Կյանքից հեռացել է հայկական արմատներով լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Լեհաստանում կյանքից հեռացել է հայկական արմատներով լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

Այդ կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է. «Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց կատարումներով հանդես էին գալիս հայտնի նվագախմբեր և մենակատարներ: Դրա վառ վկայություններն են բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակները և պետական ու հանրային մակարդակով դրսևորված գնահատանքը:

Տաղանդաշատ ստեղծագործողը սերտ կապեր էր պահպանում իր նախնիների հայրենիքի` Հայաստանի հետ և տարբեր առիթներով այցելում: Նրա ներդրումը համաշխահային երաժշտարվեստին մշտապես հավուր պատշաճի գնահատվել է նաև Հայաստանում:
Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»:

ՕՐԵՐ.am

2016-ին Քշիշտոֆ Պենդերեցկին բացառիկ հարցազրույց էր տվել մեր ամսագրին, եւ առաջին անգամ խոսել էր նաեւ իր հայ տատիկի մասին՝ Եվգենիա Շիլկեւիչի մասին։ Առաջին անգամ տպագրել էինք նաեւ իր տատիկի լուսանկարը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա տիկնոջը՝ Էլիժբետա Պենդերեցկայային։

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933-ի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Հայրական տատը՝ Եվեգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի։ Կոմպոզիցիա է ուսանել Կրակովի կոնսերվատորիայում, ավարտել է 1958 թ. եւ նույն կոնսերվատորիայում դասախոսել է։ 1966–1968 թթ. դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1972 թ. նշանակվել է Կրակովի կոնսերվատորիայի ռեկտոր։ Միջազգային մակարդակով նրա առաջին հրապարակային ելույթը կայացել է 1959 թ. Վարշավայի Աշնանային փառատոնում, որտեղ կատարել է Strophen-ի՝ երեք ստեղծագործություններից մեկը, որի համար ազգային երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ 1959 թ. գրել է հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի համար։ Այս երկը նրա ամենից հայտնի և առավել հաճախ կատարվող գործերից է, արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին։ 1966 թ. գրել է իր առաջին խոշոր աշխատանքը։ ՙՉարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասին՚՚ ի նշանավորումն Մյունսթերի Մայր տաճարի 700-ամյակի։Պրեմիերան բեկումնային է դարձել Պենդերեցկու կարիերայում՝ նրան դարձնելով ամենից ականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո։ Հաջորդ տարի գրել է մեկ այլ խոշոր երգչախմբային աշխատանքª Dies Irae-ն։ 1968-1969 թթ. նա գրել է իր առաջին օպերան՝ ՙԼուդունի դևերը՚։
Ուտրենյա գործից հետո 1970 թ. ՄԱԿ-ի համար գրել է Կոսմոգոնիա կանտատը,1971 թ.ին։ Natura sonoris թիվ 2 ստեղծագործությունը։ 1972 թ.-ից սկսել է իր դիրիժորական կարիերան՝ հանդես գալով աշխարհի կարևորագույն նվագախմբերի հետ։ 1972–1978 թթ. եղել է Յեյլի համալսարանի երաժշտության պրոֆեսոր։ 1973 թ. ավարտել է իր Սիմֆոնիա թիվ 1 և Canticum Canticorum Salomonis ստեղ-ծագործությունները։ Գրել է Magnificat- ի նշանավորումն Զալցբուրգի Մայր տաճարի 1200-ամյակի։ Վյուրտեմբերգի ռադիոյի և պետական թատրոնի պատվերով գրել է Լեհական ռեքվիեմը։ Նրա ՙՍև դիմակ՚ օպերայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1986 թ. Զալցբուրգի փառատոնում։ 1988 թ. նա ստացել է Գրեմի մրցանակ Թիվ 2 թավջութակի կոնցերտի համար։ ՙՈւբու արքան՚ օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1991 թ. Մյունխենում։ 1996 թ.ին ավարտել է ՙԵրուսաղեմի յոթ դարպասները՚, որով էլ 1997-ին եզրափակել են Երուսաղեմի 3000-ամյակի տոնակատարությունները։ Նույն թվին արժանացել է Բյուրեղյա մրցանակի Դավոսում։ 1999-ին ստացել է երկու Գրեմի մրցանակ՝ Լավագույն ժամանակակից դասական կոմպոզիցիայի համար, 2000-ին՝ ՙԼավագույն ապրող կոմպոզիտոր՚ մրցանակը Կաննի երաժշտական միջազգային շուկայում։ The Guardian-ը նրան անվանել է լեհ ժամանակակից մեծագույն կոմպոզիտոր։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *