեւէ չէր դժգոհում տիրող, օրենքի ուժ ստացած սովորույթներից, որոնք խոր արմատներ էին գցել կենցաղում ու հոգեբանության մեջ: Բանագետ Ա. Սահակյանը պատմեց, որ իր մայրը` Ցողինար Սարգսյանն իրեն հետեւյալ խրատն է տվել. «Աղջիկը հոր տանը կծկած կծիկ է, կեսրանց տանը հոր տան կծիկը կքանդեն, նորից կկծկեն, պիտի դիմանաս, քանի անգամ էլ կծկեն,- ապա շարունակել է,- աղջկա հերն ու մերը կեսրանց տան դռան հետեւը դրած են, ինչքան էլ վատաբանեն ու հայհոյեն, դու դիմացի:
Աղջկա հերն ու մերը հիմի կեսուրն ու կեսրարն են»: Ըստ երեւույթին, նաեւ սրանով են պայմանավորված եղել վաղ տարիքի ամուսնությունները, որոնք լիովին համապատասխանել են նահապետական գերդաստանի պահանջներին` ոչ միայն աշխատող ձեռքերի պակասը լրացնել, այլեւ հլու, հնազանդ հարս ունենալ:
Աղջիկներից պահանջվում էր հարգանք եւ հնազանդություն մեծերի, իսկ հետագայում ամուսնու եւ նրա տան անդամների հանդեպ: Այս շրջանում ծնողները սկսում էին հատուկ ուշադրություն դարձնել աղջկա հագուստին ու զարդարանքին, քանի որ նա արդեն հարսնացու էր համարվում: Մինչամուսնական շրջանի սահմանափակումները յուրովի էին արտացոլում արբունքի հասած աղջկա ու ընտանիքի փոխհարաբերությունը: Դրանց նպատակը աղջկա մասնակի մեկուսացումն էր արտաքին աշխարհից: 12-13 տարեկանում նա ամուսնության համար հասունացած էր համարվում, ուստի պետք է հրաժեշտ տար իր մանկական նախասիրություններին:
Ժողովրդական խաղիկները եւ չափածո այլ ստեղծագործություններ վկայում են, որ մայրը աղջկան փոքր տարիքից սկսած գործնական եւ օգտակար խորհուրդներով նախապատրաստում էր իր կյանքի ամենանշանավոր իրադարձությանը` հարսանիքին: Օրիորդի շնորհքի, տնարարության ու գեղեցկության համբավի տարածումը ավելի կհեշտացներ նրա ժամանակին ու «շահավետ» ամուսնությանը:

Ամուսնական ծիսաշարի սկզբնական փուլից` աղջիկտեսից սկսած, մանկամարդ աղջկա վարքագիծը կտրուկ փոխվում էր: Նրան այլեւս արգելվում էր խաղալ տարեկիցների հետ, հաճախակի երեւալ հասարակության մեջ: Նշանած աղջիկն օրվա մեծ մասն անցկացնում էր կանանց եւ իր դիրքի աղջիկների ու հարսների շրջապատում: Նշանդրեքի ողջ ծիսակարգի ընթացքում աղջիկը մարդկանց մեջ էր դուրս գալիս տարեց անձանց ցանկությամբ ու պահանջով միայն եւ այդ դեպքում էլ ներկայանում էր հուշիկ ու անձայն` ջանալով ըստ ամենայնի պարկեշտ, հեզ եւ խոնարհ երեւալ ապագա ամուսնուն ու նրա հարազատներին: Անհանդուրժելի արարք էր համարվում, եթե հարսը նստեր ավագների ներկայությամբ, մնար տղամարդկանց ու տարեց կանանց շրջապատում, նայեր նրանց դեմքերին, կերակրեր երեխային ուրիշների ներկայությամբ ու առանց սկեսրոջ հրամանի եւ այլն: Նորահարսի առաջին տարվա գործունեությունը սահմանափակվում էր տնային տնտեսության նեղ շրջանակներում: Նորահարսը իրավունք չուներ ճաշ եփելու, հաց թխելու, խմոր հունցելու, տան շերեփը վերցնելու ձեռքը, առանց սկեսրոջը հարցնելու մառան մտնելու կամ որեւէ բան տալու հարեւանին: Դա ամենամեծ հարսի իրավունքն էր: Նա նաեւ չէր մասնակցում դաշտային աշխատանքներին:

Նահապետական հայ ընտանիքում գործում էր աշխատանքի սեռատարիքային բաժանման հստակ համակարգ: Տնտեսության հիմնական ճյուղերը` երկրագործությունն ու անասնապահությունը, վարում էին տղամարդիկ, իսկ կանանց պարտավորությունների մեջ մտնում էին տնային տնտեսության վարումը, գյուղատնտեսական հումքի մշակումը, տեսակավորումը, պահեստավորումը. այստեղից էլ` «Տղամարդը դրսի պատ է, կինը` ներսի» ասացվածքը:
Սրա հետ է կապված այն սովորույթը, որ երբ տղա էր ծնվում, պորտալարը գցում էին դուրս` եկեղեցու բակը կամ գոմը, իսկ աղջկա դեպքում դնում էին տան ներսի պատի ճեղքում, որպեսզի նա լավ տնտեսուհի դառնար:
Նորահարսին խիստ սակավ էին դուրս թողնում եւ այն էլ սկեսրոջ կամ մեծ հարսի ուղեկցությամբ: Երիտասարդ կինը այնքան էր սահմանափակված, որ նույնիսկ նրա շարժուձեւը աննկատ չէր մնում: Հարսի մեկ համարձակ նայվածքը, մի բառը օտար տղամարդու հետ իսկույն բամբասանքի առարկա էին դառնում:

Նահապետական ընտանիքում կանանց փոխհարաբերությունները հիերարխիկ բնույթի էին. ամենաստորին աստիճանին գտնվում էր նորահարսը, ամենավերին աստիճանին` սկեսուր-տանտիկինը` Մեծ նանեն: Ըստ այդ աստիճանակարգության էլ որոշվում էր կանանց դերն ու տեղը ընտանիքում: Մեծ տիկինը գերդաստանի լիիրավ տիրուհին էր եւ բաժանում էր աշխատանքը կանանց ու հարսների միջեւ: Նա գլխավոր կենտրոնն էր, որի շուրջը համախմբվում էր ամբողջ ընտանիքը: Տանտեր նահապետը չէր խառնվում նրա գործերին: Առանց տանտիկնոջ թույլտվության ոչ ոք ոչինչ չէր կարող նախաձեռնել:
Նրա ձեռքում էին գտնվում մառանի բանալիները: Նա էր հացավորողը, նրա ձեռքի շերեփը իրավունքի խորհրդանիշն էր. սովորույթ, որը լայնորեն տարածված էր հյուսիսկովկասյան ժողովուրդների շրջանում: Նահապետի կնոջը կարող էր փոխարինել մեծ հարսը, որին սկեսուրը դեռ իր կենդանության օրոք նախապատրաստում էր այդ դերին: Երկրորդ հարսը օգնում էր գորգ, կարպետ գործելուն, երրորդը լվացք էր անում, զբաղվում տան ու բակի մաքրությամբ եւ այլն: Ամենավատ դրության մեջ գտնվում էր տան փոքր հարսը, որն արթնանում էր ամենաառաջինն ու անկողին մտնում ամենաուշը: Ուշագրավ է, որ փոքր հարսը կատարում էր տնային գործեր, լվացք անում, բայց իրավունք չուներ լվալու իր ամուսնու հագուստները, սեղան էր գցում, սակայն դարձյալ իրավունք չուներ ճաշ մատուցելու ամուսնուն. դրանք տան ավագ հարսների իրավասության մեջ էին: Տան մեծ հարսը, ըստ մեր գրառած նյութերի, աշխատանքից հոգնած վերադարձած տեգրերի նկատմամբ նրանց կանանց օգնությամբ հատուկ խնամք ու հոգատարություն էր դրսեւորում. եթե հիվանդ էին լինում, անգամ տաշտն էր դնում, լողացնում, տեղավորում անկողնում: Կարեւոր եւ պատասխանատու աշխատանքները կատարում էին տարիքավոր, մի քանի զավակների տեր կանայք, օրինակ` հաց թխելը, իսկ հարսներն ու աղջիկները նրանց օգնականներն էին: Այս հարցին առանձին ուսումնասիրությամբ անդրադարձել է ազգագրագետ Ա. Սարգսյանը:

ՌԱՖԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *